Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեծ հարցազրույց է տվել ամերիկացի բլոգեր և փոդքասթեր Լեքս Ֆրիդմանին, որտեղ հիշել է պատերազմի առաջին օրերը և խոսել խաղաղության հասնելու ուղիների իր պատկերացումների մասին։ Զրույցի ամփոփ շարադրումը վերցված է BBC-ի ռուսական ծառայության հոդվածից։
Խոսելով ԱՄՆ-ի և Արևմուտքի՝ ներխուժումից առաջ տված խոստումների մասին՝ նա ոչ պատշաճ բառապաշար է օգտագործել, ինչպես նաև առաջին անգամ խոստովանել է, որ պատերազմի առաջին օրերին խոսել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ու վերջինս ներողություն է խնդրել Ուկրաինայի վրա հարվածների համար։
Հարցազրույցը տևել է գրեթե երեք ժամ։ Զելենսկին հիմնականում խոսել է ուկրաիներեն, չնայած Ֆրիդմանը ցանկանում էր, որ զրույցը լինի ռուսերեն։
Զրույցի սկզբում Լեքս Ֆրիդմանը հայտարարել է, որ պլանավորում է մեկնել Մոսկվա և հարցազրույց անել Վլադիմիր Պուտինի հետ։ Փոդքասթերը նաև ասել է, որ վստահ է, որ Պուտինը, Զելենսկին և Դոնալդ Թրամփը պետք է հանդիպեն հունվարի 25-ին՝ ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո, և պայմանավորվեն խաղաղության մասին։
Ըստ Զելենսկու՝ ԱՄՆ ընտրված նախագահը կարող էր դառնալ համաշխարհային առաջին առաջնորդը, որն ինքնաթիռով կժամանի Ուկրաինա, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն պատերազմի ավարտից հետո։
Պատժամիջոցների մասին
Երբ խոսք է բացվել Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբի մասին, Զելենսկին հիշել է արևմտյան գործընկերների հետ իր զրույցները։
«Ես խնդրում էի միայն մեկ բան, առաջին հերթին ԱՄՆ-ից՝ եթե դուք համոզված եք, եթե դուք ապացույցներ ունեք, եթե դուք նրա [Պուտինի] հետ խոսում եք, նա ձեզ ասում է, որ ներխուժում է լինելու, եթե այս ամենը ձեզ վախեցնում է, ես ապացույցներ չեմ խնդրում, պարզապես տվեք ինձ երկու բան՝ ուժեղացրեք մեզ զենքով, բայց ամենալավը՝ ուժեղացրեք մեզ նախադրյալներով, որպեսզի ոչ մի պատերազմ չլինի։ Դա առաջին հերթին զենքը չէ, ես նրանցից խնդրում էի պատժամիջոցներ։ Այսինքն՝ վախեցրեք նրան»,- ասել է նա։
«Խնդրում եմ, մի՛ ասեք՝ «եթե նա գա, եթե անցնի սահմանները, եթե սպանի, մենք պատժամիջոցներ կմտցնենք»։ Դե դա անհեթեթ (անպատշաճ բառ է օգտագործում) է, ներողություն»,- ավելացրել է Զելենսկին։
Ֆրիդմանը ճշտել է՝ արդյոք Զելենսկին նկատի ունի, որ Ուկրաինային այն ժամանակ ժամանակին օգնություն չեն ցուցաբերել։
«Ես կարծում եմ՝ ոչ։ Մենք օգնություն չէինք ստանում։ Եթե մենք համարենք, որ խոսքերը օգնություն են, ապա մենք դա շատ էինք ստանում»։
Արդեն ներխուժումից հետո արևմտյան երկրները սկսեցին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և ակտիվորեն զենք մատակարարել Կիևին։
Լուկաշենկոյի ներողությունների մասին
Զելենսկին նաև հիշել է պատերազմի առաջին օրերը և Բելառուսիայի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցը։ Բելառուսի տարածքով ռուսական զորքերը սկսել էին ներխուժումը և փորձում էին գրավել Կիևը, սակայն անհաջողության մատնվեցին։
«Ես հեռախոսով խոսել եմ Լուկաշենկոյի հետ, և նա ներողություն է խնդրել, ասում էր՝ «դա ես չեմ», իր տարածքից հրթիռներ էին արձակում, և արձակում էր Պուտինը։ Նա ասում էր. «Հավատա ինձ, դա ես չեմ, ես չեմ վերահսկում»։ Ես նրան ասացի, որ նա նույնպիսի մարդասպան է, իսկ նա ինձ ասում էր. «Հասկացի՛ր, հնարավոր չէ ռուսների դեմ կռվել»»։
