Ամերիկյան Rane (նախկինում՝ Stratfor) վերլուծական կենտրոնը կանխատեսում է հրապարակել Սիրիայում Բաշար Ասադի վարչակազմի տապալման՝ Ռուսաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։
Ասադի վարչակարգի անկման քաղաքական հարվածը Ռուսաստանը հավանաբար կկարողանա հաղթահարել՝ ռեսուրսները ուղղելով Ուկրաինա, սակայն երկարաժամկետ կտրվածքով Մոսկվան դժվարություններ կունենա Սիրիայում իր ռազմական օբյեկտները փոխարինելու հարցում, ինչը կարող է վերջիվերջո խոչընդոտել տարածաշրջանում Ռուսաստանի ուժի ցուցադրման կարողությանը: Դեկտեմբերի 8-ին ապստամբների կողմից մայրաքաղաք Դամասկոսի գրավումից հետո փախուստի դիմած Սիրիայի երկարամյա նախագահ Բաշար Ասադն ու նրա ընտանիքը ժամանեցին Մոսկվա, որտեղ նրանց քաղաքական ապաստան տրվեց՝ ըստ Կրեմլի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական որոշմամբ: Նույն օրը երեկոյան Ռուսաստանում Սիրիայի դիվանագիտական հաստատությունների վրա արդեն ծածանվում էր սիրիական ընդդիմության նոր դրոշը: Ռուսական պետական լրատվամիջոցները դադարեցին հակաասադյան ուժերին «ահաբեկիչներ» անվանել՝ փոխարենը նրանց կոչելով Սիրիայի «զինված ընդդիմություն»:
Ռուսաստանի ակնհայտ շրջադարձը դեպի Սիրիայի նոր իշխանությունների ճանաչումը հավանաբար Մոսկվայի ջանքերի մի մասն է՝ ուղղված Սիրիայում իր դիվանագիտական և ռազմական օբյեկտների, առավելապես՝ Տարտուսի ծովային և Խմեյմիմի օդային բազաների պահպանմանը, որտեղ դեռ ռուսական ուժեր են տեղակայված: Դեկտեմբերի 10-ի դրությամբ նախագահ Պուտինը դեռ հրապարակայնորեն չէր արձագանքել Ասադի կառավարության անկմանը, որի ամենամեծ արտաքին աջակիցը թերևս Ռուսաստանն էր՝ ֆինանսական և ռազմական օգնության ընդհանուր ծավալի առումով` սկսած 2015-ից, երբ Ասադի խնդրանքով ռուսական զորքերը սկսեցին տեղակայվել Սիրիայում՝ օգնելու պաշտպանել նրա վարչակարգը 2011-ին բռնկված քաղաքացիական պատերազմի պայմաններում:
– Ռուսաստանի և Իրանի ռազմական և ֆինանսական հսկայական աջակցության շնորհիվ էր մեծապես, որ Ասադի վարչակարգը չընկավ ավելի վաղ՝ 2010-ի վերջին սկսված Արաբական գարնան հետևանքով, ինչը պատահեց Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի կամ Լիբիայում Մուամար Կադաֆիի վարչակարգերի հետ:
– 2015-ի սեպտեմբերին Սիրիայում ռազմական գործողություն սկսելուց հետո Ռուսաստանն աջակցեց Ասադի ուժերին ռազմական առումով՝ մեծաքանակ ինքնաթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի և «Վագներ» խմբի վարձկանների ներկայությամբ:
– Տարբեր գնահատականներով՝ 2015-ից ի վեր Ասադի կառավարությանն աջակցության միջոցառումների հանրագումարը կազմել է օրական 2,5-ից 8 մլն դոլար: Տարբերությունները պայմանավորված են տրամադրված սարքավորումների և տնտեսական աջակցության գնահատված արժեքով, ինչպես նաև անուղղակի կամ մարդասիրական աջակցության որոշ միջոցառումների ներառմամբ: Սա նշանակում է, որ Ռուսաստանը հավանաբար տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսել Ասադի կառավարությանն աջակցելու համար, իսկ հարյուրավոր ռուս զինվորներ զոհվել են Ասադի ուժերին աջակցող ռազմական գործողություններում:
