2023 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը ընդունեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու վերաբերյալ որոշումը, որի արդյունքում «070» կոդով ՀՀ անձնագրերով արցախցի փախստականները զրկվեցին ՀՀ քաղաքացիությունից բխող մի շարք իրավունքներից։
Որոշման ընդունման պահին և դրանից հետո կառավարության ներկայացուցիչները տարբեր հիմնավորումներ էին օգտագործում այն բացատրելու համար։ Հիմնական պնդումն այն էր, որ որոշումը ընդունվել է արցախցիներին աջակցելու և նրանց հավելյալ պաշտպանություն տրամադրելու համար։
Որոշումից ավելի քան մեկ տարի անց կարելի է վստահաբար արձանագրել, որ այն արցախցիների համար հավելյալ բարդություններ ստեղծելուց բացի, որևէ այլ նպատակի չի հասել։
Այս որոշման արդյունքում արցախցի փախստականները երկընտրանքի առջև են կանգնել՝ կամ դիմել ՀՀ քաղաքացիության համար, կամ էլ ստանալ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական։
Վերջին մեկ տարվա ընթացքում փախստականները այդ վկայականը հիմնականում օգտագործում էին Հայաստանի տարածքը լքելու, ճանապարհորդելու համար։ Սա մեկ այլ անտրամաբանական որոշման հետևանք է, որով փախստականները չեն կարող երկրի տարածքը լքել առանց այդ փաստաթղթի՝ իբր արտերկրում պաշտպանված լինելու համար։
Հատկանշական է նաև, որ այդ փաստաթուղթը վավեր է մինչև 2024 թվականի վերջը։ Սա նշանակում է, որ ճանապարհորդելու իրավունք ունենալու համար տասնյակ հազարավոր փախստականներ ստիպված են լինելու կրկին որոշակի ժամանակ ծախսել ՀՀ միգրացիոն ծառայության անձնագրային բաժանմունքներում, ինչը հավելյալ խնդիրներ է ստեղծելու ոչ միայն փախստականների համար, այլև կրկին գերծանրաբեռնելու է այդ համակարգի աշխատանքը։
Ի հեճուկս կառավարության հավաստիացումներին՝ արցախցի փախստականների համար քաղաքացիություն ստանալու գործընթացում ևս կան բարդություններ։ Մասնավորապես, շատերը չեն կարողանում ներկայացնել բոլոր պահանջվող փաստաթղթերը, քանի որ դրանք մնացել են Արցախում։
Այս որոշման հետ կավպած մեկ այլ խնդիր էլ այն է, որ մի շարք դեսպանատներ սկսել են հրաժարվել նույնիսկ դիտարկել վիզայի դիմումները «070» անձնագրերով անձանցից։ Այս զարգացումը տեղի է ունեցել հենց կառավարության վերոնշյալ որոշումից հետո։ Մինչ այդ արցախցիները արտասահմանյան վիզա ձեռք բերելու գործընթացում առանձնահատուկ խնդիրների չէին առչնվում։ Այս իրավիճակը պարադոքսալ է այն առումով, որ կառավարությունը իր որոշումը հիմնավորելիս պնդում էր, որ «070» կոդով անձնագրերը միայն ճամփորդական փաստաթղթի գործառույթ էին կատարում։ Այդ որոշման արդյունքում այժմ շատ հաճախ նույնիսկ այդ գործառույթի իրականացումն է անհնար դարձել։
Արցախցիներին փաստացի քաղաքացիությունից զրկելու որոշման մեկ այլ գործնական հետևանքն այն է, որ «070» կոդով անձնագրեր կրողները կորցրել են Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հող ձեռք բերելու իրավունքից, որն ունեին նախկինում։ Արցախցի փախստականները զրկվել են նաև պետական համակարգում աշխատելու հնարավորությունից՝ առանց «ճիշտ» անձնագրեր ստանալու։ Ու սա այն պարագայում, որ նույնիսկ ներկայիս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանակին իրենց պաշտոններում նշանակվել էին, երբ «070» անձնագրերի կրողներ էին։
Այս ամենը զգալիորեն բարդացրել է փախստականների ինտեգրման գործընթացը Հայաստանում՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելով նրանց զբաղվածության խնդիրը լուծելու հարցում։ Եթե այս որոշման նպատակը արտաքին աշխարհին ինչ-որ ուղերձ հղելն էր, ապա այն խառնաշփոթից բացի որևէ այլ արդյունք չի ապահովել։
Միամտություն կլինի մտածել, թե միջազգային հանրությունը կամ դրա առանձին ներկայացուցիչներ պատկերացում չունեին ՀՀ և ԼՂՀ հարաբերություններում գոյություն ունեցած իրավաքաղաքական հարաբերությունների ամբողջության մասին։