Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի և հարմար պահի է սպասում. զրույց Բենիամին Պողոսյանի հետ

ՍիվիլՆեթը զրուցել է ԱՊՐԻ Արմենիա հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանի հետ։ Զրույցը որոշ խմբագրումներով ու թեմատիկ բաժանումներով՝ ստորև։

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

– Վարչապետի խոսնակը հայտարարեց, որ Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ-ին դիմելու հնարավորությունը։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպե՞ս կգնահատեք այս քայլերը, ինչու՞ հիմա։

– Կարծում եմ՝ Մինսկի խմբի լուծարումը պայմանավորված է խաղաղության պայմանագիրը ստորագրման նախապայման դիտարկելու Ադրբեջանի դիրքորոշմամբ։ Գիտենք՝ Ադրբեջանը մի շարք նախապայմաններ ունի՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն և այլն, և դրանցից մեկը Մինսկի խմբի լուծարումն է՝ առնվազն վերջին վեց ամիսների ընթացքում։ Եվ ի սկզբանե Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը չեզոք դրական էր։ Միակ տարբերությունը դիրքորոշումներում այն է, որ եթե նախագահ Ալիևը պնդում է, որ սկզբում պետք է Մինսկի խումբը լուծարվի և հետո միայն ստորագրվի խաղաղության պայմանագիր,ապա Հայաստանի իշխանությունները ասում էին՝ եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիր, ֆիքսենք, որ չկա կոնֆլիկտ և դրանից հետո իհարկե, եթե չկա կոնֆլիկտ, ապա տրամաբանական է, որ չկա նաև Մինսկի խումբ, որը պետք է զբաղվի կոնֆլիկտի լուծմամբ։

Վերջին հաշվով, ըստ Հայաստանի ղեկավարության տրամաբանության, Արցախի հարցը փակված է, գոյություն չունի, և եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր է ստորագրվում, նշանակում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև այլ հարցերի շուրջ ևս կոնֆլիկտներ չկան։ Ըստ այդմ, տրամաբանորեն, Մինսկի խումբը պետք է լուծարվի։ Թե՛ վարչապետի, թե՛ վարչապետի խոսնակի Եվ նաև այս վերջին հայտարարություններից հետո, ամեն դեպքում, հստակ չէ, Հայաստանի վարչապետը կամ կառավարությունն արդյոք հիմա փոխել են դիրքորոշումը և գտնում են, որ Մինսկի խումբը պետք է լուծարել նախքան խաղաղության պայմանագրի ստորագրո՞ւմը, թե՞ մնացել է այն դիրքորոշմանը, որը Մինսկի խմբի լուծարումը տրամաբանական է պայմանագրի ստորագրումից։

Ամեն դեպքում, Հայաստանի, այսպես ասենք, չեզոք դրական արձագանքը տեղավորվում է խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս մոտեցնելու հույսով։ Ես կասեի [Հայաստանի դիրքորոշման մասին], որ եկեք Ադրբեջանի ևս ինչ-որ մի պահանջ բավարարենք կամ առնվազն ակնարկենք, որ պատրաստ ենք բավարարել և հուսանք, որ ա) սա կարող է ի վերջո բերել խաղաղության պայմանագրի ստորագրմանը և բ) անընդհատ Ադրբեջանին և միջազգային հանրությանը ուղերձներ հղել, որ Հայաստանն այնքան կառուցողական է, որ պատրաստ է Ադրբեջանի տարբեր նախապայմաններ բավարարել՝ դրանով ինչ-որ տեղ խնդիրներ ստեղծել Ադրբեջանի համար Հայաստանի դեմ հնարավոր էսկալացիան արդարացնելու առումով, որովհետև մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը առնվազն հիմքեր է նախապատրաստում Հայաստանի դեմ էսկալացիայի արդարացման համար։

Դժվար է ասել՝ էսկալացիան կլինի, երբ կլինի, ինչպիսին կլինի, բայց մի բան հստակ է, որ Ադրբեջանը չի բացառում էսկալացիայի հնարավորությունը, պատրաստվում է դրան, այդ թվում՝ ռազմական առումով, և մյուս կողմից պատրաստում է հիմքեր, որպեսզի եթե որոշում ընդունի սկսել էսկալացիա, կարողանա այդ հիմքերը ներկայացնել միջազգային հանրությանը և ինչ-որ տեղ արդարացնել։

Իմ գնահատմամբ՝ Հայաստանի կառավարության դիրքորոշումը՝ անընդհատ երևալ կառուցողական, համաձայնել գրեթե բոլոր պայմաններին, անընդհատ շեշտել, որ պատրաստ են քաղաքական համաձայնագիր ստորագրել և այլն, միտված է նրան, որպեսզի որևէ միջազգային խաղացողի մոտ, այսպես ասենք, հարցեր չառաջանան, թե միգուցե իրոք Հայաստանը ինչ-ինչ հարցերում ապակառուցողական էր կամ ինչ-ինչ խոստումներ չի կատարել, որ տվել է, և դրանով, այսպես ասենք, Ադրբեջանի հնարավոր էսկալացիան կարող է արդարացվել։

