ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների շուրջ չեն բանակցում. Հ. Աբրահամյան

Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները պաշտոնական որևէ բանակցություն չեն վարում` կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Իմ անձնական ցանկությունն է, որ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պաշտպանի գործող նախագահի թեկնածությունը»,- նշեց Աբրահամյանը:

Շարունակելով նախագահական ընտրությունների թեման` ԱԺ նախագահը չբացառեց, որ ընտրությունների հետ մեկտեղ անցկացվի նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով ոչ միայն կընդլայնվեն փոխվարչապետի ինստիտուտի լիազորությունները, այլև կավելացվի դրանց թիվը: Աբրահամյանի խոսքով` հարցը կուսակցությունում քննարկվել է, սակայն վերջնական որոշում դեռ չկա:

Հարցին, թե համապատասխանում է արդյոք իրականությանն այն տեղեկությունը, որ Չեխիայից Հովիկ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանի հետ է վերադարձել, Աժ նախագահը դրական պատասխան տվեց: «Որևէ քաղաքական հարց չի քննարկվել, որևէ պայմանավորվածություն չի եղել: Կարծում եմ` լավ ձևաչափ չէ` պայմանավորվել ինքնաթիռում հանդիպել»,- ասաց ԱԺ նախագահը` ընդգծելով, որ հանդիպումը պատահական է եղել:

Մեկնաբանել