– Ըստ հրապարակումների՝ Ռուսաստանը համաձայնության է հասել Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ առնվազն ժամանակավորապես պահպանելու երկրում գտնվող իր երկու բազաները՝ Խմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ծովային կայանը: Վերջին օրերին Խմեյմիմից դեպի այնտեղ թռիչքների սահմանափակ քանակը վկայում է, որ օդային բազան չի տարհանվում, ինչի համար հավանաբար կպահանջվեին ավելի շատ օդանավեր և արագ հեռացման այլ նշաններ: Եվ չնայած Տարտուսում պաշտոնապես տեղակայված ռուսական յոթ ռազմանավերից մի քանիսը, ըստ երևույթին, խարսխված են ափից մի քանի մղոն հեռավորության վրա՝ հավանաբար անվտանգության նկատառումներով, սակայն, ըստ ամենայնի, նավերի մեծ մասն առայժմ կայանի մոտակայքում է:
Ասադի անկումը հարված է Ռուսաստանի համար, որը կձգտի հակազդել դրան՝ Սիրիայից ռազմական ռեսուրսները ուղղելով Ուկրաինա՝ Կիևի նկատմամբ բանակցային լծակները պահպանելու և իր պահանջները բավարարելու նպատակով։ Ասադին երկարատև և ուժեղ աջակցությունից հետո նրա կառավարության անկումը հարված է Կրեմլի՝ Մերձավոր Արևելքում ունեցած ազդեցությանն ու միջազգային հեղինակությանը։ Մոսկվան Սիրիայում տեղակայած իր ռազմական ուժերը, որոնք օգտագործում էր Ասադի բանակին սատարելու համար (հիմնականում ռազմաօդային ուժերի միջոցները և ցամաքային անձնակազմի համար նախատեսված փոքրաթիվ խորհրդատուներն ու հրահանգիչները) կուղղի Ուկրաինայում իր ռազմական դիրքերը բարելավելու համար։ Սիրիայում Ռուսաստանի տարբեր հաստատություններում պաշտոնապես տեղակայված էր մոտ 7,000 զինծառայող, թեև նրանց ճնշող մեծամասնությունը ոչ մարտական սպասարկող անձնակազմ էր։
Ռուսական մնացած անձնակազմի և նրանց տեխնիկայի տեղափոխումը Ուկրաինա միայն սահմանափակ ազդեցություն կունենա ռազմադաշտում Ռուսաստանի մարտավարական դիրքերի բարելավման վրա, սակայն Սիրիայում Ասադի վարչակարգի անկման հետևանքով կրած կորուստն այնուամենայնիվ Մոսկվային կստիպի կենտրոնանալ Ուկրաինայի պատերազմի վրա՝ այնտեղ հաղթանակ ապահովելու համար։ Այս համատեքստում Ռուսաստանն ավելի շատ պատճառ կունենա պահանջելու Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժերի և ենթակառուցվածքների ներկայության խիստ սահմանափակումներ։ Կրեմլը վախենում է, որ Ուկրաինային և Արևմուտքին մեծ զիջումներ անելը կարող է վտանգել Ուկրաինայի նկատմամբ իր երկարաժամկետ հարկադրական ազդեցությունը և խթանել ներկա ու հնարավոր գործընկերների, ինչպես նաև մրցակիցների շրջանում ռուսական ուժի անվստահելիության և անկման մասին ընկալումների հետագա շղթայական տարածումը, ինչը պետություններին ավելի զգուշավոր կդարձնի Ռուսաստանի օգտին փոխզիջումների գնալու հարցում։
