Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը։
Մինսկի խումբը լուծարելու հնարավորության մասին հունվարի 9-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի հայտարարությանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցը լրատվամիջոցներին, որտեղ նա սպառնացել էր «բացել Զանգեզուրի միջանցքը»։ Հունվարի 7-ի հարցազրույցում Ալիևը պահանջել էր նաև լուծարել Մինսկի խումբը։ «Հույս ունեմ, որ մեր բոլոր պայմանները խաղաղության պայմանագրի վերաբերյալ նույնպես կընդունվեն, քանի որ դրանցում արտակարգ ոչինչ չկա: Մինսկի խմբի վերացումը, սահմանադրության փոփոխությունը՝ առանց դրա խաղաղության պայմանագիրն անհնար է»,- ասել էր Ալիևը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական ձևաչափն էր 1992-ից ի վեր։ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ են ներկայացվել հակամարտության կարգավորման մի շարք տարբերակներ։
Տես՝ Ղարաբաղյան կարգավորման յոթ պլանները, որ ներկայացվել են 1997-ից ի վեր