Քաղաքապետարանը խոստանում է Երևանում 26 հա քաղաքային այգի ստեղծել

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նախատեսում է Մյասնիկյանի հարակից տարածքում ստեղծել 26 հա տարածքով քաղաքային այգի։ Այս առաջարկը դեկտեմբերի 16-ին ներկայացրեց ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ Այգին հարելու է Մյասնիկյան պողոտային, վերին հատվածում՝ Լվովյան փողոցին, մեկ այլ կողմից սկսվում է Գայի պողոտայից ու հասնում մինչև Կենդանաբանական այգի։

«Տարածքի մի մասում այս գարնանը քանդման աշխատանքներ են իրականացվել։ Որոշ հատվածներում դեռևս առկա են զավթված հողատարածքներ, որոնց թիվը 36 է։ Դրանցում կան փոքրիկ կացարանանման տնակներ։ Տարածքում առկա են նաև փոքր թվով պտղատու ծառեր, որոնք պահպանվելու են։ Մնացած ծառերը, որոնք չոր են, դուրս կբերվեն»,- նշեց Բեգոյանը։

Նա նաև ընդգծեց, որ նոր այգին ունենալու է սպորտային ուղղվածություն։

Բեգոյանը քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց այգու ապագա տեսքը և մանրամասնեց, որ գաղափարի հաստատումից հետո կսկսվեն այգու նախագծման աշխատանքները, իսկ զավթված տարածքների ազատումից հետո կմեկնարկի այգու կառուցումը, որը կտևի մոտ երկու տարի։

Մեկնաբանել