Էներգիան Barclays-ի վրա թանկ է նստել

Ամերիկյան կարգավորիչները մեծբրիտանական խոշորագույն Barclays բանկին $469,9 մլն-ով տուգանելու մասին որոշում են կայացրել։ ԱՄՆ-ի էլեկտրաէներգիայի շուկայի կարգավորման հանձնաժողովը (FERC) բանկին տուգանել է Կալիֆոռնիայում էլեկտրաէներգիայի գները մանիպուլացնելու համար։

Ըստ FERC-ի՝ էլեկտրաէներգիայի շուկայում վաճառքների ծավալը բանկին թույլ է տվել ազդել բորսայական գների վրա և զգալի գումարներ վաստակել սվոփների բաց դիրքերի վրա: Բանկը հարկադրված կլինի $435 մլն տուգանք վճարել՝ վերադարձնելով նաև $34,9 մլն-ը, որը որպես եկամուտ ստացել է բորսայական մեքենայությունների արդյունքում։ Barclays-ում նշել են, որ հիասթափված են հանձնաժողովի որոշումից և կտրականապես համաձայն չեն ներկայացված մեղադրանքներին։

Վերջին մեկ տարում առաջին անգամը չէ, որ բանկը հայտնվում է կարգավորիչների ուշադրության կենտրոնում: Barclays-ը մեղադրվում է նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հակակոռուպցիոն օրենսդրությունները խախտելու մեջ։

Այսպես՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսական մեքենայությունների հետաքննության հանձնաժողովը բանկին մեղադրել է «բիզնեսը պահպանելու նպատակով երրորդ կողմի միջամտությանը դիմելու» մեջ: Ավելի վաղ զանգվածային մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտվել, որ Barclays-ին հաջողվել է ազգայնացումից խուսափել 2008թ. Կատարից ներգրավված միջոցների շնորհիվ: Նման մեղադրանք բանկին առաջադրել են նաև ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը և Արժեթղթերի ու բորսաների կարգավորման հանձնաժողովը։

Այս տարվա հունիսին Barclays-ը €400 մլն-ով է տուգանվել միջբանկային վարկավորման LIBOR տոկոսադրույքը մանիպուլացնելու համար։