Հալեպում ՀՀ հյուպատոսը մեկնել էր Դամասկոս և «հաջորդիվ չի կարողացել վերադառնալ». ԱԳՆ

Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանը, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով։ Իրավիճակի հետագա զարգացումներով պայմանավորված՝ ԱԳ նախարարությունը կկայացնի համապատասխան որոշումներ»,- նշեց նա։

Հարցին, թե ինչու է Հալեպում ՀՀ հյուպատոսը լքել քաղաքը, Բադալյանը պատասխանեց. «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, նոյեմբերի 26-ին լիազորագրերը Սիրիայի ԱԳՆ-ից ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ և աշխատանքը շարունակում է Դամասկոսից»:

Նոյեմբերի 27-ին Հայաթ Թահրիր աշ-Շամ զինված խմբավորումը Հալեպի շրջանում անակնկալ հարձակում է գործել սիրիական բանակի և դաշնակից ուժերի դիրքերի վրա։ Իսլամիստական խմբավորումներն այժմ վերահսկում են Հալեպ քաղաքի մեծ մասը։

Մեկնաբանել