– Մինսկի խումբը 2020-ի պատերազմից հետո փաստացի չի գործում։ Ինչու՞ է Բաքուն հիմա այդքան պնդում, որ ձևաչափը լուծարվի։ Ի՞նչ խնդիր կա այդտեղ։

– Ես թերևս կհամաձայնեմ, որ Մինսկի խումբը փաստացի չի գործում, բայց թերևս 2022-ի փետրվարից, որովհետև ամեն դեպքում մի քանի համատեղ հայտարարություններ եղել են 2020-ի նոյեմբերից հետո։ Վերջինը, եթե ճիշտ եմ հիշում, 2021-ի դեկտեմբերին, որտեղ ի դեպ նշվում էր, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ և պետք է լուծվի, այդ թվում՝ կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա։ Ենթադրվում էր, որ նկատի ունեին Մադրիդյան սկզբունքները, որոնք հրապարակվել էին դեռ 2009-ի հուլիսին համանախագահ պետությունների նախագահների կողմից։

Դրանից հետո իհարկե դրանք տարբեր թարմացումների են ենթարկվել։ Ամեն դեպքում, 2022-ի փետրվարից սկսած, այո՛, Մինսկի խումբը փաստացի չի գործում։ Գիտենք, որ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները միմյանց են մեղադրում։ Ռուսաստանը պնդում է, որ Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն են հրաժարվել իր հետ աշխատել։ Հասկանալի է, որ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները այլ պատկերացում ունեն։ Արդեն գրեթե երեք տարի,- հաջորդ ամիս կլրանա երրորդ տարին,- Մինսկի խումբը փաստացի չի գործում։

Ինչու՞ է ամեն դեպքում Մինսկի խմբի առկայությունը Ադրբեջանին մտահոգում, որովհետև քանի դեռ կա Մինսկի խումբ, գոնե իրավական հարթության մեջ, ապա դա նշանակում է, որ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն։ Իսկ եթե կա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, ապա առնվազն կա Լեռնային Ղարաբաղ, նկատի ունեմ, որպես տերմին կամ որպես միջազգային իրավական կամ իրավաքաղաքական հարթության մեջ որոշակի գործոն։

Հասկանալի է, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ և անելու է ամեն ինչ, որպեսզի ընդհանրապես Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը վերացվի։ Թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական դիսկուրսից։ Եվ, իհարկե, Մինսկի խմբի լուծարումը Լեռնային Ղարաբաղ տերմինը իրավական, իրավաքաղաքական կամ աշխարհաքաղաքական դիսկուրսից կամ քննարկումներից հեռացնելու նպատակաուղղված քայլերից մեկն է։ Ես դա պայմանավորում եմ նրանով, որ քանի դեռ կա Մինսկի խումբ, որը միտված է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, դա նշանակում է, որ կա նաև Լեռնային Ղարաբաղ։ Այսինքն, անկախ նրանից, հիմա ով է այդ տարածքը վերահսկում, ովքեր են այնտեղ ապրում, Լեռնային Ղարաբաղ կա։ Իսկ Ադրբեջանի ամբողջ քաղաքականությունը միտված է նրան, որ Լեռնային Ղարաբաղ չկա, առավել ևս չկա 2023 թվականի սեպտեմբերից։

Հետևաբար և Ադրբեջանի կառուցած կամ Ադրբեջանի տրամաբանության մեջ Մինսկի խմբի լուծարման պահանջը լիովին տեղավորվում է։ Ես լրիվ հասկանում եմ՝ ինչու է Ադրբեջանն այն դարձրել իր խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններից մեկը։ Չնայած դրա հետ կապված մեկ բան էլ ասեմ՝ իմ խորին համոզմամբ իրականում մենք գործ ունենք ոչ թե նախապայմանների, այլ խաղաղության պայմանագիրը չստորագրելու պատրվակների հետ։

Մենք շատ ենք օգտագործում նախապայման տերմինը, բայց ես ավելի շատ կնախընտրեի պատրվակ տերմինը, որովհետև եթե օգտագործում ենք նախապայման, մենք ընդունում ենք, որ Ադրբեջանն իրոք ցանկանում է ստորագրել խաղաղության պայմանագիր, իրոք ունի օբյեկտիվ մտահոգություններ, այդ մտահոգությունները լուծելու համար ինչ-որ պահանջներ է առաջ քաշում, և եթե օբյեկտիվ իր այդ մտահոգությունները փարատվեն, ապա նա կստորագրի խաղաղության պայմանագիր։

Սրանով ավտոմատ կերպով ինչ-որ տեղ Ադրբեջանը հանդես է գալիս որպես կառուցողական գործընկեր կամ կառուցողական պետություն, որը ցանկանում է ստորագրել խաղաղության պայմանագիր, պարզապես ունի մտահոգություններ և դրանց փարատման դեպքում պատրաստ է ստորագրել։ Իմ խորին համոզմամբ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիր, որովհետև դա նրան որևէ օգուտ չի տա, իսկ խնդիրներ կարող է ստեղծել։

