Ենոքավանում ինքնաթիռ չի ընկել․ գրառումը կեղծ է և հին

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գրառումներ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում իբր տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ։

«Հրատապ լուր․ արդեն մի քանի ժամ․․․ բոլորի համար. կարևոր է ու շտապ. «Ենոքավանի վրա ընկած՝ 300 հոգանոց ինքնաթիռի հետքերով»․ Ինչ է եղել իրականում»,- նշված է գրառման մեջ։

Տարածվող գրառումն իրականում և՛ կեղծ է, և՛ ժամանակավրեպ։

Ի՞նչ է հայտնի գրառումը տարածվող կայքի մասին

Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը գրառմանը կցել են պարբերաբար կեղծ կամ հին լուրեր տարածող media41news.com կայքի հղումը:

Հոդվածում նշված է, որ «Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է լուրը»։

«[…] տարածվող ինֆորմացիան չի հաստատվում, քանի որ մարզում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,- նշված է հոդվածում։

Մինչդեռ Սիփան Փաշինյանը ներկայում պատգամավոր չէ։ Նա պատգամվոր է եղել նախորդ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում։

Իսկ media41news.com կայքը ողողված է գովազդներով։

Էկրանապատկերը՝ media41news.com կայքից

2020-ին հերքված ավիավթարի լուրը կրկին շրջանառվում է

Ենոքավան գյուղում ավիավթարի վերաբերյալ կեղծ լուրը հրապարակվել էր 2020-ի հունվարին, երբ տարածվել էին Տավուշում ինքնաթիռի վթարի կամ պայթյունի մասին չհաստատված տեղեկություններ։ Մարզում բնակիչները պայթյունի տարօրինակ ձայներ են լսել։

Տավուշի այդ ժամանակվա մարզպետ Հայկ Չոբանյանը հերքել էր ավիավթարի լուրը` պարզբանելով, որ ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից ստացված պաշտոնական տեղեկատվության՝ պարզապես անցկացվել էին օդային զորավարժություններ, որոնց մասնակցել էր 30-ից ավելի օդանավ:

«Թռիչքները կատարվել են «Էրեբունի» օդանավակայանից: Թռիչքները եղել են ոչ միայն Տավուշում, այլև Լոռիում: Երևի այդ թռիքչների աղմուկն է եղել: Որևէ տեխնիկայի անկման մասին պաշտոնական տեղեկություն չկա»,- ասել էր Չոբանյանը:

Այսպիսով, Ենոքավանում ավիավթարի վերաբերյալ տարածվող լուրը կեղծ է և ժամանավրեպ։ Իսկ նման գրառումներ տարածելու նպատակը կցված կայքի այցելությունները մեծացնելն ու դրա հաշվին գովազդից գումար ստանալն է։

Մեկնաբանել