Ր.Հովհաննիսյանը չի բացառում, որ եթե լինի ընդդիմության միասնական թեկնածու, կսատարի նրան

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ասուլիսում հայտարարել է առաջին և վերջին անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, սակայն չի բացառում, որ սատարի ընդդիմության որևէ այլ՝ «հավաքական թեկնածուի». «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման տաղավարում այս մասին ասաց անձամբ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ սահմանադրորեն՝ նախագահի թեկնածուները կսկսեն առաջադրվել դեկտեմբերին, և այն, որ ինքն արդեն իսկ հայտարարել է իր մտադրության մասին, չի կաշկանդում իրեն քննարկել այլ՝ հանրության համար առավել շահեկան տարբերակներ: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը բազմիցս կողմ է արտահայտվել ընդդիմության մեկ՝ միասինական թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելու գաղափարին, և չի ակնկալում, որ բոլորը պիտի իր հետևից գան, այլ՝ բաց է քննարկել առաջադրված կամ առաջադրվելիք կին կամ տղամարդ «որևէ մեկ այլ հավաքական թեկնածուի սատարելու» խնդիրը:

«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական պայքարը, համատեղ արշավը, ըստ նրա, սխալ չէր: «Խնդիրը եղել է մեկ մարդու պահվածքի մեջ, և այդ մարդու հարցում ես սխալվել եմ, ես դա ընդունում եմ: Բայց նաև ունեմ բնավորության մեկ գիծ. ես չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու որևէ մեկի սուտը կամ կեղծիքը»,- նշեց նա՝ հավելելով, որ ստի անհանդուժողականության իր սկզբունքը գործում է առանց բացառության բոլորի նկատմամբ:

Խոսելով նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման որոշման մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական և քաղաքացիական խմբերի և անձանց հետ, ովքեր կկամենան պայքարել և աշխատել հանուն ազատ և անկախ հայրենիքի՝ չհերքելով հավանականությունը, որ կընդունի նաև «Ազատ դեմոկրատների» զորակցությունը:

« «Ժառանգություն»-ը իր համագումարը կգումարի դեկտեմբերի կեսին և կորոշի՝ ինչպես տանել աշխատանքը»,- հաղորդեց նա:

Անդրադառնալով իր՝ մանդատը չվերցնելու հարցին՝ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ դա եղել է ըստ նախնական պայմանավորվածության. «Եվ նաև, հիշեք, թե քանի կուսակցությունների՝ իշխանական և ընդդիմադիր, առաջին հորիզոնականներում եղած մարդիկ վայր են դրել իրենց մանդատը: Ես հիմա իմ ծառայությունն առաջարկում եմ՝ որպես նախագահի թեկնածու»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել