«Վանոն ու Վազգենը». պարտադիր կարդալու

Միքայել Նահապետյան

Այլ էր կյանքը պարտությունից առաջ, և տղայական համոզվածությունն էր ուրիշ, երբ վստահ էինք հայրերի ու որդիների հավերժ կռվում մեր «անվիճելի» ճշմարտացիության վրա: Հեգնանք էլ չէ, այլ ծաղրն է ճակատագրի, որ մենք՝ հաղթանակի մեջ ձևավորված սերունդը, այնքան տարվեցինք «մեր հայրերի պես կիսատ հաղթանակ սերունդներին չթողնելու» (կարծում եմ արդարացի) մղումով, որ թողնում ենք ամբողջական պարտություն: Իհարկե մենք լրիվ այլ բան էինք երազում, պատրաստ էինք վճարել դրա համար և վճարել ենք դրա համար, բայց մեզ դատելու են ըստ արդյունքների և ո՛չ մղումների: Եվ ահա, պարտությունը, որ առաքինի մարդուն պիտի դարձնի համեստ, հիմա ստիպում է հաշտության եզրեր գտնել պատմության այն շրջափուլի հետ, որտեղ մահացու մեղքերի ու հանցավոր անգործության մեջ ծնվել էր երկու պետություն, որոնցից մեկը հօդս ցնդեց մեր «անմեղ մղումների» տունտունիկում:

Եվ ահա այստեղ՝ միֆերի ու փլուզումների, մաղձի ու վիրավորվածության, արժեքների ու մանրախնդրության այս խառնարանում Արա Թադևոսյանի ու Լուսինե Ղարիբյանի «Վանոն ու Վազգենը» (կներեն ինձ հեղինակները վերնագրի կրճատման համար) հարց լուծող գրականություն է, ինչպես հարց լուծող էին դրա գլխավոր հերոսներն ու, առհասարակ, ժամանակի մարդիկ: Այն հաշտության պակտ է Հայաստանի և Արցախի ճակատագրի համար սրտացավ երկու գաղափարական հոսանքների միջև՝ դրանց գլխավոր ֆլագմանների եղբայրության ու հակասությունների օրինակով: Այս գրքում սրբեր չկան, չկա անվիճելի ճիշտ և անվիճելի սխալ, նենգությունն ու շիտակությունը հերթափոխում են իրար՝ ցույց տալով կյանքի ու մարդու բարդությունը, իշխանության այլանդակող բնույթը, գործելու պահի կարևորությունը և հեռանալու պահի չգիտակցման անտանելի թունավորությունը: Այս գիրքը պարտադիր ընթերցանության գրականություն է այն մարդու համար, որի անձնագիրը մեխանիկական տպագրության արդյունք չէ, այլ հայտ ու որոշում՝ իր կյանքը կապելու այս երկրի անցյալի և ապագայի հետ: Այս գիրքը կտրականապես հակացուցված է քաղաքական այն շերտին, որի համար ատելությունը միակ շարժիչ ուժն է, որովհետև երբ այս գիրքը դուրս բերի այն ողջ թարախը, որ նրանք կուտակել են ուրիշների հանդեպ, նրանցից կմնա միայն դատարկ ու անշունչ կեղևը: Իհարկե չեմ կարծում և համաձայն էլ չեմ մի կողմ թողնել արդար ցասումը այն մարդկանց հանդեպ, որոնք փորձում են ջնջել մեր հաղթանակն ու պայքարը պատմության էջերից, բայց ատելությունը չի կարող լինել միակ շարժիչ ուժը:

Գալով գրքի բովանդակությանը և հեղինակների մեթոդաբանական մոտեցումներին՝ պարտադիր է ընդգծել, որ գրքի հում նյութը ավելի քան քսան մարդու հետ հարցազրույցներն են, և ըստ այդմ գնահատանքի են արժանի բովանդակային, գեղագիտական և էթիկական այն ֆիլտրերը, որոնցով համադրվել են այդ հարցազրույցների էական հատվածները: Բոլոր այն դեպքերում, երբ որևէ անձ ստուգման արժանի պնդում է արել, հեղինակները անպայման ջանք են գործադրել ստուգելու կամ բաց հարց թողնելու այդ նշանակալի փաստի վերաբերյալ: Ոչ անհրաժեշտ կրկնությունները գրեթե բացակայում են, հետաքրքիր բալանս է ստեղծված անձնական-մտերմիկ պահերի և քաղաքական նշանակություն ունեցող իրադարձությունների լուսաբանման միջև: Լեզուն պարզ է, բայց ոչ պարզունակ, պարբերաբար տեմպ է փոխում, ինչպես մեխանիկական փոխանցման տուփով մեքենան՝ վայրիվերումներով ճանապարհի վրա, և իրադարձությունների լարվածության ընկալման հարցում իր այդ տեմպը թելադրում է ընթերցողին: Հեղինակները հիմնականում չեն խուսափել անհրաժեշտ պահերին հերոսների հեղինակությունը կասկածի տակ առնելու համարձակությունից:

Թերությունները, որ գուցե ոչ այնքան թերություն են, այլ ինձ համար պակասող առանձնահատկություն․ շատ ավելի արժանահավատ ու համապարփակ են բացված մինչև 1994-ի դրվագները, որտեղ հերոսները առավել համախոհ էին, ընկեր ու մտերիմ, քան 1994-ից հետո-ն, երբ Ղարաբաղ կոմիտեի շարքերում մթնոլորտը զգալիորեն թունավորվել էր: 1994-ից հետո-ն առավել հատվածական է, այսինքն՝ առանձին դրվագների և լայն համատեքստի լավ բացվածքի արանքում կարծես պակասում են ազդակներին և միջավայրին վերաբերող հատվածներ ու հատկապես հերոսների վերաբերմունքը այդ ազդակներին ու միջավայրերին: Գուցե սա դուրս է գրքի նպատակից, կամ գուցե եղածն իքնին բավարար է, և ավելին իմանալու իմ սպասելիքն է անիրատեսական. չեմ բացառում:

Գրքում թույլ են արտահայտված արտաքին դերակատարների հետ կապված հարաբերությունները և հերոսների վերաբերմունքը նրանց: Գրեթե բացակայում են ներկա իշխանության և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հարաբերություններն ու փոխադարձ վերաբերմունքը հերոսների հետ, հատկապես, որ տարագրության երկար տարիներին Վանո Սիրադեղյանը առնվազն թերթում հրապարակվող հոդվածների մակարդակում կապ է պահել Նիկոլ Փաշինյանի հետ: Սա ևս գուցե իմ անձնական ու ոչ լեգիտիմ ակնկալիքն է:

Մնացյալ դետալներն արդեն ամեն ընթերցողի ճաշակի, տեղեկացվածության և արժեքների հարց են, որին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում:

Վերջում՝ անձնապես շնորհակալ եմ Արա Թադևոսյանին թե՛ կատարած աշխատանքի, թե՛ գրքի մեկ օրինակ նվիրելու համար: Իսկ հանրային երախտագիտության նա և ամբողջ ստեղծագործական անձնակազմը արժանի են այն բանի համար, որ այս տեքստով օգնում են հաղթահարել պատերազմն ու դրա հոգեբանական հետևանքների մի մասը: Եվ եթե իրապես «ազգը տեքստ է», ապա այս տեքստում ազգը ասպետ է, համարձակ, հուզական, բայցև սառնասիրտ, դաժան ու հաշվենկատ… Նաև զերծ չէ իր արատներից, գայթակղություններից, հղփանալու և կուրանալու հակումներից: Ինչը, կարծում եմ, վատ չէ:

Մեկնաբանել