Գլխավոր Լրահոս

Արտագաղթի թվերի շուրջ վեճ ԱԺ-ում․ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները

Արտագաղթի թվերի շուրջ վեճ ԱԺ-ում․ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի դեկտեմբերի 5-ի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, արձագանքելով վարչապետ Փաշինյանի ավելի վաղ արած պնդմանը, թե նախկինում արտագաղթի հիմնական պատճառը Հայաստանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն էր, հայտարարել է, որ իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում երկրում գրանցվել է ներգաղթ:



«Փորձեք դիտարկել 2004-2007 թվականների միգրացիայի դինամիկան և պարզապես մի մոլորեցրեք մեր ժողովրդին։ Հենց անկախ տարածաշրջանային քաղաքականությունը, տնտեսությունը և անվտանգության զգացումն էր ապահովում միգրացիայի դրական դինամիկան։ [...] Մենք ունեինք ոչ թե արտագաղթ, այլ ունեցանք նաև ներգաղթ։ Սա փաստ է»,- ասել է Լևոն Քոչարյանը։

Ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդել է, թե նախկին իշխանությունների օրոք 1 մլն մարդ է արտագաղթել Հայաստանից։
«Առաջին երեք նախագահների իշխանության տարիներին Հայաստանում անվերադարձ հեռացել է 1 մլն մարդ։ Եթե շատ կոպիտ հաշվարկ անենք՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները 110,000 էին։ Այսինքն՝ 10 հատ ԼՂ-ի չափ մարդ ձեր իշխանության տարիներին անվերադարձ հեռացել ա Հայաստանից»,- նշել է Կոնջորյանը։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է պատգամավորների պնդումները և ներկայացնում է միգրացիայի իրական պատկերը։ 

Ի՞նչ են ասում պաշտոնական տվյալները

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ արտագաղթի պատկերն արտացոլող հիմնական և միջազգային ընդունված մեթոդոլոգիայով հաշվարկվող ցուցանիշը՝ միգրացիայի մնացորդն է։ Այն հաշվարկվում է գրանցվածների և գրանցումից դուրս եկածների՝ ոստիկանությունից ստացված տվյալների հիման վրա, ճշգրտվում մարդահամարների արդյունքներով և տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության տվյալներով։

Վիճկոմիտեի տվյալների համաձայն՝ Լևոն Քոչարյանի նշած տարիներին միգրացիայի մնացորդը եղել է խորապես բացասական՝ 2004-ին՝ -29,600, 2005-ին՝ -30,300, 2006-ին՝ -29,800, 2007-ին՝ -33,400։ Այսինքն՝ այդ չորս տարում Հայաստանից հեռացել է 123,100 մարդ։
Ամենամեծ արտահոսքը գրանցվել է անկախության առաջին տարիներին։ 1992-1994 թվականներին միգրացիայի բացասական մնացորդը կազմել է -475,800 մարդ։ Դրական մնացորդ գրանցվել է 1991-ին (+4,400), 2020-ին (+3,400), 2022-ին (+6,100)։

2023-ի տվյալներով՝ միգրացիայի մնացորդը +41,400 է, սակայն այս ցուցանիշը ներառում է մինչև 2024-ի հունվարի 1-ը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվածների թվաքանակը, առանց նրանց՝ մնացորդը կազմում է +10,000 մարդ։

Ըստ Վիճկոմիտեի նախնական տվյալներով՝ 2024-ի հունվար-սեպտեմբերին միգրացիայի մնացորդը կազմել է +70,300, առանց ԼՂ բնակչության հաշվառման տվյալների՝ +4486 մարդ։ 
Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում՝ 1998-2007 թվականներին, միգրացիոն մնացորդը կազմել է -251,000 մարդ։ Սակայն Լևոն Քոչարյանը, նշելով միգրացիայի դրական դինամիկայի մասին, ենթադրաբար նկատի է ունեցել այդ տարիներին գրանցված սահմանահատումների հաշվեկշիռը։

Սահմանահատումների հաշվեկշիռը որպես միգրացիայի լրացուցիչ ցուցանիշ

Միգրացիայի մնացորդից բացի, որպես արտագաղթի ցուցանիշ հաճախ բերվում է նաև սահմանահատումների հաշվեկշիռը (սալդոն)՝ Հայաստան ժամանածների և մեկնածների տարբերությունը տվյալ ժամանակահատվածում։
Անկախությունից ի վեր սահմանահատումների դրական հաշվեկշիռ (ավելի շատ ժամանում, քան մեկնում) ունեցել ենք 2004, 2005, 2006 և 2018, 2019, 2020 ու 2022 թվականներին։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում՝ 1998-2007 թվականներին սահմանահատումների ընդհանուր հաշվեկշիռը կազմել է շուրջ -59,000 մարդ։ Ինչպես հայտնեցին #CivilNetCheck-ին Վիճակագրական կոմիտեից՝ մինչը 2000 թվականը տվյալները ներառում են բացառապես օդային ճանապարհով մուտքերն ու ելքերը։

Լևոն Քոչարյանի պնդումը, թե իր հոր նախագահության շրջանում ներգաղթ է եղել, հիմնված է միայն ընտրական մոտեցումով ընտրված տարիների սահմանահատումների հաշվեկշռի վրա։ Սակայն արտագաղթի իրական պատկերը արտացոլում է միգրացիայի մնացորդը։

Ինչ վերաբերում է պատգամավոր Հայկ Կոնջորյանի պնդմանը, թե առաջին երեք նախագահների իշխանության տարիներին Հայաստանում անվերադարձ հեռացել է 1 մլն մարդ, ապա այն ճիշտ է՝ 1991-2017 թվականներին միգրացիայի մնացորդը կազմում է մոտ -1,081,000, իսկ սահմանահատումների հաշվեկշիռը՝ շուրջ -1,018,000 մարդ։

Ավելի վաղ #CivilNetCheck-ն ևս անդրադարձել էր այս թեմային, երբ ԱԺ-ում արտագաղթի տվյալները կրկին վեճի թեմա էին դարձել։

Տես՝ Արտագաղթի թվերի նրբությունը

Փաստացի, Լևոն Քոչարյանի պնդումները միգրացիայի վերաբերյալ չեն համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը։ Նրա հայտարարությունը, թե հոր նախագահության շրջանում ներգաղթ է եղել, հիմնված է միայն սահմանահատումների տվյալների վրա, մինչդեռ միգրացիայի մնացորդը 1998-2007թթ․ կազմել է -251,000 մարդ։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում