Պարգևատրումների աճ և քաղաքային ծրագրերի կրճատում. Երևանի 2025-ի բյուջեն՝ ըստ «Լույս» հիմնադրամի

Երևանի 2025-ի բյուջեն աչքի է ընկնում հակասական միտումներով. մի կողմից քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարները վերջին երեք տարում, 2025-ը ներառյալ, կաճեն ավելի քան 4 անգամ, մյուս կողմից՝ կրճատվել են քաղաքի զարգացման համար ենթակառուցվածքային և կապիտալ ծրագրերի ֆինանսավորումը։ Այս մասին ասվում է «Լույս» հիմնադրամի վերլուծությունում, որում ներկայացված է մայրաքաղաքի 2025-ի բյուջետային քաղաքականության պատկերը։

Հիմնադրամի փորձագետները նշում են, որ քաղաքային իշխանությունները 2025-ի բյուջեի եկամուտների հավաքագրման հիմնական հույսը դրել են նոր «ֆիսկալ օգնականի»՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման վրա։ Այս նոր ուղղությունից ակնկալվում է ստանալ 21,3 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ, որը կազմում է քաղաքի սեփական եկամուտների գրեթե քառորդ մասը։

Հետազոտության հեղինակները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ բյուջեի սեփական եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է երկու գործոնով՝ տրանսպորտի ուղեվարձերի կտրուկ բարձրացմամբ և գույքահարկի նոր մեթոդաբանության կիրառմամբ, որը հանգեցնելու է այդ հարկատեսակի ավելացման։ Ընդ որում, սեփական եկամուտներ համարվող մնացած եկամտատեսակների գումարային մեծությունը նվազելու է։

Որպես մտահոգիչ միտում մատնացույց է արվում քաղաքի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի ֆինանսավորման կրճատմանը։ Ըստ «Լույս»-ի վերլուծության՝ ճանապարհների վերանորոգման բյուջեն կրճատվելու է 28,2%-ով, իսկ կամուրջների վերականգնման ծրագրի ֆինանսավորումը՝ 24,4%-ով։ Ավելին, այս ծրագրերի ընթացիկ տարվա ինն ամիսների կատարողականը եղել է բավականին ցածր՝ բյուջեի ճշտված պլանի համապատասխանաբար 42,8% և 12,7%։

Հատկանշական է, որ միևնույն ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրումների ֆոնդը շարունակում է զգալի աճ արձանագրել։ 2025-ին այն կաճի ևս 46,1%-ով, իսկ վերջին երեք տարվա կտրվածքով աճը կկազմի ավելի քան 4,1 անգամ:

Հիմնադրամի փորձագետները ուշադրություն են հրավիրում մի շարք այլ «տարակուսելի» ծախսերի աճի վրա։ Օրինակ, «Տոնական-արտաքին ձևավորման» ծախսերը 2025-ին աճելու են շուրջ 6 անգամ, իսկ վերջին երկու տարվա կտրվածքով՝ 18,6 անգամ։ Նմանապես, «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի ֆինանսավորումը 2023-ի համեմատ աճելու է 2,6 անգամ։

«Ի դեպ, 2024-ին, բացի այն, որ այս ծրագրի գծով ծախսերը նախորդ տարվա համեմատ կտրուկ ավելացել էին, ճշտված պլանով դրանք բարձրացվել են ևս 44,7%-ով», – նշում են հիմնադրամի փորձագետները:

«Լույս» հիմնադրամի վերլուծաբանները «որոշ ծրագրերի» գծով արձանագրում են հատկացվող միջոցների աճ, սակայն հավելում, որ նախորդ տարիներին դրանց գծով արձանագրվել է խիստ ցածր կատարողական: Ըստ այդմ, նրանք թերահավատ են, որ 2025-ին կհաջողվի ապահովել նշված ավելացված ծախսերի կատարումը։

Այդպիսի ծրագրերից է Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, որը քաղաքային իշխանության` Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հիմնական խոստումներից մեկն է։ Չնայած 2025-ի բյուջեով նախատեսվում է 2,4 անգամ շատ գումար, սակայն 2024-ի ինն ամիսների ընթացքում այս ծրագրով ընդհանրապես ծախսեր չեն կատարվել։

Վերլուծության համաձայն՝ քաղաքային իշխանությունները շարունակում են խնդիրներ ունենալ նաև բյուջեի պակասուրդի պլանավորման հարցում։ Վերջին յոթ տարիների ընթացքում պակասուրդի փաստացի ցուցանիշները կտրուկ շեղվել են պլանավորվածից, ինչը վկայում է բյուջետային պլանավորման ոչ արդյունավետ համակարգի մասին, նշում են հիմնադրամի փորձագետները:

Մեկնաբանել