Գևորգ Թոսունյան
2025-ի հունվարի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովը հարցազրույցներ կունենա Հայաստանի թեկնածուների հետ։ Նրանք երեքն են՝ Վահե Գրիգորյան, Նորա Կարապետյան և Աննա Մարգարյան։ Ավելի վաղ այս հանձնաժողովը խնդիր էր տեսել թեկնածուներից մեկի՝ Վիգեն Քոչարյանի առաջադրման հարցում, ինչի պատճառով էլ Հայաստանը ցանկը փոխել էր։
Դատավորի ընտրության ազգային և վերպետական ընտրության մասին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներն ընտրվում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից: Դատավորները պետք է ունենան բարձր բարոյական հատկանիշներ և համապատասխան որակավորում: Ընտրության գործընթացը բաղկացած է երկու փուլից.
- Ազգային ընտրության փուլ, որի ընթացքում յուրաքանչյուր անդամ պետություն առաջադրում է երեք թեկնածու,
- Վերպետական ընտրության փուլ, որի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովը նախ գնահատում է նրանց ընտրության համար կիրառված ազգային ընթացակարգի արդարացիությունն ու թափանցիկությունը (Հայաստանից հանձնաժողովում ներկայացված է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը): Այնուհետև հանձնաժողովն անձամբ հարցազրույց է անցկացնում յուրաքանչյուր թեկնածուի հետ, և եթե գտնում է, որ բոլոր պայմանները բավարարված են, կազմում է հանձնարարական Վեհաժողովի համար՝ նշելով, թե որ թեկնածուն կամ թեկնածուներն են, իր կարծիքով, ամենաուժեղը։ Եթե ոչ, այն կարող է առաջարկել, որ պետությանը ներկայացնի նոր ցուցակ։
Չի բացառվում, որ Հայաստանին խնդրեն նոր ցանկ ուղարկել։ Ըստ կարգի՝ պետությունները իրենց երեք թեկնածուներին ընտրելիս պետք է ապահովեն ազգային ընթացակարգի արդարությունն ու թափանցիկությունը:
Երկքաղաքացիության դրույթի դուրս բերում
Կառավարությունը ՄԻԵԴ դատավորների թեկնածուների ընտրության մրցույթից բացառել է երկքաղաքացիների մասնակցությունը՝ սահմանելով ավելի խիստ պահանջներ, քան գործում են նույնիսկ ՀՀ նախագահի կամ ԱԺ պատգամավորի թեկնածուների համար։
ՄԻԵԴ-ի ներկա և նախկին դատավորների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջազգային պրակտիկայում երկքաղաքացիությունը խոչընդոտ չէ։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան ներկայացնող դատավոր Թիմ Էիքը (Tim Eicke) միաժամանակ Գերմանիայի և Բրիտանիայի քաղաքացի է, իսկ մինչև 2018-ը Սան Մարինոն ներկայացրել է ԱՄՆ քաղաքացի Քրիստինա Պարդալոսը (Kristina Pardalos)։ Ավելին, երկրներ կան, որոնք ՄԻԵԴ-ում ավանդաբար առաջադրում են միայն երկքաղաքացիների կամ այլ երկրների քաղաքացիների։
Հայաստանում և արտերկրում գործող մի շարք երկքաղաքացի իրավաբաններ նախապես հետաքրքրություն էին հայտնել մրցույթին մասնակցելու վերաբերյալ։ Սակայն կառավարությունը փոխեց ընթացակարգերը՝ սահմանելով, որ թեկնածուն պետք է վերջին տասը տարվա ընթացքում լինի ՀՀ քաղաքացի։ Այս պահանջն անհամաչափ է անգամ ՀՀ նախագահին ու պատգամավորներին առաջադրվող պահանջների համեմատ. ՀՀ Սահմանադրությամբ նախագահի թեկնածուն պետք է վերջին վեց տարում լինի ՀՀ քաղաքացի, իսկ ԱԺ պատգամավորը՝ վերջին չորս տարում։
Ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ․ երկքաղաքացի իրավաբանը, հրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից, կարող է հավակնել Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնին, սակայն չի կարող հայտնվել ՄԻԵԴ դատավորների թեկնածուների ցուցակում։
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ վարչապետի որոշումը և դրանում կառավարության կատարած հետագա փոփոխությունները դուրս են ԵԽԽՎ-ի կարգավորման շրջանակից։ Այս սահմանափակումները, ըստ նրա, խտրական են և միտված են նեղացնելու հավակնորդների շրջանակը, հակասում են միջազգային պրակտիկային և սահմանափակում որակյալ մասնագետների մասնակցության հնարավորությունը։
ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ցուցակի փոփոխության իրական հանգամանքները
2024-ի հոկտեմբերին ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների նոր ցուցակում Վիգեն Քոչարյանին փոխարինեց Աննա Մարգարյանը։ Ցուցակում մնացին Վահե Գրիգորյանն ու Նորա Կարապետյանը։
