Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացման որոշումը

Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումը, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք՝ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։ Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

2023-ի տարեվերջին ավագանու որոշմամբ մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը բարձրացվել էին տարեկան մինչև 160 000 դրամ։ Որոշումն ուժի մեջ է մտել 2024-ի հունվարի 1-ից։ Մինչ այդ ավտոկայանատեղիների համար գործող տարեկան վճարը 12 000 դրամ էր։


Մեկնաբանել