«Ես գործել եմ մի մեծ սխալ». Նիկոլ Փաշինյանը՝ Ղարաբաղի հարցի մասին 

«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ՝ 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- գրել է Փաշինյանը:

***

1994-ի մայիսին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրից հետո Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ներկայացրել են կարգավորման մի շարք առաջարկներ, որոնք, ի շարս այլ տարբերակների, դիտարկել են Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից դե յուրե անջատումը։

1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո է դրել եզրափակիչ հայտարարության վրա, որը ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած կարգավորման փուլային պլանով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում էր ապագային։

2001-ի Քի Վեսթի համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղը միանալու էր Հայաստանին։

2007-ին ընդունված Մադրիդյան հիմնարար սկզբունքները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի միջոցով՝ 1988-ի էթնիկ բնակչության համամասնությամբ, ինչը գործնականում կնշանակեր Լեռնային Ղարաբաղի դե յուրե անջատում Ադրբեջանից։ Մադրիդյան սկզբունքները ի պահ են հանձնվել ԵԱՀԿ դեպոզիտարիային։

Մեկնաբանել