Գևորգ Թոսունյան
Երևանում ներդրվում է հանրային տրանսպորտի նոր միասնական տոմսային համակարգ, որն ամբողջությամբ կսկսի գործել փետրվարի 1-ից։ Մինչ այդ Երևանի տրանսպորտում արդեն վերացվել է 100 դրամանոցներով վճարում կատարելու հնարավորությունը։
Ինչ է պետք իմանալ նոր տոմսային համակարգի, սակագների ու վճարման մեթոդների մասին։
Անցումային անորոշ փուլ
Հունվարից սկսած բազմաթիվ դժգոհություններ կան տոմսերի օգտագործման ժամանակահատվածի հետ կապված։ Սոցիալական ցանցերում բազմաթիվ են գրառումները, որ Երևանի հասարակական տրանսպորտի QR տոմսեր տրամադրող «Թել-Սել» համակարգը օգտագործման ժամկետ սահմանում է չորս օր։ Խնդիրն այն է, որ դեռ 2024-ի դեկտեմբերի 24-ին Երևանի ավագանին չզեկուցվող հարցերի շրջանակում փոփոխություն է կատարել ու սահմանել «Մեկ ուղևորության» տոմս, որն արժե 100 դրամ և թույլ է տալիս կատարել մեկ ուղևորություն՝ գնման պահից 3 օրվա ընթացքում։
Փետրվարի 1-ից, երբ ուժի մեջ մտնի Երևանի ավագանու՝ տոմսային նոր համակարգի մասին որոշումը, տոմսերի ակտիվացման ու գործարկման հստակ ժամկետներ ու չափորոշիչներ կգործեն։
Ինչպես է փոխվում սակագինը
Փետրվարի 1-ից տրանսպորտի սակագինն ամբողջությամբ փոխվում է․ այլևս չի գործի 100 դրամ սակագինը։
Տոմսային նոր համակարգն ունենալու է յոթ հիմնական փաթեթ, որոնք իրենց հերթին ունենալու են զեղչային տարբերակներ։ Հիմնական փաթեթները նախատեսված են 90 րոպեից մինչև մեկ տարվա համար։
Ահա այդ փաթեթներն ու դրանց արժեքը․
Կարճաժամկետ տոմսեր
90 րոպե – 3 ուղևորություն (300 դրամ՝ ֆիզիկական քարտ կամ 280 դրամ՝ էլեկտրոնային տոմս)
1 օր – 8 ուղևորություն (900 դրամ կամ 880 դրամ)
7 օր – 30 ուղևորություն (5,000 դրամ կամ 4,800 դրամ)
Երկարաժամկետ տոմսեր (անսահմանափակ)
30 օր – 9,000 դրամ կամ 8,800 դրամ.
90 օր – 24,000 դրամ կամ 23,600 դրամ
365 օր – 90,000 դրամ կամ 88,000 դրամ
Բազմակի օգտագործման
10 ուղևորություն՝ 30 օրվա ընթացքում (2,200 դրամ կամ 2,100 դրամ)
Երկարաժամկետ տոմսերի դեպքում ակտիվացումը պետք է իրականացվի ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում, տվյալ դեպքում քաղաքացին պարզապես առաջին անգամ այդ ժամանակահատվածում օգտվում է տոմսից։ Միայն «1 օր» և «90 րոպե» քարտի ակտիվացումը նախատեսվում է 10 օրվա ընթացքում
Բացի այդ, տոմսերը ունեն օգտագործման սահմանափակումներ։ Օրինակ՝ «30 օր», «90 օր», «365 օր» տոմսերը, թեև անսահամանափակ օգտագործման հնարավորություն են տալիս, սակայն սահմանվել է, որ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ կարող են քաղաքացիները դրանք օգտագործել։ Յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայման է նախատեսվել «1 օր», «7 օր» և «90 րոպե» տոմսերի պարագայում։
Ավագանու որոշումով ուսանողների համար կգործի 15, դպրոցականների ու նպաստառուների համար՝ 20, իսկ թոշակառուների համար՝ 30 տոկոս զեղչ: «Զվարթնոց» օդանավակայանի տոմսը կարժենա 500 դրամ (ֆիզիկական քարտ) կամ 480 դրամ (էլեկտրոնային եղանակով տոմս)։
Գնային համեմատություն
Անսահմանափակ օգտագործման տոմսերի դեպքում նախկին ու նոր սակագնային համակարգի համեմատությունը կրում է անհատական բնույթ, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է որոշի՝ ինչքանով է այն թանկացել կամ նվազել՝ կախված տրանսպորից օգտվելու հաճախականությունից։ Մյուսների դեպքում, եթե հաշվարկի հիմք ընդունենք ֆիզիկական քարտերը, ունենում ենք մեկ ուղևորության համար հետևյալ գնային պատկերը.
