«Կայսրության թևերը» կտրե՞լ, թե՞ թողնել․․․

Աննախադեպ իրադարձությունների, դեպքերի ու դեմքերի, երկրի ու հանրային կյանքի հիմքերը սասանող նրանց պարբերաբար արվող հայտարարությունների համապատկերում, թվում է, թե այլևս ոչ մեկին այլևս ոչ ոք և ոչինչ չի կարող զարմացնել։

Բայց այս աննախադեպությունների մեջ էլի մի նմանը չունեցող բան տեղի ունեցավ։ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է դատախազություն՝ հետաքննելու Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» սերիալի հնարավոր բացասական ազդեցությունը անչափահասների հոգեբանության ու վարքի վրա։ Չեմ հիշում, թե անկախ Հայաստանում երբևէ որևէ արվեստի գործ նման «ճակատագրի» արժանացած լինի։ Գրում եմ «արվեստի գործ» ու տատամսում․ իսկապե՞ս արվեստի։ Հիշում եմ, որ Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի, նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ Հայոց ցեղասպանության մասին մի ֆիլմ էր նկարահանվել, որի ցուցադրությունը նույնպես արգելվեց, բայց դա արվեց առանց իրավապահ մարմիններին դիմելու։ Պարզապես «արգելեցին» ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով այդ ֆիլմը ցուցադրել արտասահմանում։

Նման բան տեղի է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնությունում։ Շուրջ մեկուկես տասնամյակ առաջ այնտեղ արգելվեց «Բրիգադա» բազմասերիանոցի ցուցադրությունը։ Այնտեղ արգելվեց, իսկ հայկական հեռուստաալիքները իրար հերթ չտալով ցույց էին տալիս։ Ավելին, ինձ առաջարկվեց գրել «Բրիգադայի» հայկական տարբերակը։ Շատ երկրներում, ըստ պատվիրատուի, ստեղծվել էին «Մի անգամ Ամերիկայում» արժեքավոր կինոնկարի տեղական տարբերակները, «Բրիգադան» էլ դրա ռուսական տարբերակն էր։ Մերոնք ուզում էին նկարահանել տարբերակի տարբերակը։

Թե հայկական մշակույթը և թե հատկապես հեռուստատեսությունը մշտապես ազդեցություն են կրել ռուսականից, բայց եթե արվեստում ու գրականության մեջ դա ընդամենը ազդեցություն է եղել, ապա հեռուստաարտադրանքը ավելի շուտ նմանակում կամ կապկում է հիշեցրել, քան ազդեցություն։ Պարզ է, որ ցանկացած նմանակում կամ տարբերակի տարբերակ ավելի ու ավելի ցած է քաշում։

Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» ֆիլմաշարի մասին արտահայտվողների տեսակետները մեկ ընդհանրություն ունեն․ հայկական հեռուստասերիալների անընդհատ անկում գրանցող սանդղակն անշուշտ մի օր հանգեցնելու էր դրան։

Ոչ շատ վաղուց այդ անկման մասին հետաքրքիր տեսակետ է արտահայտել բեմադրիչ ու դերասան Նարինե Գրիգորյանը։ Ըստ արվեստագետի՝ այլ երկրներում սերիալները գնալով ավելի ու ավելի կատարելագործվեցին, սկսեցին կինոարվեստի արժանիքներ ձեռք բերել, հայկական հեռուստատեսությունում հակառակ դինամիկան գրանցվեց կամ մնաց նույն տխուր մակարդակի վրա։

Հայկական սերիալները նույնիսկ դերասանական ամպլուաներ ստեղծեցին հեռուստադիտողի մտապատկերում՝ դերասաններ, որոնք բռի օլիգարխ են կամ գողական, կամ երկուսը միասին։ Նրանց ստեղծած կերպարները իրար հար և նման խոսում են նույն ութ բառանոց բառապաշարով, սպանում են, առևանգում, բռնանում, արհամարհում օրենքն ու պետությունը, մնում են անպատիժ կամ եթե պատժվում են, ապա միայն առավել դաժան բռնարարի կողմից։ Ընդ որում, նույն դերասանը կարող էր միաժամանակ տարբեր ալիքների արտադրած ու միաժամանակ ցուցադրվող երկու սերիալում իրար այնքան նման երկու կերպար ստեղծել, որոնք բացի անուն-ազգանունից, ոչ մի այլ տարբերություն չունեին։ Բայց միայն զոռբայի ամպլուան չէր, որ տարածվեց ու բազմացավ։ Բազմաթիվ այլ դերասաններ, դերասանուհիներ «մասնագիտացան» զոհի ու հալածյալի, հավերժական տատիկ-պապիկի, տան սպասուհու կամ մաքրուհու, անդեմ-անօգնական կամ կաշառվող օրինապահի և այլ կերպարների մեջ։