Սա հատկապես այն պատճառով է, որ Մոսկվան իր սահմանների երկայնքով առկա մարտահրավերներն այնքան սուր չի ընկալում, որքան Ուկրաինական պատերազմը, և հաշվարկում է, որ Ուկրաինայում հաղթանակը լավագույն միջոցն է վերականգնելու Ռուսաստանի հեղինակությունը որպես հնարավոր անվտանգության գործընկեր։ Դա կդրդի Ռուսաստանի հարավում՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում գտնվող շատ ավելի թույլ պետություններին վերակողմնորոշվել դեպի Մոսկվա, ինչն արդեն սկսել է տեղի ունենալ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վրաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը, որոնց կառավարությունները հավատարիմ են Ռուսաստանի հետ չհակադրվելու սկզբունքին։
Ենթադրաբար Կրեմլի ցուցումով, Ռուսաստանի առաջատար քարոզիչները՝ մեկնաբաններ Դմիտրի Կիսելյովը և Վլադիմիր Սոլովյովը, իրենց հաղորդումներում պնդում են, որ Ռուսաստանն արդեն իսկ իրագործել էր իր նպատակները Սիրիայում՝ կատարելով իր միջազգային պարտավորությունները և ձեռք բերելով կենսական փորձ, որը բանակը կարող է օգտագործել Ուկրաինայում։ Նրանք շեշտում են, որ Ուկրաինայում Ռուսաստանի «ռազմական հատուկ գործողությունը» շատ ավելի կարևոր էր, քան Սիրիայում վերջին իրադարձությունները, և որ Ասադի վարչակարգի անկումը հնարավորություն է Ռուսաստանի համար՝ վերագնահատելու իր առաջնահերթությունները և հասնելու Մոսկվայի նպատակներին Ուկրաինայում։
2021-ին Աֆղանստանում տալիբների իշխանության գալուց հետո Ռուսաստանն իսկույն ուղղակի կապեր հաստատեց երկրի նոր ղեկավարների հետ և այդ ժամանակից ի վեր գործնական հարաբերություններ է պահպանում նրանց հետ, և ներկայում նույնիսկ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանում տալիբների՝ որպես ահաբեկչական խմբավորման կարգավիճակը վերացնելու ուղղությամբ։ Մոսկվան, հավանաբար, նմանատիպ գործնական մոտեցում կցուցաբերի Սիրիայի նոր իշխանությունների նկատմամբ՝ կարծելով, որ նրանց ճանաչելը և երկխոսության ձգտելը բխում է իր շահերից։
Ռուսաստանը, հավանաբար, ի վերջո կկորցնի մատչումը Սիրիայի ծովափնյա Լաթաքիա և Տարտուս շրջանների իր ռազմական օբյեկտների նկատմամբ, ինչը կարող է բարդացնել տարածաշրջանում ուժի ցուցադրման նրա ջանքերի լոգիստիկան և բարձրացնել դրա արժեքը, քանի որ այլընտրանքային բազաներ գտնելը դժվար և ավելի թանկ կլինի։ Տարտուսի ծովային և Խմեյմիմի օդային բազաներից ավելի շտապ հեռանալու փոխարեն Ռուսաստանը, հավանաբար, պատրաստվում է կանոնավոր հեռացման՝ հաջորդ ամիսներին դրանց պահպանման շուրջ բանակցությունների ձախողումից հետո։ Իր ռազմական բազաների հասանելիությունը պահպանելու համար Մոսկվան, հավանաբար, փող և տնտեսական այլ խթաններ կառաջարկի Դամասկոսում Սիրիայի նոր ղեկավարներին, ինչպես նաև Լաթաքիայի տեղական իշխանություններին, օրինակ՝ վերամշակված վառելիքի արտադրանքի զեղչված գներ։
