Կեղծ խաղարկություն՝ Coca-Cola-ի անունից. հին խաբեությունը կրկին տարածվում է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում կրկին հայտնվել է կեղծ խաղարկություն «Coca Cola Fans» անվամբ էջի միջոցով։ Էջը կեղծ նվերներ և մրցանակներ է խոստանում օգտատերերին՝ «Կոկա Կոլայի» (Coca-Cola) ծննդյան օրվա առթիվ։
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը բացահայտել է, որ խաղարկությունն իրականում խարդախության փորձ է։
Ինչպես է գործում խաբեությունը
Էջում տեղադրված գրառումը խոստանում է մինչև հունվարի 15-ը նվերներ, պայուսակներ, կանխիկ գումար և կտրոններ բաժանել բոլոր այն օգտատերերին, որոնք կգրեն «Happy Birthday» մեկնաբանություն։ Գրառումն արդեն հավաքել է հարյուրավոր մեկնաբանություններ և տարածումներ։

Սակայն էջը որևէ առնչություն չունի «Coca-Cola» ընկերության հետ։ Ընկերության պաշտոնական էջը ֆեյսբուքում կոչվում է պարզապես «Coca-Cola» և ունի ավելի քան 109 միլիոն, իսկ ընկերության հայաստանյան ներկայացուցչի էջը՝ մոտ 13 հազար հետևորդ։
Ինչպե՞ս ճանաչել կեղծ էջերը
Խարդախները հաճախ օգտագործում են հայտնի բրենդների անվանումները՝ դրանց ավելացնելով «Fans», «Club» և նմանատիպ բառեր։ Այս հնարքն օգտագործվում է օգտատերերին մոլորեցնելու և իրական ընկերությունների հետ նմանություն ստեղծելու նպատակով։Նման կեղծ էջերը սովորաբար նոր են ստեղծված և չունեն երկարատև պատմություն։ Դրանց միակ ակտիվությունը կասկածելի խաղարկությունների և մրցույթների մասին գրառումներն են, որոնք հրապարակվում են էջի ստեղծման առաջին օրերին։

«Coca-Cola Հելլենիկ Արմենիա» ընկերությունից #CivilNetCheck-ին ավելի վաղ հայտնել էին, որ նմանատիպ էջերի հետ որևէ կապ չունեն։ Ընկերությունը կոչ է անում զգուշությամբ վերաբերվել նմանատիպ կասկածելի առաջարկներին։

Նման խաբեությունները պարբերական բնույթ են կրում
Սա առաջին դեպքը չէ, երբ նմանատիպ կեղծ խաղարկություններ են տարածվում Coca-Cola-ի անունից։ 2024-ի օգոստոսին նույն սխեմայով գործող էջը խոստանում էր մեքենա նվիրել պարզապես լուսանկարի վրա տարբերվող թիվը գտնելու դիմաց։

Չափազանց հեշտ պայմաններով առցանց խաղարկությունները հաճախ խարդախության նշան են։ Խարդախները սովորաբար օգտագործում են հայտնի բրենդների անունները՝ օգտատերերի վստահությունը շահելու համար։
Տես՝ «Կոկա Կոլան» մեքենա չի խաղարկում․ տարածվող գրառումը կեղծ է
Խաբեությունից խուսափելու համար ստուգեք էջի պաշտոնական լինելը, ստեղծման ամսաթիվը և հրապարակումների պատմությունը։ Երբեք մի կիսվեք անձնական տվյալներով և մի կատարեք վճարումներ առանց աղբյուրի հավաստիությունը ստուգելու։
Այսպիսով, Coca-Cola-ի անունից տարածվող ծննդյան օրվա խաղարկության մասին գրառումը կեղծ է։ Օգտատերերին խորհուրդ է տրվում զգոն լինել և չմասնակցել կասկածելի խաղարկություններին, որոնք չեն հրապարակվում ընկերությունների պաշտոնական էջերում։
Civilnet
CivilNetCheck