Թեկնածուների ընտրության հանձնաժողովի հոկտեմբերի 18-ի նիստի արձանագրության համաձայն՝ Քոչարյանի անվան հեռացումը պայմանավորված է եղել նրա դիմումով։ Սակայն հանձնաժողովը լռության է մատնել էական հանգամանք․ Քոչարյանի թեկնածությունը մերժվել էր Եվրոպայի խորհրդի խորհրդատվական հանձնաժողովի բացասական եզրակացության հիման վրա։
Հանձնաժողովը հղում է կատարել վարչապետի 2023-ի օգոստոսի 31-ի որոշմանը, որը սահմանում է․ «Եվրոպայի խորհրդի խորհրդատվական հանձնաժողովի կողմից ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի կամ մի քանիսի վերաբերյալ բացասական եզրակացություն տալու [․․․] դեպքում․․․»։
Ուշագրավ է, որ դրանից հետո Ազգային ժողովը նրան նշանակեց Վճռաբեկ դատարանի դատավոր։
ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության հանձնաժողովի ձևավորման խնդիրները
Մրցութային հանձնաժողովի կազմի ձևավորումը սկզբիցևեթ եղել է խնդրահարույց։ Վարչապետի որոշմամբ իրականացված փոփոխություններն էականորեն փոխել են հանձնաժողովի ներկայացուցչական բնույթը։
Եթե 2014-ին հանձնաժողովում ներկայացված էր ՀՀ դատավորների միությունը, ապա վարչապետի նոր որոշմամբ այն փոխարինվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակով։ Դատավորների միության նախագահ, նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանը հայտնի է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշմամբ, որից հետո ենթարկվել է ճնշումների։ Իսկ թե ինչ սկզբունքով է ընտրվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը, մնում է անհասկանալի։ Թե ինչու կառավարությունը այլ ՀԿ-ների ևս հնարավորություն չի տվել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, անհասկանալի է։
Հանձնաժողովի կազմում բացառապես ներառվել են իշխանության պաշտոնական ներկայացուցիչներ՝ բացառությամբ ՀՔԱՎ-ի։ Ուշագրավ է, որ նույնիսկ Բարձրագույն դատական խորհրդից (ԲԴԽ) ներգրավվել է ոչ թե գիտության ներկայացուցիչ անդամ, այլ պետական համակարգից ԲԴԽ դատավոր նշանակված Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանը։ Արդյունքում հանձնաժողովում ակադեմիական շրջանակը ներկայացված չէ։
Գնահատման անհասկանալի ընթացակարգեր
Ավելի վաղ մենք անդրադարձել էինք ՄԻԵԴ-ում դատավորի ընտրության գնահատման անհասկանալի ընթացակարգերի խնդրին։ Գնահատման արդյունքները հանձնաժողովը գաղտնի է պահում։
Թեկնածուների հարցազրույցների վերլուծությունը բացահայտում է մի շարք խնդրահարույց հանգամանքներ։ Հանձնաժողովը չի պահպանել միասնական մոտեցում՝ տարբեր թեկնածուների ուղղելով անհամաչափ քանակի և տարբեր բովանդակության հարցեր։ Որոշ դեպքերում հարցերը դուրս են եկել գնահատման սահմանված չափանիշների շրջանակից՝ ձեռք բերելով քաղաքական երանգավորում։
Հանձնաժողովի գործելաոճի թափանցիկության լուրջ խնդիր է նաև թեկնածուների ինքնակենսագրականների չհրապարակումը։ Սա հակասում է ինչպես ՄԻԵԴ-ի պրակտիկային, որտեղ դատավորների կենսագրությունները հանրամատչելի են, այնպես էլ ՀՀ ներպետական փորձին, քանի որ Ազգային ժողովում դատավորների ընտրության ժամանակ թեկնածուների կենսագրությունները պարտադիր հրապարակվում են։
Ստեղծվել է անհասկանալի իրավիճակ, երբ, օրինակ, ՄԻԵԴ դատավորի թեկնածու Վիգեն Քոչարյանի կենսագրությունը գաղտնի է պահվում, սակայն Վճռաբեկ դատարանի թեկնածու Վիգեն Քոչարյանի կենսագրությունը ամենայն մանրամասնությամբ ներկայացվում է։
Գնահատման կամայականության մասին վկայում է նաև այն փաստը, որ թեկնածուներից Աննա Մարգարյանը և Արմեն Մազմանյանը եղել են ՄԻԵԴ ad hoc (ժամանակավոր) դատավորներ, սակայն նրանցից ոչ ոք հավակնորդների ցուցակում չի հայտնվել։ Մարգարյանը ցուցակում հայտնվել է միայն Վիգեն Քոչարյանի թեկնածության հեռացումից հետո։
Մրցույթի թափանցիկության մեկ այլ էական խախտում է արդյունքների ոչ լիարժեք հրապարակայնացումը։ Թեկնածուներին չի տրամադրվել տեղեկատվություն իրենց զբաղեցրած դիրքերի մասին, իսկ մրցույթի արդյունքներից հանրությանը հասանելի է դարձել միայն ԵԽԽՎ ուղարկված վերջնական ցանկը։
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մեծամասամբ ուշադրությոն չի դարձրել այս մրցույթին, ինչն էլ նաև գործոններից մեկն է, որ այն անցկացվել է խախտումներով։ Այդուհանդերձ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը մանրակրկիտ ուսումանասիրել է մրցույթի անցկացման ողջ ընթացքը։