- «1 օր» – 112 դրամ,
- «7 օր» – 166 դրամ,
- «90 րոպե» – 100 դրամ,
- «Բազմակի օգտագործման» – 220 դրամ։
Վճարման մեթոդաբանությունը
Տոմսերը, ինչպես նշվեց, լինելու են ֆիզիկական և էլեկտրոնային կրիչով։ Փետրվարի 1-ից դրանք գնելու բոլոր եղանակները գործելու են՝ ըստ քաղաքապետարանի հայտարարությունների։ Ահա այդ եղանակները․
- Transport.yerevan.am կայքից,
- Դրամարկղերից (դրանց մասին տեղեկությունն առկա է վերոնշյալ կայքի քարտեզում),
- Telcell Wallet-ի տերմինալներից,
- Telcell Wallet-ի հավելվածի միջոցով,
- Բանկային քարտի կցումով կամ քարտով վճարումով։
Transport.yerevan.am-ով գնում կատարելու համար պահանջվելու է գրանցում և նույնականացման հաստատում։
Telcell Wallet-ի տերմինալների դեպքում քաղաքացուց կպահանջվի միայն կանխիկ դրամ ու հեռախոսահամար։
Telcell Wallet-ի հավելվածի պարագայում քաղաքացիները պետք է նույնականացում անցնեն, ինչը ենթադրում է անձնական տվյալների տարամադրում։
Ընդդիմության դիրքորոշումը
Նախորդ տարվա նոյեմբերից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրահավաք է անցկացնում՝ մեկ երթի համար 100 դրամ սակագինը պահպանելու պահանջով։ Նա պնդում է, որ իշխանությունն առանց լուրջ հիմնավորման է փոխում սակագինը։ Մարությանն առաջարկում է թողնել սահմանված փաթեթները, սակայն միաժամանակ պահպանել մեկ ուղևորության համար 100 դրամ սակագինը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն էլ պնդում է, որ իշխանությունը ուղեվարձի գինը մինչև 300 դրամ է թանկացնելու։ Այս քաղաքական ուժը ստորագրահավաք է իրականացրել տրանսպորտի թանկացման դեմ։ Բացի այդ, խմբակցությունը 2024-ի փետրվարին նախագիծ ներկայացրեց ավագանու դատին, որի հիմքում Վրաստանի տոմսային համակարգն էր։ Ընդդիմադիրներն առաջարկում էին տարբեր փաթեթներ, որոնցից որոշների դեպքում ուղևորության արժեքը 100 դրամից պակաս էր կազմելու։ Այս նախագիծը, սակայն, չընդունվեց։
Քաղաքային իշխանության դիրքորոշումը
Երևանի քաղաքային իշխանությունը, որի կազմում «Քաղաքացիական պայամանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունն են, համոզված է, որ տրանսպորտի թանկացմանն այլընտրանք չկա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ մեկ ուղևորափոխադրման միջին գինը կազմելու է 144 դրամ, սակայն այն քաղաքացիները, որոնք ավելի քիչ են օգտվում տրանսպորտից, կվճարեն ավելի շատ։
Քաղաքային իշխանությունը նաև նշում է, որ ներկայում ի հայտ եկած որոշ թերացումներ կլուծվեն հընթացս։ Խոստանում են պարբերաբար թարմացնել շարժակազմը։ Նշում են, որ չնայած փոփոխություններին՝ քաղաքապետարանը շարունակում է սուբսիդավորել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։ Քաղաքապետ Ավինյանի տվյալներով՝ նախորդ տարի այն ունեցել է մոտ 8 մլրդ դրամի եկամուտ, Երևանի քաղաքապետարանը սուբսիդավորումն էլ եղել է շուրջ 9 մլրդ դրամի չափով։ Ըստ քաղաքային իշխանության՝ տրանսպորտային բարեփոխումները հնարավոր չեն առանց սակագնի բարձրացման։
