Կնոջ սպանության մասին հին գրառումն օգտագործվում է դիտումներ հավաքելու համար

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են «Հրատապ․ մտել են գյուղ ու կտրել կնոջ վիզը․ կան վիրավորներ‎» վերտառությամբ գրառումներ։

Տարածվող գրառումն իրականում այնքան էլ «հրատապ» չէ, քանի որ դաժան սպանությունը տեղի է ունեցել 2022-ին։

Ո՞րն է հին լուր տարածելու նպատակը

Գրառումը տարածվում է բազմահազար հետևորդներ ունեցող «Հայ զինվոր», «Լրիվ նոր Հայաստան», «Սփյուռք» անվանումներով ֆեյսբուքյան էջերով։ Բոլոր էջերը հրապարակմանը կցել են media41news.com կայքի հղումը։

Կայքն իր հերթին արտատպել է shamshyan.com-ի լուրը՝ Կոտայքի մարզի Արզական գյուղում տեղի ունեցած 35-ամյա կնոջ դաժան սպանության մասին։ Սակայն media41news.com-ում նշված չէ, որ դեպքը տեղի է ունեցել 2022-ին, ընդ որում՝ ոչ դեկտեմբերին, այլ օգոստոսի 27-ին։

media41news.com կայքը ողողված է գովազդներով։

Սովորաբար սպանությունների, ավտովթարների վերաբերյալ լուրերը բարձր դիտումներ են ունենում։ Սոցցանցերի էջերը, հաշվի առնելով նման լուրերի բարձր դիտելիությունը, գրառումների հետ գործածում են «հրատապ», «շտապ», «հենց հիմա» ձևակերպումները՝ օգտատերերի ուշադրությունը գրավելու համար։ Իսկ հին լուրը նման ձևակերպումներով տարածելու նպատակը գրառմանը կցված կայքի այցելությունները մեծացնելն ու դրա հաշվին գովազդից գումար ստանալն է։

Այսպիսով, դաժան սպանության վերաբերյալ տարածվող գրառումը հին է։

Մեկնաբանել