Էրդողանը չի խոսել Սիրիայի տարածքները Թուրքիային միացնելու մասին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Հայաստանյան լրատվամիջոցները, հերթական անգամ չօգտվելով սկզբնաղբյուրներից, այլ թարգմանելով ռուսական կայքերի տեղեկությունները, տարածել են խեղաթյուրված հայտարարություններ։
Լրատվամիջոցները դեկտեմբերի 13-ին գրել են, թե իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի տարածքները Թուրքիային միացնելու մտադրության մասին։
News.am, Mediahub.am, Pastinfo.am, 168.am, Panorama.am, Auroranews.am և մի շարք այլ լրատվական կայքեր հանդես են եկել «Էրդողանը հայտնել է Թուրքիային Սիրիայի տարածքները միացնելու պլանների մասին» և «Սիրիայի քաղաքները կդառնան Թուրքիայի մաս. Էրդողան» վերտառությամբ հրապարակումներով։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը բացահայտում է, որ լրատվամիջոցները խեղաթյուրել են Էրդողանի խոսքերը՝ հիմնվելով անվստահելի աղբյուրների վրա։
Ի՞նչ են գրել լրատվամիջոցները
Հայկական լրատվական կայքերը, հիմնվելով ռուսական Ura.news կայքի և «Главные новости Турции» տելեգրամյան ալիքի հաղորդումների վրա, տարածել են տեղեկություն, թե իբր Էրդողանը կուսակցական հանդիպման ընթացքում հայտարարել է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և Սիրիայի որոշ տարածքներ Թուրքիայի նահանգներ դարձնելու մտադրության մասին։
Լրատվամիջոցների հրապարակումներում Էրդողանին վերագրվում է հետևյալ խոսքը. «Այն քաղաքները, որոնք մենք անվանում ենք Հալեպ, Իդլիբ, Դամասկոս և Ռաքքա, կդառնան մեր նահանգները, ինչպես Անթեփը, Հաթայը և Ուրֆան»։

Ի՞նչ է իրականում ասել Էրդողանը
Թուրքիայի նախագահի ելույթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա չի հայտարարել Սիրիայի տարածքները Թուրքիային միացնելու մասին։
Կուսակցական հանդիպման ժամանակ Էրդողանը խոսել է Սիրիայի հեղաշրջմանը Թուրքիայի աջակցության մասին և քննադատել ընդդիմությանը պատմությունից անտեղյակ լինելու համար՝ հիշեցնելով Առաջին համաշխարհային պատերազմի սահմանների վերաձևումը։
«Օրինակ՝ իրենք իրենց այս հարցը երբեք չեն տալիս. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ մեր տարածաշրջանում սահմանները նորից էին գծվում, եթե պայմանները այլ կերպ ընթանային, տեսնես ի՞նչ կլիներ։ Շատ հավանական է, որ Հալեպը, Իդլիբը, Համան, Դամասկոսը, Ռաքքան (Սիրիայի քաղաքներ- խմբ.), ինչպես Այնթապը, Հաթայը և Ուրֆան, մեր նահանգները կլինեին։ Այն, որ այս քաղաքները մեր սահմաններից դուրս մնացին, չի նշանակում, որ մենք պետք է ամբողջությամբ խզենք կապը այնտեղ ապրող մեր մարդկանց հետ»,- ասել է Էրդողանը։
Ուշագրավ է, որ ռուսական պետական «ՌԻԱ նովոստին», հղում անելով «Անկարայում դիվանագիտական աղբյուրներին», ևս անդրադարձել է Էրդողանին վերագրված խոսքերին և հերքել դրանք։
Առաջին անգամ չէ, որ հայկական լրատվամիջոցները սխալ են մեկնաբանում թուրք և այլ երկրների պաշտոնյաների հայտարարությունները՝ հիմնվելով երկրորդական աղբյուրների վրա և առանց ստուգելու սկզբնաղբյուրները։
2022-ին լրատվամիջոցները խեղաթյուրել էին Թուրքիայի արտգործնախարարի և նախագահի մամուլի խոսնակի խոսքերը հայ-թուրքական սահմանի բացման և հանդիպումների մասին։ Իսկ 2023-ին սխալմամբ գրել էին, թե իբր Էրդողանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության» մասին։
Տես՝ Էրդողանը չի ասել, թե Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի գործողությունների մասին
Պատմական համատեքստ
Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1923-ին կնքված Լոզանի պայմանագրերը վերաձևեցին նախկին Օսմանյան կայսրության կազմում գտնվող որոշ տարածքներ՝ այդ թվում Հալեպը, Դամասկոսը և այլն, անցան նորաստեղծ Սիրիային։
Էրդողանի այս հայտարարությունները հնչել են Սիրիայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ 2024-ի դեկտեմբերին Սիրիայում տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալվեց, իսկ երկիրը հայտնվեց տարբեր խմբավորումների վերահսկողության տակ։
Թուրքիան այս իրադարձություններում ունեցել է իր դերը՝ աջակցելով «Սիրիական ազգային բանակի» և «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ռազմական խմբավորումներին, որոնք այժմ վերահսկում են Սիրիայի տարածքի գերակշիռ մասը։
CivilNetCheck
Civilnet










