Երբ քաղաքացի հորջորջվեցինք, իսկ դա 2018-ն էր, նկատի ունեմ ոչ թե քաղաքաբնակ, այլ տվյալ պետության մշտական բնակչության թվին պատկանող անձ, որն օգտվում է պետության օրենքներով սահմանված իրավունքներից և կատարում օրենքով սահմնված պարտավորությունները, շամբշոտ հպարտություն զգացինք։ Հենց՝ շամբշոտ։
Մինչ այդ մեզ ասել էին՝ ընկերներ․ խորհրդային տարիներն էին։ Հետո մեզ ասում էին՝ հայրենակիցներ․ 88-ին և դրանից հետո։ Տնտեսական աճի ժամանակաշրջանում մենք դարձանք՝ տիկնայք և պարոնայք։
Քաղաքացի մեզ կոչեցին հեղափոխությունից անմիջապես հետո։
Սկզբում «քաղաքացին» հաճելի էր, մանավանդ՝ ուղեկցող ածականը՝ «հպարտ»։ Մարդու ականջը շոյում են հատկապես այն բառերը, որոնց դեֆիցիտը զգացել է։ Այս իմաստով բառը ճշգրիտ էր ընտրված։
Երևույթի անվանակոչությունը երևույթը հայտնաբերելուց հետո առաջին քայլն է։ Պետք է անուն տաս, որ երևույթը սկսի գոյություն ունենալ։ Բնականաբար, «քաղաքացի» եզրույթը վաղուց էր հնարված՝ այն օրերից, երբ Հին Հունաստանում հորինվել էր քաղաքացին որպես ցեղի կամ ցեղախմբի պատկանելության հաջորդ քաղաքակրթական փուլ, բայց վերահնարումն էլ իր հմայքն ունի։
Երբ 2018-ին մեզ ասացին քաղաքացիներ, մենք բառի մեջ նախ «ընտրական իրավունք վերագտած մարդ» իմաստը դրեցինք։
Մարդիկ, որոնք իրենց միշտ էին քաղաքացի զգացել՝ չէին զրկել իրենց ընտրելու իրավունքից, ընտրել էին ըստ արժեքների, այլ ոչ ըստ եկամտի աղբյուրի, ապրել էին առանց ծառայամության կամ չէին համատեղել եկամտաբեր ծառայամությունը հանուն արդարության անդուլ պայքարի հետ,- այս մարդիկ առանձնապես չցնցվեցին «հպարտ քաղաքացի» ձևակերպումից, որովհետև իրենց համար ոչինչ չէր փոխվել, իրենք գիտեին, որ հպարտ էին և՝ քաղաքացի։
Բայց ցնցվողները շատ էին։
Ինչ-որ պահից շամբշոտ հպարտություն առաջացրած արտահայտության մեջ մի երանգ հայտնվեց, որին դեռ անուն տալ չէր ստացվում՝ կողմնորոշվել էր պետք։ Նաև հաճույքից հրաժարվելու ներքին դիմադրություն կար։
Անախորժ երանգ հայտնվեց արտահայտության մեջ։
Գուցե արտասանության հնչերանգից էր, գուցե՝ ձայնի բարձրությունից, բայց քաղաքացիները գուժկան դիմումից վարանեցին մի քիչ։ Սպառնալիք էր հայտնվել կոչականի մեջ։
Երբ բոլորովին պատահաբար, ռուս մեծանուն գիտնականներից մեկի՝ Դմիտրի Լիխաչովի զրույցներից մեկում այսպիսի մի բան գտա՝ սկզբում թվաց, թե մեր ժամանակների համար մի փոքր ուռճացված է Լիխաչովի դիտարկումը, բայց եթե անգամ մի փոքր ուռճացված է, մի փոքր էլ ճիշտ է, ուրեմն։
Լիխաչովը խոսում է լեզվի ինֆլյացիայի մասին, և ի թիվս մի շարք արժեքավոր, խորհրդային ճամբարներն անցած մտավորականի՝ սեփական կյանքով ապրված մտքերի, ասում է հետևյալը․ «Երբ 37 թվականին Պետերբուրգում սկսվեցին զանգավածային ձերբակալությունները, հանկարծ զգացի, որ փոստատանը ինձ ասում են՝ քաղաքացի, ոստիկանն ասում է՝ քաղաքացի, տրամվայում հսկիչն ասում է՝ քաղաքացի, իսկ առաջ «ընկեր» էին ասում (товарищ)։ Գիտե՞ք ինչ էր պատահել, պատահել էր այն, որ յուրաքանչյուր քաղաքացի կասկածյալ էր այլևս․ մարդուն ինչպե՞ս ասես՝ ընկեր, եթե կարող է պարզվի՝ ասենք, Իսլանդիայի որևէ լրտես է»։
Անվանակոչումից անմիջապես հետո սկսվեց բոլորին մեղադրանք ներկայացնել․ դեռ նկատի չունեմ նախկիններին, մեղադրվում էր դրոշը ծուռ դրածը, ոչ ձիգ կանգնածը, աղքատը, չկռվողը, կռվողը, գեներալը, պարտվողը, հաղթանակի կոչ անողը։ Քաղաքացին կասկածյալ էր։ Եվ ինչպես խորհրդային տրանսպորտում մի ժամանակ գրված էր՝ վարորդը նաև հսկիչ է, անվանակոչողը նաև հսկիչ էր, իսկ քաղաքացին՝ կասկածյալ։
Հետո քաղաքացին սկսեց շռայլորեն, առանց զսպող որևէ գործիքի հայհոյել։
Հայհոյանքը հնչում էր հրապարակային։ Մեր հասարակության համար նոր երևույթ էր, որովհետև արևելյան կողմերում կնոջ, երեխաների ներկայությամբ հայհոյելը անպատվություն էր բոլոր ժամանակներում՝ անկախ քաղաքակրթական աստիճանից և ժողովրդավարության նվաճումների սանդղակից։ Սկսեցին հայհոյել կանայք։
Որն էր այս երևույթի հոգեսոցիալական հիմքը։ Իհարկե՝ բազմագործոն էր, բայց կարևորներից մեկի պատասխանը Լիխաչովն իր զրույցում տալիս է։ Ասում է․ «ճամբարում ամենից հաճախ գնդակահարում էին նրանց, ովքեր չէին հայհոյում։ Չհայհոյողները օտար էին։ Հայհոյողներին համարում էին «մերոնքական»։
Լիխաչովը հայհոյախոսության մասին ասում է՝ ռուսերեն «мат»՝ հայհոյանք բառն առաջացել է շահ մաթ-ից՝ շախմատ, որ նշանակում է՝ թագավորը մեռավ։ Լեզվաբանների այլ կարծիքներ էլ կան բառի ստուգանբանության շուրջ։ Լիխաչովը հավանաբար հենվում է Ֆասմերի ստուգաբանական բառարանի վրա, բայց հիմա չշեղվենք լեզվաբանական լաբիրինթոսներում, քանի որ «мат» բառի այս ստուգաբանությունը մեր դեպքի համար լիովին հարմար է՝ թագավորը մեռավ․․․և ժողովուրդը սկսեց ազատ հայհոյել։
«Եթե կենցաղի անամոթությունը մուտք է գործում լեզու, ապա լեզվական անամոթությունը մի միջավայր է ստեղծում, որտեղ անամոթությունը սովորаկան բան է։ Գոյություն ունի բնություն։ Բնությունը չի հանդուրժում անամոթությունը». Դ․ Լիխաչով։