Արևմտյան Հայաստանը Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է. Նիկոլ Փաշինյան

«Ոնց որ արևմտյան Ադրբեջանը չի կարող լինի Ղազախից այս կողմ, արևմտյան Հայաստանն էլ չի կարող լինի Արմավիրից այն կողմ». այս հայտարարությունն արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հրապարակած «Ընտանեկան փոդքաստ» կոչվող հաղորդմանը։

«Իրական Հայաստանը իրական տարածաշրջանի մեջ է։ Ոնց որ արևմտյան Ադրբեջանը չի կարող լինի Ղազախից այս կողմ, արևմտյան Հայաստանն էլ չի կարող լինի Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանը Արաքս գետում, Արաքս գետի մոտ ավարտվում է։ Եվ սա մեր անվտանգության կոնցեպտն է։ Մենք սրա վրա ենք կառուցում անվտանգությունը։ Սա այն բանաձևն է, որը մեզ թույլ է տալու մեր միջավայրում ապրել»,- ասել է Փաշինյանը։

Տիկնոջ հետ զրույցում Փաշինյանը խոսել է իր առաջ քաշած «իրական Հայաստանի կոնցեպտի» մասին. «Իրական Հայաստանը, ի վերջո, անկախության մասին է, անկախ պետության մասին է։ […] Իրական Հայաստանի հայեցակարգը նաև խաղաղության ճանապարհի և խաղաղության կոնցեպտի մասին է»։

«Մենք հիմա այս քայլերով գնում ենք և փորձում ենք Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատել,- ասել է Նիկոլ Փաշինյանը։- Մենք չենք ունեցել իրական Հայաստանի գաղափարախոսություն, չէ՞, առնվազն՝ վերջին 30 տարում։ Զուգահեռաբար այդ ամբողջ ընթացքում չենք ունեցել ո՛չ խաղաղություն, ո՛չ բարեկեցություն, ո՛չ անվտանգություն, ո՛չ մի բան, ո՛չ բարձր կենսամակարդակ, ոչինչ չենք ունեցել»։

«Երբ Ադրբեջանից ժամանակ առ ժամանակ հնչում են հայտարարություններ Հայաստանի Հանրապետության մասին՝ օգտագործելով արևմտյան Ադրբեջան, մենք պետք է շատ հստակ դիրքորոշում որդեգրենք այս խնդրի կամ այս խոսույթի նկատմամբ ,- ասել է Փաշինյանը,- Հայաստանի Հանրապետությունում չի եղել, չկա և չի կարող լինել արևմտյան Ադրբեջան։ Դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ»։

«Այդ ագրեսիվ հռետորաբանությանը հակակշռելու կամ հակազդելու ձևը ո՞րն է. հենց իրական Հայաստանը դրան հակազդելու և հակակշռելու ձևն է՝ արդեն իսկ արձանագրված միջազգային իրողությունների վրա, որ կան երկրներ իրենց տարածքային ամբողջականությամբ, իրենց ինքնիշխանությամբ և այդ գիծն անցնելը արդեն նշանակում է դիմացինի ապրելու իրավունքը ինչ-որ առումով դնել կասկածի տակ»։

«Երբ որ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքով, սահմաններով բան ենք անում, մենք կառուցում ենք մեր անվտանգության հայեցակարգը։ Ասում ենք՝ սա մեր միջազգայնորեն ճանաչված տարածքն է, մենք այս տարածքից դուրս չունենք նկրտումներ և հավակնություններ։ Հայաստանի Հանրապետության տարածքում չի եղել, չկա և չի կարող լինել արևմտյան Ադրբեջան հենց այս հիմնավորմամբ, և այս կոնցեպտի վրա մենք կառուցում ենք մեր անվտանգությունը, հետևաբար ոչ մեկը մեր պաշտպանվելու և պաշտպանունակ լինելու իրավունքը չի կարող վիճարկել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ինքնիշխան երկիրը, սեփական քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելը ոչ միայն իրավունք է, այլև ցանկացած պետության պարտականություն։

Մեկնաբանել