Ուկրաինայի խորհրդարանը՝ Վերխովնա Ռադան, ճանաչել է չերքեզների ինքնորոշման իրավունքը և 19-րդ դարում Ռուսական կայսրության կողմից նրանց դեմ իրականացված ցեղասպանությունը՝ Վրաստանից հետո դառնալով երկրորդ երկիրը, որը ճանաչում է չերքեզների ցեղասպանությունը։
Վերխովնա Ռադան հինգշաբթի ընդունել է բանաձևը՝ 232 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։ Այժմ այն սպասում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հաստատմանը։
Ռուսական կայսրության կողմից իրականացված Չերքեզական ցեղասպանությունը 19-րդ դարի Կովկասյան պատերազմի արևմտյան ճակատի՝ ռուս-չերքեզական պատերազմի հանգուցակետն էր։ Պատերազմի ընթացքում ռուսական ուժերը սպանել են հարյուր հազարավոր չերքեզների, իսկ Չերքեզիայի բնակչության ճնշող մեծամասնությունը դրանից հետո տեղահանվել է Օսմանյան կայսրություն։
Վերխովնա Ռադայում Քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ բանաձևը 2024-ի հունիսին ներկայացվելուց ամիսներ անց։
Բանաձևը «չերքեզների զանգվածային բնաջնջումը և նրանց բռնի տեղահանումը իրենց պատմական հայրենիքից» ճանաչում է որպես ցեղասպանություն։
Այն նաև համերաշխություն է հայտնում չերքեզներին, հարգում զոհերի հիշատակը, դատապարտում Ռուսական կայսրության գործողությունները և կոչ անում այլ երկրներին ու կազմակերպություններին ճանաչել ցեղասպանությունը։
Բանաձևը նաև կոչ է անում ճանաչել չերքեզների՝ իրենց հայրենիքում վերաբնակեցման և ինքնորոշման իրավունքը և «դատապարտում է պատմական փաստերը խեղաթյուրելու ռուսական քարոզչության փորձերը»։ Այն նաև կոչ է անում Ուկրաինայում ստեղծել կրթական և հետազոտական ծրագրեր Չերքեզական ցեղասպանության մասին։
Բանաձևի համահեղինակ պատգամավոր Օլեքսի Գոնչարենկոն ողջունել է օրինագծի ընդունումը՝ այն անվանելով «կարևոր նախաձեռնություն»։
«Ուկրաինան հարգում է այս հանցագործության զոհերի հիշատակը, դատապարտում է կայսրության գաղութային քաղաքականությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ճանաչել այս ցեղասպանությունը»,- գրել է նա Տելեգրամում։
2022-ի հոկտեմբերին Ուկրաինան ճանաչել է Իչկերիայի Չեչենական Հանրապետությունը որպես անկախ պետություն, որը «ժամանակավորապես» օկուպացված է Ռուսաստանի կողմից, ինչպես նաև դատապարտել է «չեչեն ժողովրդի դեմ ցեղասպանության իրականացումը»։
Դրան հետևել է 2024-ի փետրվարին ինգուշ ժողովրդի՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքի ճանաչումը։
Այս բանաձևով Ուկրաինան դառնում է չերքեզների ցեղասպանությունը ճանաչող երկրորդ երկիրը՝ Վրաստանի 2011-ի մայիսին ճանաչումից հետո։
Աղբյուրը՝ OC Media