Ժամանակն է, որ ՍիվիլՆեթի ընթերցողներն ընտրեն 2024-ի ամենամեծ սուտը

2024-ին լրատվական դաշտը, սոցցանցերն ու համացանցը կրկին լի էին ապատեղեկատվությամբ և մոլորեցնող պնդումներով։
Քաղաքական և հանրային գործիչները, լրատվամիջոցները շարունակ հանդես էին գալիս հայտարարություններով, որոնք հաճախ չէին համապատասխանում իրականությանը, կեղծ էին և նպատակ ունեին ազդել հանրային կարծիքի վրա։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, արդեն չորրորդ տարին է՝ ընթերցողներին առաջարկում է միասին որոշել տարվա ամենամեծ սուտը։ Այս ավանդույթը, որը սկիզբ է դրվել 2021-ին, մեզ օգնում է ոչ միայն վեր հանել տարվա ընթացքում տարածված ամենաազդեցիկ ապատեղեկատվությունը, այլև միասին վերհիշել և վերլուծել դրա ազդեցությունը հանրային կյանքի վրա։
Ձեր ուշադրությանը ներկայացնում ենք ամենաշատ տարածում գտած մի քանի կեղծ պնդումներ։
Ըստ Ձեզ՝ ո՞րն է 2024-ի ամենամեծ սուտը։
- Նիկոլ Փաշինյան. «Լիսաբոնի գագաթնաժողովից հետո միջազգային հանրությունը երբեք չի քննարկել ԼՂ-ի՝ Ադրբեջանից դուրս լինելը»
2024-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է մի շարք սխալ և մանիպուլյատիվ պնդումներ անել Ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին։ Նա ասել է, թե 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի համար միայն Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության տարբերակն է դիտարկել։ Իրականում, 1996-ից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնցում քննարկվել է նաև Արցախի՝ Ադրբեջանից դուրս լինելու հնարավորությունը։ Մասնավորապես, 1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած կարգավորման փուլային տարբերակով ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում էր ապագային։ 2001-ի Քի Վեսթի պայմանավորվածությամբ նախատեսվում էր Ղարաբաղը միացնել Հայաստանին, իսկ 2007-ի Մադրիդյան փաստաթուղթը և 2011-ի Կազանյան առաջարկները չէին բացառում Արցախի անկախությունը։
- Ընդդիմություն. «Նիկոլի օրերը հաշված են․ կուսակցության անդամները լքում են նրան»
2024-ին խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը իշխանափոխության մի շարք փորձեր արեց։ Նրանք հայտարարում էին Փաշինյանի իշխանության անխուսափելի ավարտի մասին՝ պնդելով, թե «կուսակցության բազմաթիվ անդամներ ներքին կարգով փորձում են միանալ ընդդիմությանը», «հովանավորները լքում են», «Փաշինյանի օրերը հաշված են» և այլն։ Իրականում՝ ո՛չ կուսակցության անդամների զանգվածային անցումներ գրանցվեցին դեպի ընդդիմություն և ո՛չ էլ Փաշինյանը հրաժարական տվեց։
- Ադրբեջանը ֆինանսավորում է արցախցի երեխաների հունգարական ճամբարները
Անցնող տարում մեծ տարածում գտավ մի շարք լրատվամիջոցների հրապարակած կեղծ տեղեկությունը, թե Հունգարիայում 120 արցախցի երեխաների համար կազմակերպված ամառային ճամբարները ֆինանսավորում են Ադրբեջանի կողմից։ Պնդում էր արվում, թե ճամբարների միջոցով փորձ է արվում երեխաների «ուղեղները լվանալ»: Իրականում ծրագիրը ֆինանսավորում էր Հունգարիայի պետական բյուջեից և եվրոպական ֆոնդերից։ Ադրբեջանական որևէ ներգրավվածություն չի հայտնաբերվել։
- Տիգրան Ավինյան. ANIF-ը Հայաստանի ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերությունն է
2024-ին, երբ արդեն սկսվել էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) լուծարման գործընթացը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե ANIF-ը 2018-ից «մեր ամենակարևոր, ամենախոշոր և ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերությունն է»: Իրականում, ֆոնդի գրեթե բոլոր խոշոր ծրագրերը ձախողվել են՝ սկսած 200 ՄՎտհզորությամբ արևային կայանների չիրականացված ծրագրից՝ վերջացրած Fly Arna ավիաընկերության փակումով, որոնցում պետությունը կորցրել է միլիարդավոր դրամներ: Ֆոնդը, փաստացի, լուծարվում է՝ ենթադրյալ չարաշահումների և անարդյունավետ կառավարման պատճառով:
- Փաշինյանն ու Ցուկերբերգը միասին ներդրումային հարթակ են ստեղծել
Սոցցանցերում խարդախություններն ու արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը սրընթաց զարգացում են ստանում։ Հայկական մեդիատիրույթում հայտնվեց արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ, որում վարչապետ Փաշինյանը Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ համատեղ ներդրումային հարթակ է գովազդում՝ խոստանալով օրական 100,000 դրամ եկամուտ: Տեսանյութում վարչապետի ձայնն այնքան լավ էր նմանեցված, որ շատերը հավատացին և սկսեցին դիմել «Libra հարթակին»: Բայց պարզվեց՝ սա խարդախություն է. ինչպես կասեր իրական Փաշինյանը՝ «Սիրելի ժողովուրդ ջան, մի՛ հավատացեք ցանկացած տեսանյութի, որտեղ ես փող եմ խոստանում»:
- Ձեր տարբերակը։
CivilNetCheck
Civilnet