Կարճաժամկետ հեռանկարում Սիրիայի ժամանակավոր իշխանությունները կարող են չպահանջել երկու բազաներից Ռուսաստանի անհապաղ հեռացումը՝ փոխարենը դրանք օգտագործելով որպես սակարկության առարկա՝ երկրի մյուս կողմում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը հավասարակշռելու և Սիրիայի ընդդիմադիր կառավարության՝ միջազգային մեկուսացումը հաղթահարելու համար։ Սակայն ընդհանուր առմամբ Սիրիայի նոր ղեկավարները թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ՝ Ասադի վարչակարգին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության պատճառով, ինչը հավանաբար ի վերջո կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը կկորցնի հասանելիությունը իր օբյեկտներին։
Դա կվնասի Ռուսաստանի ուժի ցուցադրման կարողությանը, քանի որ Խմեյմիմի և Տարտուսի բազաները կարևորագույն նշանակություն ունեն Ռուսաստանի գլոբալ ծովային գործողությունների և Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում նրա ռազմական լոգիստիկայի համար, և դրանք հեշտ չեն կարող փոխարինվել։ Ամենահավանական այլընտրանքը Լիբիայի՝ զորապետ Խալիֆա Հաֆթարի վերահսկողության տակ գտնվող Տոբրուկ կամ Բենղազի նավահանգիստներն են։ Հաֆթարին ներկայում աջակցում է ռուսական «Վագներ» խմբի փոքր զորախումբը։
Սակայն պարզ չէ, թե արդյոք կարող է ձևավորվել Սիրիայում ռուսական բազաների տեղակայման վերաբերյալ առավել պաշտոնական համաձայնագիր՝ հաշվի առնելով, որ Լիբիան նույնպես շարունակում է մնալ քաղաքացիական պատերազմի մեջ։ Ռուսաստանը նաև ավարտին է հասցնում Սուդանի կառավարության հետ ծովային բազայի մասին համաձայնագիրը, սակայն երկիրը աշխարհագրական առումով նվազ գրավիչ է՝ Միջերկրական ծովում չգտնվելու և Սուեզի ջրանցքի միջոցով մուտքի անհրաժեշտության պատճառով, իսկ Սուդանում շարունակվող քաղաքացիական պատերազմը կարող է բարդացնել ռուսական բազայի օգտագործումը։
Ռուսական նավատորմի վերատեղակայման մեկ այլ ենթադրյալ վայր է Ալժիրը, սակայն Մոսկվան, հավանաբար, ի վիճակի չէ Ալժիրի կառավարությանը բավարար փոխհատուցում առաջարկել։ Սա հավանաբար վերաբերում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բոլոր կառավարություններին, քանի որ Ռուսաստանի հետ երկարաժամկետ բազավորման համաձայնագիրը կարող է այս երկրներում ներքին հակազդեցություն առաջացնել և/կամ արևմտյան երկրներին դրդել նվազեցնելու նրանց հետ համագործակցությունը։
Տարածաշրջանում ցանկացած նոր լոգիստիկ գործընկեր, այդպիսով, կունենա ավելի ուժեղ բանակցային դիրք, քան ուներ Ասադի կառավարությունը։ Տարածաշրջանի երկրները սա կցանկանան օգտագործել Ռուսաստանից բարձր գին կորզելու համար՝ իրենց նավահանգիստների և օդանավակայանների օգտագործման դիմաց։
Սա նշանակում է, որ նույնիսկ եթե Ռուսաստանը կարողանա համաձայնագիր կնքել մեկ այլ երկրի հետ, այն հավանաբար կլինի ժամանակավոր և շատ ավելի թանկ պայմաններով։
«Վագներ» խումբը կարողացավ զգալիորեն ընդլայնել իր ներկայությունը Լիբիայում և Սահարայից հարավ Աֆրիկայում միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2017-ին սկսեց ընդլայնել իր ներկայությունը Սիրիայում, երբ Մոսկվան ապահովեց երկու բազաների, ըստ էության, մշտական կարգավիճակը, որոնցից յուրաքանչյուրը տևելու էր 49 տարի։ Դա Ռուսաստանին շնորհում էր բազաների նկատմամբ ինքնիշխան իրավազորություն։