ՀՐԱՏԱՊ. Սիրիայի ապստամբները հայտարարել են, որ գրավել են մայրաքաղաք Դամասկոսը

Սիրիայի ապստամբները հայտարարել են, որ գրավել են մայրաքաղաք Դամասկոսը: Ավելի վաղ նրանք գրավել էին Հալեպը և Հոմսը՝ Սիրիայի երկրորդ և երրորդ խոշոր քաղաքները։ Դրանից կարճ ժամանակ անց Սիրիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է իշխանության փոխանցմանը։

Reuters-ի հաղորդմամբ՝ սիրիական բանակի հրամանատարությունը սկսել է սպաներին տեղեկացնել վարչակարգի տապալման մասին։

Reuters-ի և մոնիտորինգային խմբերի տվյալներով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսից թռել է անհայտ ուղղությամբ։

Մինչև ապստամբների՝ Դամասկոս ներխուժելու մասին լուրերը Ասադի գրասենյակը հերքում էր, որ նա լքել է մայրաքաղաքը:

Ապստամբների մեջ հիմնական ուժը իսլամիստական ​«Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժումն է, որը ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն շատ երկրներում։

Ապստամբներն իրենց գլխավոր նպատակ են հռչակել Ասադի վարչակարգի տապալումը։

***

Բաշար Ասադը Սիրիայի նախագահն է 2000-ից: Նա իշխանության եկավ հոր՝ Հաֆեզ Ասադի մահից հետո, որը երկիրը ղեկավարել էր 1971-2000 թվականներին:

2011-ին Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ զոհվել են, միլիոնավորները դարձել փախստական:

Ասադին հաջողվեց պահպանել իշխանությունը Ռուսաստանի և Իրանի աջակցության շնորհիվ:

Մեկնաբանել