Հարկադիր կատարողը պետք է բարեխիղճ լինի. ՀՀ գլխավոր հարկադիր կատարող

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ` տեղում ծանոթանալու ԴԱՀԿ ապահովող ծառայության մարզային բաժնի խնդիրներին. հաղորդում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից: Համաձայն օրակարգի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շրջայց է ունեցել Մասիսի, Վեդու բաժանմունքներում և տեղում ծանոթացել շենքային ու աշխատանքային պայմաններին:

Այնուհետև Արտաշատում՝ Արարատի մարզային բաժնում, անցակցվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում բաժնի պետն ու բաժանմունքների ղեկավարները, հարկադիր կատարողները ԴԱՀԿ ծառայության ղեկավարին են ներկայացրել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են իրենց պարտականությունների բնականոն կատարմանը: Նրանք հանդես են եկել նաև զեկույցներով և մի շարք առաջարկություններով` ուղղված հարկադիր կատարողների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել Արարատի մարզային բաժնի գործունեության կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այսուհետ նրանք կլինել առավել նախաձեռնող և հետևողական:

«Հարկադիր կատարողը պետք է ոչ միայն բարեխղճորեն և պատասխանատու վերաբերվի իր աշխատանքային պարտականություններին, այլև մշտապես հիշի, որ իր առաքելությունն է ծառայել քաղաքացուն և պետությանը՝ բարձր պահելով սպայի պատիվը»,- ընդգծել է Միհրան Պողոսյանը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան հանձնարարականներ է տվել արձանագրված խնդիրների առնչությամբ: Մասնավորապես՝ հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ավարտին հասցնել Մասիսի բաժանմունքի տեխնիկական վերազինման գործընթացը: Քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր ևս:

ԴԱՀԿ ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնում 2011թ-ին հարուցվել է 6979 կատարողական վարույթ: 2012թ-ի առաջին տաս ամիսների ընթացքում հարուցվել է 7484 կատարողական վարույթ, պահանջատերերի օգտին բռնագանձվել է 525 մլն ՀՀ դրամ:

Մեկնաբանել