Անշարժ գույքի գներն անուղղակիորեն են արձագանքել սիրիահայերի ժամանմանը

Սիրիական ճգնաժամը Հայաստանի անշարժ գույքի շուկայում ձևավորել է որոշակի սպասումներ, ինչի արդյունքում տեղի է ունեցել գների աճ։ Չնայած վերջին ամիսներին անհատական բնակելի տների վարձակալության գործարքների թիվն ավելացել է 4,3 անգամ, «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանն ասում է, որ սիրիահայերի ժամանումը լուրջ ազդեցություն չի ունեցել անշարժ գույքի շուկայի վրա, քանի որ առկա է արտագաղթի գործոնը։

Վերջին ամիսներին անշարժ գույքի շուկայում արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել, երեկ հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարել է «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Ըստ նրա՝ ոլորտն ունի ֆինանսական, օրենսդրական միջամտության անհրաժեշտություն. անհրաժեշտ է հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների բարելավում, տոկոսադրույքների իջեցում, պետության և բանկերի համագործակցության ընդլայնում, օրինակ՝ ռիսկերի գնում: «Իմ կարծիքով՝ տվյալ իրավիճակում պետությունը որոշակի ռիսկեր պետք է վերցնի իր վրա, որոշակի ռիսկեր երաշխավորի բանկերին, որպեսզի տոկոսադրույքների կամ երկարաժամկետ վարկերի տրամադրման խնդիր չլինի»,– նշել է բանախոսը:

Անդրադառնալով անշարժ գույքի շուկայի վրա սիրիահայերի վերադարձի ազդեցությանը՝ Բաղդասարյանն ասել է, թե խոսքը հինգ հազար մարդու մասին է, և լուրջ փոփոխությունների սպասել պետք չէ, քանի որ առկա է արտագաղթի գործոնը։

Սփյուռքի նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստան է ժամանել է 2,5 հազ. սիրիահայ։

Սպասումները բերել են գների աճի
Համաձայն Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների՝ զարգացումները Սիրիայում թեև աննշան, սակայն աշխուժացրել են Հայաստանի անշարժ գույքի շուկան։ Սիրիահայերի ժամանումը առաջացրել է որոշակի սպասումներ, ինչի արդյունքում տեղի է ունեցել գների աճ։

Օգոստոսին, օրինակ, ընդհանուր առմամբ իրականացվել է 768 վարձակալության գործարք, ինչը նախորդ ամսվա համեմատ ավելի է 11,8%-ով, 2011թ. օգոստոսի համեմատ՝ 21,1%-ով: Գործարքների 70,3%-ն իրականացրել են իրավաբանական անձինք։ Համեմատության համար նշենք, որ անցած տարվա օգոստոսին իրավաբանական անձանց բաժին է ընկել վարձակալության գործարքների 89%-ը։

2012թ. օգոստոսին գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 35 բնակարանների, 81 անհատական բնակելի տների, 285 հասարակական, 106 արտադրական նշանակության օբյեկտների վարձակալության գործարք: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այս օգոստոսին կտրուկ՝ 4,3 անգամ ավելացել են անհատական տների վարձակալության գործարքները, ինչն ամենայն հավանականությամբ պայմանավորված է սիրիահայերի ժամանման գործոնով։

Օգոստոսին աշխուժացել է նաև անշարժ գույքի օտարման սեգմենտը։ Ամսվա ընթացքում իրականացվել է 4686 օտարման գործարք, որից 72,4%-ը կազմել են առուվաճառքները։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակը հուլիսի համեմատ աճել է 18,1%-ով, 2011թ. օգոստոսի համեմատ՝ 6,9%-ով: Օտարման գործարքների աճ արձանագրվել էր նաև 2011թ. օգոստոսին, սակայն ի տարբերություն անցած տարվա՝ այս տարի տեղի է ունեցել գների բարձրացում։

Ուշագրավ է, որ օգոստոսին Երևանում բնակարանների օտարման գործարքների քանակը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 7,8%-ով:

2012թ. օգոստոսին Երևանում բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի միջին գները, նախորդ ամսվա համեմատ աճել են 0,7%-ով, անցած տարվա նույն ամսվա համեմատ՝ 1,3%-ով՝ կազմելով 260 հազ.: Տարեկան կտրվածքով գործարքների նվազման պայմաններում գների աճն առաջին հերթին պայմանավորված է պահանջարկի ավելացման սպասումներով։

Ամսական կտրվածքով բնակարանների գներն աճել են Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Տարեկան կտրվածքով ութ վարչական շրջաններում արձանագրվել է գների աճ, երեքում գները նվազել են։

Օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ամենից շատ էժանացել են Կենտրոն վարչական շրջանի բնակարանները, երկրորդ տեղում Նուբարաշենն է։ Ուշագրավ է, որ էժանացել են «ամենաթանկ» և «ամենաէժան» վարչական շրջանների բնակարանները։
Երևանում օգոստոսին բարձրացել են նաև անհատական բնակելի տների գները. 1 քմ-ի շուկայական միջին գինը հուլիսի համեմատ աճել է 0,3%-ով, 2011թ. օգոստոսի համեմատ՝ 1,5%-ով՝ կազմելով ֌276,4 հազ.:

Անհատական բնակելի տների առուվաճառքի և վարձակալության գործարքներից երևում է, որ քաղաքացիները նախապատվությունը տվել են վարձակալությանը։

Օգոստոսին իրականացվել է առուվաճառքի 397 գործարք, այդ թվում՝ Երևան քաղաքում՝ 126, մարզերում միասին վերցրած՝ 271։ 2011թ. օգոստոսի համեմատ՝ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 19,5%-ով, ընդ որում՝ Երևանում՝ 1,6%-ով, մարզերում միասին վերցված՝ 25,7%-ով:

Ինչպես բնակարանների, այնպես էլ անհատական տների դեպքում գործարքների կրճատման ֆոնին գների աճը պայմանավորված է եղել սպասումներով։