Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) ոստիկանության աջակցությամբ 2024-ի դեկտեմբերի 13-ին «Գումի» շուկայում առգրավեց մոտ մեկ տոննա ոչ սպանդանոցային ծագման միս։ Առգրավման ընթացքում տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով միջադեպի մասնակիցները ձերբակալվեցին, իսկ միսը ուղարկվեց ոչնչացման։
2023-ի դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտած կանոնակարգի համաձայն՝ արգելվում է ոչ սպանդանոցային ծագման կենդանական հումքի և մթերքի վաճառքը։ Առանց համապատասխան հավաստագրի վաճառվող միսը ենթակա է ոչնչացման։
Մսավաճառները դժգոհություն են հայտնում այս որոշման վերաբերյալ՝ պնդելով, որ իրենց համայնքներում և մարզերում սպանդանոցներ չկան։ Մասնավորապես, նրանք բարձրաձայնում են Շիրակի և Արարատի մարզերում սպանդանոցների բացակայության մասին։ «Ինչո՞ւ չունենք։ Մեր մարզը չունի, Վեդին կոնկրետ չունի սպանդանոց», – հայտնել է մսավաճառներից մեկը ՍիվիլՆեթին։
Համայքներում սպանդանոցների վիճակագրությունը
2024-ի տարեսկզբին հայտարարվեց հանրապետության բոլոր մարզերում նոր սպանդանոցների կառուցման որոշման մասին։ Հանրային հեռուստատեսությունը, հիմնվելով կառավարության 2024թ․ հունվարի 24-ի որոշման վրա, հայտնել էր, որ «բազմաթիվ բնակավայրերում նոր սպանդանոցներ կստեղծվեն»։
Սակայն իրականում կառավարության որոշմամբ ընդամենը սահմանվել էր սպանդանոցային կետերի հնարավոր տեղակայման վայրերի ցանկը, և պարտադիր կառուցման որևէ ծրագիր նախատեսված չէր։
ՍԱՏՄ-ի տվյալների համաձայն՝ 2024-ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում հաշվառված է 114 սպանդանոց, որոնցից 72-ը մատուցում են սպանդի ծառայություններ, իսկ 42-ը գործում են բացառապես սեփական տնտեսությունների կարիքների համար։
Հաշվառված սպանդանոցների տարածքային բաշխվածությունը հետևյալն է՝ Կոտայքում՝ 26, Արմավիրում՝ 15, Արարատում՝ 14, Լոռիում՝ 12, Արագածոտնում՝ 11, Գեղարքունիքում՝ 9, Տավուշում՝ 8, Սյունիքում՝ 7, Շիրակում՝ 5, Վայոց Ձորում՝ 1։ Երևանում գործում է 6 սպանդանոց։ Հաշվառված սպանդանոցներից 5-ը շարժական են։
Սակայն փաստացի իրավիճակն այլ է։ Հաշվառված սպանդանոցների զգալի մասը կա՛մ չի գործում, կա՛մ սպասարկում է միայն սեփական տնտեսությունները՝ առանց սպանդի ծառայություններ մատուցելու։
#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Շիրակի և Վայոց Ձորի մարզպետարանները հաստատեցին, որ իրենց մարզերում ներկայում չկա որևէ գործող սպանդանոց՝ լինի ծառայություններ մատուցող, թե սեփական տնտեսության համար նախատեսված։
Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ առավել բարենպաստ իրավիճակ է Կոտայքի մարզում, որտեղ 26 հաշվառված սպանդանոցից գործում է մոտ 19-ը, որոնց կեսից ավելին մատուցում են մորթի ծառայություններ։
Մյուս մարզերում իրավիճակն առավել մտահոգիչ է։ Արարատի մարզում, օրինակ, ընդամենը 3 սպանդանոց է ծառայություններ մատուցում։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Կոտայքի և Արարատի մարզի սպանդանոցների տնտեսվարողները հաստատեցին, որ շարունակում են գործել և անասնապահներին տրամադրում են սահմանված կարգով վկայականներ։
ՍԱՏՄ-ից ևս հաստատեցին, որ հաշվառված սպանդանոցներից շատերը փաստացի չեն գործում։ Պարզաբանվեց, որ այդ սպանդանոցները չեն հանվում հրապարակված ցանկից, քանի որ տնտեսվարողները չեն ներկայացրել գործունեության դադարեցման դիմում։
Ըստ տեսչական մարմնի դիրքորոշման՝ սպանդանոցների անբավարար քանակը բիզնես կարգավորման խնդիր է, մինչդեռ իրենց գործառույթն է վերահսկել մսեղիքի անվտանգությունը։
Ի՞նչ է նախատեսում կառավարությունը
Կառավարությունը 2025-ի համար սպանդանոցների զարգացման նպատակով նախատեսում է հատկացնել 350 միլիոն դրամ, ինչպես նաև անասնապահներին դրամական խրախուսում տրամադրել մորթը սպանդանոցներում իրականացնելու համար։
2024-ի օգոստոսի 1-ից գործում է հատուկ լիզինգային ծրագիր, որի շրջանակում շարժական և մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար տրամադրվում են վարկերի տոկոսների պետական սուբսիդավորում։
Սպանդանոցային տնտեսություն հիմնելու, շարժական սպանդանոցներ և մսեղիքի տեղափոխման նպատակով տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար լիզինգի առավելագույն շեմը սահմանված է 2 միլիարդ դրամ։ Շարժական սպանդանոցների ձեռք բերման համար պահանջվող կանխավճարի 80%-ը սուբսիդավորվում է պետության կողմից։
Կառավարության 2024-ի դեկտեմբերի 5-ի նիստում որոշվեց, որ ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան նաև համայնքները։ Սա, ըստ կառավարության, պետք է նպաստի բնակավայրերում սպանդանոցային մորթի կազմակերպմանը, արտադրանքի որակի ու անվտանգության բարելավմանը:
Դեռ 2024-ի հունվարի կառավարության որոշմամբ պարզեցվել էին սպանդանոցային կետերին ներկայացվող պահանջները, ինչը պետք է հեշտացներ սպանդանոցների ստեղծումը տնտեսվարողների համար։