Նյու-Յորքի ավանդական մարաթոնը հետաձգվել է

Աշխարհի ամենամեծ մարաթոններից մեկի՝ Նյու-Յորքի մարաթոնի կազմակերպիչները հրաժարվել են անցկացնել մրցույթը, որը նախատեսված էր կիրակի օրը. հաղորդում է BBC-ն:

Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ վազքի մրցույթն անցկացնելուն խոչընդոտել է «Սենդի» փոթորիկը. այն քաղաքին հարվածել էր հոկտեմբերի 29-ին՝ միայն այս քաղաքում դառնալով տասնյակ մարդկանց մահվան պատճառ: Նյու-Յորքը դեռ չի կարողանում վերադառնալ կյանքի նորմալ ռիթմին:

«Մենք չենք ցանկանում, որ դա ստվերի մրցույթն ու մրցակիցներին, դրա համար էլ այն որոշեցինք չեղյալ հայտարարել»,- նշված է Բլումբերգի հայատարարության մեջ:

Նշենք, որ մարաթոնի անցկացմանը դեմ էին արտահայտվել բազմաթիվ քաղաքական գործիչներ: ԱՄՆ-ում փոթորկի արդյունքում զոհվել է ավելի քան 90 մարդ, Նյու-Յորքում էլեկտրականությունից դեռևս զրկված է տների ու ձեռնարկությունների մի զգալի մասը՝ շուրջ 1.2 մլն-ը:

«Մարաթոնը Նյու-Յորքի անբաժանելի բաղադրիչներից էր շուրջ 40 տարի. դրան մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, այն դիտում են միլիոնավոր մարդիկ: Եվ թեպետ դրա անցկացումը չէր պահանջում մեծ միջոցներ, ակնհայտ է, որ այդ միջոցառումը տարակարծությունների և վիճաբանությունների առիթ կարող էր դառնալ»,- հայտարարել է քաղաքապետը: