Լևոն Արոնյանի շախմատային սեանսը՝ լրագրողներին և հաշմանդամներին

Նոյեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Շախմատի տանը կկայանա գրոսմայստերներ Լևոն Արոնյանի շախմատային սեանսը, որին կմասնակցեն լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հաշմանդամություն ունեցող մարդիկ:

Միջոցառումը, որը կիրականացվի «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրի ներքո, նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին:

Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ:

Լևոն Արոնյանն արդեն 3-րդ անգամ է մասնակցում «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» ակցիային.

«Նման միջոցառումներում ակտիվություն ցուցաբերելը շատ կարևոր է, քանի որ սպորտսմենները քաղաքականությունից ու ամեն ինչից հեռու մարդիկ են, դրա համար մեր ներգրավվածությունն ավելի շատ է ժողովրդի կողմից ընդունվում: Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ մարդիկ մտածեն ամեն մի հարցի շուրջ, որ մեզ մոտեցնում է զարգացած գաղափարներին, մտածեն հաշմանդամների մասին: Ամբողջ աշխարհում` ազատություն ու հավասարություն»,- նախորդ մրցաշարին տված իր հարցազրույցում նշել է Արոնյանը:

Միջոցառումն իրականացվում է Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Մեկնաբանել