3 Comments
Հայաստանի բնակչության կյանքը անընդհատ լցնում եք բարդույթներով ։
Այդքան կատակասեր, այդքան սև հումորի արմատական մի եղեք։
Այդպիսի որոշում ընդունելուց առաջ ընդհանրապես մտածել եք արդյոք, որ քրտնաջան աշխատողներից ու սեփական մեքենայով ուղևորվող հարուստներից բացի , հայկական ընտանիքներում կան արժեքավոր այլ անձիք, որոնք փաստորեն մի քանի կանգառի համար պետք է վճարեն 300 դրամ և եթե մի օր հետո ետ են վերադառնում ևս 300 դրամ այսինքն մի հոգին 600 դրամ վճարի որպիսի շատ մոտ հարազատին այցելի։
Հանկարծ միամտորեն չորոշեն ընտանիքով հյուր, ժամանցի վայր, խանութ և այլն վայր գնան, ձեր փորած փոսը պատրաստ է։ Ձկնորսական ցանցի պես մաթեմատիկական հաշվարկներ պետք է փորձեն անել։ ժողովրդի ուղեղը ինչով եք ծանրաբեռնում, համապատասխան մաթեմատիկական բանաձևեր էլ չկան։
Պատրաստվում եք Երևանը բանտի վերածել , թե կարծում եք այն ինչ որ մի գյուղ է։
Փաստորեն փետրվարի 1- ց Երևանը դառնում է Բերմուդյան եռանկյունի, երկկողմանի տոմս չկա։
Ավելի հստակ համակարգ մշակեք, ներկայիս 100 դրամանոց համակարգի պես։, Եթե թանկացնում եք, ապա կոնկրետ թիվ դրեք, անթիվ տրանսպորտային , երկարաժամկետ տոմսերի և այլն դեպքերի համար համապատասխան զեղչով։
Եթե արտասահմանյան ուղևորների հոսքից եք անհանգստանում , ուղղակի ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՁՆԱԳՐԻ հիման վրա բանկային ու տոմսային քարտերի, տերմինալներով և այլն վաճառված տոմսերի արժեքը ավելի էժան վաճառք, քան տոմսերի վաճառվող սովորական արժեքը ։
Մի հիմար ծովը քար է նետում 10 խելոք չեն կարողանում հանել — ելքը մեկն է’ հիմարին ծովը նետել !!!
Ընտրել ենք քաքն ենք ընկել սրանցից պետք է ազատվել !!!
Ես երևի միակը չեմ ,որին հետաքրքրում է այս հարցը . ի՞նչ է նշանակում կես ժամ հետո, ասենք մարդը փոխում է իր տրանսպորտը ,բայց մինչ իրեն պետք եղած կանգառը 15 րոպե է , ի՞նչ, 15 րոպե էլ պիտի սպասի , որ կարողանա վճարու՞մ անել , և վերջապես տվեք հնարավորություն տվեք քանակով երթևեկելու , թող էլի լինի 140 դրամ ,բայց ես ունենամ հնարավորություն,օրինակ 60 երթևեկության , ու էդ 60 երթևեկությունը ես եմ կառավարում ու ծախսում եմ 2 շաբաթում , մեկ ամսում , թե՝ 3։ Ես ամեն աշխատանքային օր օգտվում եմ տրանսպորտից , ուսուցչուհի եմ և այլ վայրեր չեմ հաճախում , այսինքն ինձ ձեր անսահմանափակ ուղևորությունը պետք չէ , ստացվում է , որ իմ տոմսը , քույրիկիս տոմսը , որը 4 օր է շաբաթական աշխատում ,ի դեպ նվազագույն աշխատավարձով, շատ ավելի է թանկանում ,քան 150 դրամը ։