Ըստ Զելենսկու՝ Լուկաշենկոն առաջարկել է իրեն հարվածել Բելառուսին։
«Նա ասում է. «Լավ, հարվածի՛ր նավթավերամշակման գործարանին, դու հո գիտես, թե այն ինչքան կարևոր է ինձ համար»։ Դա Մոզիրի գործարանն էր։ Ես նրան ասում եմ՝ ինչի մասին ես խոսում, ինչ պատասխան։ Դա պատերազմի երկրորդ կամ երրորդ օրն էր»,- ասել է Զելենսկին։
Նման զրույցի և Լուկաշենկոյի խնդրանքների մասին Ուկրաինայի նախագահը նախկինում երբեք չէր խոսել։
Մոզիրի նավթավերամշակման գործարանը՝ ռուսական բանակի վառելիքի հիմնական արտադրողներից և մատակարարներից մեկը, դադարեցրել է աշխատանքը անցյալ տարվա հուլիսի 15-ին, պաշտոնական՝ փոթորկի պատճառով։
Սակայն ուկրաինական լրատվամիջոցները գրել են, որ կանգի պատճառը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներն էին։
Զինադադարի հնարավորության մասին
Զինադադարի հեռանկարների մասին հարցին Զելենսկին նախ հիշեցրել է 2019-ի պատմությունը, երբ նա Պուտինի հետ պայմանավորվել էր Դոնբասում հերթական զինադադարի մասին, սակայն Ռուսաստանը մեկ ամիս անց խախտեց այն։
«Ես նրան զանգահարում էի այնքան ժամանակ, մինչև ռուսները ընդհանրապես դադարեցին լսափողը վերցնել։ Ես ցանկանում էի հաջորդ հանդիպումը, ռուսները մերժում էին, մենք փորձում էինք տարբեր երկրների միջոցով, բայց ռուսները չէին ցանկանում, ինչ-որ անիմաստ բաներ էին դուրս տալիս»,- հիշել է Զելենսկին։
Ֆրիդմանի այն հարցին, թե արդյոք Զելենսկին կարող է հունվարին հանդիպել Թրամփի և Պուտինի հետ եռյակով՝ անվտանգության երաշխիքներով խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ասել է, որ նախ ցանկանում է հանդիպել միայն Թրամփի հետ և բանակցություններին ներգրավել եվրոպացիներին։
«Ես կարծում եմ՝ հունվարի 25-ին կամ մեկ այլ օր, մենք նախ և առաջ նստում ենք Թրամփի հետ։ Մենք պայմանավորվում ենք, թե ինչպես կարող ենք կանգնեցնել պատերազմը և Պուտինին։ Եվ մենք Թրամփի հետ կպայմանավորվենք։ Եվ եթե նա առաջարկի անվտանգության ուժեղ երաշխիքներ, ապա դրանից հետո կարող է արդեն խոսակցություն լինել ռուսների հետ։ Եվ միայն այդպես, ոչ թե պարզապես միանգամից երեքով նստելը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
«Մեզ համար կարևոր է, որ Եվրոպան էլ ունենա ձայն,- ավելացրել է Զելենսկին։- Ես համոզված եմ, որ նա [Թրամփը] Եվրոպայի հետ միասին կարող է առաջարկել անվտանգության ուժեղ երաշխիքներ Ուկրաինային»։
«Ինչ կլինի Թրամփի հետ, եթե նա կրակի դադարեցում անի, իսկ երեք ամիս անց Պուտինը նոր հարձակում սկսի։ Ինչի՞ կնմանվեն Թրամփը և Ուկրաինան։ Իսկ ինչու՞ Պուտինը կսկսի։ Որովհետև նա այսօր վախենում է Թրամփից։ Եվ հենց որ Թրամփը գնա կրակի դադարեցման՝ առանց Ուկրաինայի համար անվտանգության լուրջ երաշխիքների, նա պաս կտա Պուտինին։ Նա դա չի ուզում, բայց նա պաս կտա Պուտինի հնարավորությանը, որովհետև Պուտինի գլխում ինձ Թրամփի հետ գժտեցնելն է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին կոչ է արել չսպասել Պուտինի ցանկությանը, այլ ստիպել նրան դադարեցնել պատերազմը։ Ըստ Զելենսկու՝ Ռուսաստանի նախագահն ինքը չի ցանկանում պատերազմի ավարտ։