Ամերիկացիները վստահ են Օբամայի հաղթանակին․ Gallup

Ամերիկացիների մեծ մասը վստահ է, որ Բարաք Օբաման կկարողանա վերընտրվել նախագահի պաշտոնում նոյմեբրի 6-ի ընտրություններում, վկայում են Gallup հասարակական մտքի հետազոտման ծառայության իրականացրած հարցման արդյունքները։

Հարցվածների մոտ 54%-ը հայտարարել է, որ Օբաման պետք է հաղթի ընտրություններում այն դեպքում, երբ 34%-ը ասել է, որ հավատում է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի հաղթանակին։ Հարցվածների մոտ 11%-ը խոստովանել է, որ այս հարցի շուրջ կարծիք չունի:

Դրա հետ մեկտեղ այս նոր տվյալները հակասում են Gallup-ի ավելի վաղ իրականացրած հարցման արդյունքներին, որը ի հայտ էր բերել, որ հավանական ընտրողների 51%-ը հավատում է հանրապետականի հաղթանակին։ Այդ ժամանակ միայն 46%-ն էր խոստովանել, որ վստահ է Օբամայի վերընտրման մեջ։

Դեմոկրատները նախկինի պես ավելի շատ են հավատում իրենց առաջնորդի հաղթանակին, քան հանրապետականները։

Դեմոկրատ ընտրողների մոտ 86%-ը ասել է, որ հավատում է Օբամայի հաղթանակին այն եպքում, երբ հանրապետական ընտրողների միայն 71%-ը չի կասկածում իր թեկնածուի հաղթանակի մեջ։ Անկախ ընտրողները նույնպես նախապատվությունը Օբամային են տալիս․ նրա հաջողությանը հավատում է 52%-ը, Ռոմնիի հաջողությանը՝ 32%-ը։

Gallup-ը նշում է, որ համանման արդյունքները կանխատեսել են քվեարկության հաղթողին վերջին չորս ընտրությունների ժամանակ։

Հարցումն իրականացվել է նախքան «Սենդի» փոթորիկը՝ հոկտեմբերի 27-ին և 28-ին։

Լրատվամիջոցները նշում են, որ Օբամայի վարկանիշն աճում է «Սենդի» փոթորկի ժամանակ ձեռնարկած գործողություններից հետո։ ԱՄՆ նախագահը դադարեցրեց նախընտրական արշավը և հայտարարեց, որ մտադիր է անձամբ համակարգել տուժած շրջանների վերականգնման աշխատանքը։

Մեկնաբանել