Սիրիայի ապստամբները գնդակահարել են գերեվարված զինծառայողներին․ Amnesty International

Սիրիացի ապստամբները Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգում, առանց դատարանի ու հետաքննության՝ գնդակահարել են կանոնավոր բանակի գերեվարված զինվորներին, տեղեկացրել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպութան՝ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ծրագրերի փոխտնօրեն Էն Հարիսոնը։

Նրա խոսքով՝ կազմակերպության տնօրինության տակ կա տեսագրություն, որում ապստամբները նախ ծեծի են ենթարկում, ապա գնդակահարում են զինծառայողներին բլոկպոստերից մեկում՝ Իդլիբ նահանգում։ «Մենք հաստատում ենք, որ հնարավոր է՝ իրականացվել են ռազմական հանցագործություններ»,- ասել է Հարիսոնը, որի խոսքը մեջբերում է Sky News հեռուստաալիքի արաբական տարբերակը։

Amnesty International-ի ներկայացուցչի կարծիքով՝ Սիրիայի վարչակարգի զինված հակառակորդներն արհամարհում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։

Իրավապաշտպաններին առայժմ չի հաջողվել բացահայտել, թե ապստամբական խմբավորումներից որին են պատկանում զինյալները, որ նախ խոշտանգել, ապա գնդակահարել են գերեվարված զինծառայողներին։

Սիրիայում գործում են բազմաթիվ տարանջատ զինված խմբավորումներ, որոնք դիմակայում են սիրիական բանակին ու անվտանգության ուժերին։ Այսպես կոչվող Սիրիայի ազատ բանակը, որի հրամանատարները Թուրքիայում են, փորձում են միավորել այդ խմբավորումները, սակայն մինչ այժմ զինված ընդդիմության միասնական հրամանատարություն գոյություն չունի։

Սիրիայի իշխանությունների տվյալներով՝ ապստամբները օգնություն են ստանում արտասահմանյան երկրներից, որոնք բացահայտ հանդես են գալիս նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ։ Հաղորդվում է նաև, որ վարչակարգի հակառակորդների մեջ կան օտարերկրյա գրոհայիններ, նախևառաջ՝ Լիբիայից, Թունիսից, ինչպես նաև արաբական այլ երկրներից։