Տիգրան Ավինյանին՝ միայն շնորհակալություն 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ դատական հայց է ներկայացրել ՍիվիլՆեթի դեմ։ «Կներեք, մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց։ Ինչ ուզում՝ խոսում է, և անպատիժ»,- Ֆակտոր ՀԸ-ում կազմակերպված բանավեճին հայտարարել է Ավինյանը՝ արձագանքելով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ իրեն ուղղված մեղադրանքին։ Մարությանը բանավեճի ժամանակ վկայակոչել է ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) համատեղ պատրաստած հոդվածը։

«Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» վերնագրված հետաքննությունը բացահայտել է, որ 2018-2021 թվականներին, երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք է տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը: Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։

Որպես ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր՝ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ավինյանին մի քանի բանի համար։

Նախևառաջ, նրա հայտարարությունը վկայում է, որ մեր աշխատանքը հասել է նպատակին։ Հայտարարությունից հետո հոդվածը կայքում դարձել է ամենաընթերցվածը, սոցցանցերում բազմաթիվ մարդիկ այն տարածել են և հանրային մեծ ուշադրություն հրավիրել թեմայի վրա։

OCCRP-ի հետ համագործակցությունը վկայում է մեր հետաքննության որակի և արժանահավատության մասին։ Պարոն Ավինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, թե որքան կարևոր է անկախ մեդիան ու հետաքննական լրագրությունը պաշտոնյաներին հաշվետու պահելու համար։

Անին և Մկրտիչը՝ հոդվածի հեղինակները, պետք է որ գոհ լինեն։ Սա իսկական «Սթրեյզանդի էֆեկտ» էր։

Տիգրան Ավինյանը դրդեց, որ ՍիվիլՆեթին իրենց աջակցությունը հայտնեն բազմաթիվ գործընկեր մեդիաներ ու լրագրողներ, լրագրողական ու հասարակական կազմակերպություններ ու պարզապես ազատ մտածող մարդիկ։

Նա իր հայտարարությամբ հանրային քննարկման տիրույթ բերեց մեկ այլ կարևոր բան՝ այն, որ պաշտոնյաները պետք է հանդուրժող լինեն քննադատության նկատմամբ։

Այսօրինակ հայտարարությունները, հայցերը միայն ամրապնդում են լրագրողների վճռականությունը՝ շարունակելու իրենց կարևոր աշխատանքը հանուն հանրային շահի:

Մենք կուզենք, որ մեր այլ հետաքննությունների կենտրոնում հայտնված պաշտոնյաները ևս օգնեն բարձրացնելու իրենց գործունեության մասին հանրային իրազեկվածությունը։

Սա այն է, ինչ կոչվում է ազդեցություն՝ impact:

Դե ինչ վերաբերում է «աղբակույտին», ապա դա իսկապես քաղաքապետի իրավասության հարց է։ Հուսով ենք՝ նրան կհաջողվի լուծել Երևանի ամենամեծ խնդիրներից մեկը՝ օրինական ու անօրինական աղբավայրերի հարցը։

  • լավ կլինի դատի թեման շարունակվի և իրեն դատի տաք թե պաշտոնական լիազորությունների չարաշահման, թե կոռուպցիայի կանխարգելման օրենքներով հանգիստ հնարավոր է

Մեկնաբանել