Ափսոս, որ այդ «մասնագիտացումը» ոչ մի հյուլե չավելացրեց նրանց եղած կամ չեղած դերասանական վարպետության վրա։ Չավելացրեց, որովհետև տարբեր անուն-ազգանուն ունեցող նույն գունազուրկ կերպարն էին խաղում տարբեր սերիալներում։ Երբեմն նկատում էիր, որ իրենք էլ զզվել են նույն կամ նման դերերից, խաղում են իմիջիայլոց, բայց փող էր պետք․․․ Իսկ այդ կերպարները չէին կարող տարբեր լինել, ոչ միայն այն պատճառով, որ նույն դերասաններն էին խաղում, այլև որ նույն սցենարիստների գրվածքներն էին։ Հիմնականում երեք-չորս կին սցենարիստ ու ռեժիսոր, որոնք արդեն 20-25 տարի վարպետացել են նույն միջավայրը, սյուժեն ու կերպարները ծամծմելով։ Ու էլի՝ փող էր բերում։

Գոռ Վարդանյանն էլ կամ փորձել է նմանակել Ժորա Կրիժովնիկովի «Տղայի խոսքը․ Արյուն ասֆալտի վրա» ռուսական բազմասերիանոցը, կամ գոնե ներշնչվել է այդ քրեական սերիալից, որը պատմում է անցած դարի յոթանասունականներից մինչ 2010-ակաների Ռուսաստանի քրեական բարքերի և դրանց մեջ անչափահասների ու հատկապես տասնչորսամյա Անդրեյի ներքաշվածության մասին։

Հայկական լրատվամիջոցներում ռուսական ֆիլմի լուրջ վերլուծական, դրվատական տեսակետներ եղան։ Գոռ Վարդանյանի ֆիլմի մասին դժվար թե լինի, և դա արդար է։ Արդար է, որովհետև անկախ թեմայից ու սյուժեից, անկախ ընդունելի կամ մերժելի բարքերից ու կերպարներից, ռուսական ֆիլմում արվեստ կա։ Գոռ Վարդանյանի ֆիլմում դժվար է դրա հետքերը գտնել։ Բայց այս դեպքում էլ մեկ ուրիշ հարց է առաջանում․ ո՞ր դեպքում է անչափահասների և առհասարակ դիտողի վրա այս կամ այն ֆիլմը ավելի մեծ «անբարենպաստ» ազդեցության մղում, առաջացնում հոգեբանական էքսցեսներ, մղում քրեական հերոսի գործողություններն ու վարքը կրկնելու։

Դժվար է գտնել այս հարցի սպառիչ պատասխանը։ Արվեստից զուրկ գործը կարող է միանգամից ձանձրացնել, վանել․ մինչդեռ արվեստով արվածը կարող է հրապուրել և առավել նուրբ միջոցներով թափանցել դիտողի մտքի ու հոգու մեջ, հատկապես իր արժեքային համակարգի ձևավորման, սոցիալական միջավայրում առավել պաշտպանված զգալու որոնումների մեջ գտնվող անչափահասին մղել գողականության ընդօրինակման։

Ի՞նչ կտա ԿԳՄՍՆ-ի՝ դատախազությանը հղած դիմումը։ Ըստ ամենայնի՝ ոչինչ։ Եթե նույնիսկ արգելվի ֆիլմը ցուցադրել հեռուստաալիքներով, այսօրվա անչափահասներին, որոնց ձեռքն ավելի վարժ է հեռախոսի մեջ Յութուբի ալիքը գտնելուն, քան դիմացի գրապահարանի որևէ գրքի կողմ երկարելուն, չես կարող պաշտպանել այդ արգելքով։ Էլ չասած, որ այդ սահմանափակումը կարող է լրացուցիչ հետաքրքրություն ծնել՝ արգելված պտղի մասին օրենքով, իսկ Յութուբում դրված են «Կայսրության թևերը» սերիալի բոլոր մասերը։

Այս վեճն ի վերջո հանգեցնում է արդեն հավերժական թվացող մի հարցի։ Հասարակական բարքերը, հանրության կրթական, սոցիալական մակարդա՞կն են պատճառները, որոնց հետևանքով «արվեստի ծառաները» տուրք են մատուցում նույն հասարակությանը՝ իրենց կարծիքով նրանց սպասումներն արդարացնելու համար, թե՝ հենց հեռուստաարվեստի այդ «գլուխգործոցներն» են ազդում հանրության որակի վրա։ Հավանաբար, դրանք փոխկապակցված են և լրացնում են մեկը մյուսին։ Մերժել սա կնշանակի ուրանալ նաև հեռուստատեսության, զանգվածային լրատվամիջոցների և անգամ թվային տեխնոլոգիաների ազդեցության չափը հասարակական ու նույնիկ մարդկային հարաբերությունների վրա։

Մեկնաբանել