Զինվորական Կարեն Ջալավյանի (Քյոխ) անունից կեղծ կոչեր են տարածվում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը տարածում են գրառում Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանի (Քյոխ) անունից, որում նա իբր կոչով դիմել է ողջ ազգին։

«Քյոխը շտшպ դիմում է пղջ ազգին․ Որպես զինվորական՝ ժողովրդից պшհանջում եմ, որ․․․ Շտապ տեղեկшցեք հայե՜ր»,- նշված է գրառման մեջ։

Գրառումը թյուր տպավորություն է ստեղծում, թե հրատապ իրավիճակ է, և այդ պատճառով զինվորականը դիմում է ողջ ազգին։ Սակայն այդպիսի կոչ չի եղել։

Ինչպե՞ս և ինչո՞ւ է տարածվում կեղծ գրառումը

Գրառումը շրջանառվում է ֆեյսբուքում 80 հազար հետևորդ ունեցող «Մայր Հայաստան» և 63 հազար հետևորդ ունեցող «Աֆորիզմներ» էջերի միջոցով։

Ֆեյսբուքյան էջը գրառմանը կցել է hraparaknews.am կայքի հրապարակումը, ըստ որի՝ գնդապետ Կարեն Ջալավյանը հրատապ կոչով դիմել է ժողովրդին՝ պահանջելով զգոնություն և միասնականություն։

Այս կայքը և դրան փոխկապակցված լրատվական կայքերը պարբերաբար կեղծ կամ հնացած լուրեր են տարածում, որոնց #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։

Իրականում Ջալավյանը նմանատիպ մտքեր արտահայտել է շուրջ երկու տարի առաջ՝ 2022 թվականի հունվարին Zarkerak.am-ին տված հարցազրույցում, որը, սակայն, «կոչ» չի եղել։ Հարցազրույցում նա ասել է. «Մեզ պետք է ազգային մտածելակերպ ու միասնություն, որովհետև երբ մենք հավատացել ենք Աստծուն ու միասնական ենք եղել, միշտ հաղթել ենք, իսկ երբ մեր մեջ միասնությունը կորել է, մենք միշտ փորձության ենք մատնվել ու ունեցել անհաջողություն»։

Նման գրառումների հիմնական նպատակը գրառմանը կցված կայքի այցելությունների թիվը բարձրացնելն ու դրա հաշվին գովազդից եկամուտ ստանալն է։ Դրա համար հաճախ օգտագործվում են «շտապ», «հրատապ», «հենց հիմա» և նմանատիպ այլ ձևակերպումներ։

Ջալավյանին (Քյոխի) նախկինում ևս կոչեր են վերագրվել

Սա միակ դեպքը չէ, երբ լրատվամիջոցները կամ ֆեյսբուքյան էջերը Ջալավյանին կեղծ կոչեր են վերագրում։

Էկրանապատկերը՝ «Եղնիկների ԱՐԾԻՎ Կարեն Ջալավյան» ֆեյսբուքյան էջից

Մի շարք լրատվամիջոցներ 2021-ի մայիսին տարածել էին «Եղնիկների ԱՐԾԻՎ Կարեն Ջալավյան» անվանումով ֆեյսբուքյան էջի գրառումը՝ պնդելով, թե Արցախի հերոսը զգոն լինելու կոչ է արել։ Հետագայում «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը հայտնել է, որ զրուցել է գնդապետ Ջալավյանի հետ, ով հերքել է իր անունից տարածվող գրառումը։

Այսպիսով, գնդապետ, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը (Քյոխ) չի կատարել որևէ կոչ. տարածվող գրառումը կեղծ է։

Մեկնաբանել