Հետևաբար, ավելի տեղին է «պատրվակներ» բառը, քան «նախապայմաններ»։ Մինսկի խմբի լուծարումը խաղաղության պայմանագրի ստորագրումից հրաժարվելու կամ ստորագրումը ձախողելու Ադրբեջանի պատրվակներից մեկն է, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, Հայաստան-Ադրբեջան սահմանագծից ԵՄ դիտորդական առաքելության հեռացումը և այլ պատրվակներ։

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ

– Ակնհայտ է, որ Հայաստանն ամեն կերպ խուսափում է նոր էսկալացիայից։ Ադրբեջանի նորանոր պահանջների կատարումն այս տեսանկյունից որքանո՞վ է չեզոքացնում պատերազմի վտանգը։

– Շատ բարդ հարց է։ Մի կողմից հստակ է, որ պատերազմի վտանգի նվազեցման հիմնական ճանապարհը պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանի կողմից վճարվելիք գնի բարձրացումն է։ Իհարկե, ոչ ոք չի կարող վստահ լինել, թե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ գին է պատրաստ վճարել և, ինչքան էլ մենք գինը բարձրացնենք, դա 100 տոկոս երաշխիք չէ, որ պատերազմը չի սկսվի, որովհետև ցանկացած պարագայում մենք չենք կարող վստահ լինել, որ ենթադրենք՝ գինը X է, մենք բարձրացրինք երկու անգամ, գինը դարձավ 2X, մենք վստահ չենք կարող լինել. միգուցե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ է նաև այդ 2X-ը վճարել։

Այնուամենայնիվ ճիշտ է, որ թեև այդ գնի բարձրացումը պատերազմի հավանականությունը չի դարձնում զրոյական, բայց ակնհայտորեն նվազեցնում է։ Հետևաբար, պատերազմի հավանականությունը նվազեցնելու արդյունավետ միակ միջոցը Ադրբեջանի կողմից նոր հարձակման համար վճարվելիք գնի բարձրացումն է։ Ընդ որում, վճարվելիք գնի բարձրացումը նկատի ունեմ թե՛ բուն ռազմական գործողությունների գնի առումով (այսինքն՝ ռազմական տեխնիկայի կորուստ, անձնակազմի կորուստ, սպանված, վիրավորված զինվորների թիվ), թե՛ քաղաքական գին՝ միջազգային կամ տարածաշրջանային դերակատարների կողմից ոչ ռազմական որոշակի քայլերի իրականացում։

Արդյունավետ միակ ճանապարհը սա է, որը կարող է նվազեցնել Ադրբեջանի կողմից էսկալացիան։ Իհարկե, մենք կարող ենք նաև ասել, որ եթե Հայաստանն առնվազն ակնարկում է, որ պատրաստ է ինչ-որ նախապայմաններ կատարել, նույնիսկ հավելյալ նախապայմաններ կատարել, դրանով ցույց է տալիս, որ ինքը միանշանակ կողմ է խաղաղությանը, հետևաբար Ադրբեջանը չի կարող արդարացնել Հայաստանի վրա հարձակումը։

Իմ գնահատմամբ, այդ նախապայմանների բավարարումն այդ տրամաբանության մեջ է տեղավորվում, որ միջազգային հանրությանը ցույց տանք, որ մենք շատ լավն ենք, որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի պատերազմ չլինի, և եթե պատերազմը լինի, միակ մեղավորն Ադրբեջանն է։ Սակայն անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ զուտ մեղավորության զգացումը, այսինքն՝ ենթադրենք բոլորն էլ վստահ են, որ եթե նոր պատերազմ սկսվի, մեղավորն Ադրբեջանն է, և վերջին հաշվով, ովքեր որ հետաքրքրված են, նկատի ունեմ արտաքին դերակատարներից, իրենք ունեն համապատասխան հնարավորություններ և ռեսուրսներ ֆիքսելու՝ ով է սկսել նոր պատերազմը, հետևաբար, անկախ նույնիսկ մեր ջանքերից, բոլորն էլ կիմանան, որ այո՛, Ադրբեջանը սկսել է նոր ռազմական գործողություններ, ինչ-ինչ նպատակներով, բայց միայն փաստը, որ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Եվրամիությունը, Հնդկաստանը, Չինաստանը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, բոլորն էլ կիմանան, որ այո, ռազմական գործողություններն սկսել է Ադրբեջանը,- միայն այդ փաստը բավարար չէ, որպեսզի նվազեցվի Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկը։

Այս տրամաբանության մեջ Ադրբեջանի նախապայմանների բավարարումը կամ առնվազն պատրաստակամությունը՝ բավարարելու այդ նախապայմանները, չեմ կարծում, որ պատերազմի հավանականությունը նվազեցնում է։ Բայց, մյուս կողմից, այդ պատրաստակամության հայտնումն ունի կամ կարող է ունենալ բացասական որոշակի հետևանքներ, որովհետև ինչ-որ տեղ լեգիտիմացնում է Ադրբեջանի դիրքորոշումը և Ադրբեջանի քայլերը։

Որովհետև եթե այդ նախապայմանների կամ, ինչպես ես եմ ասում, խաղաղության պայմանագիրը չստորագրելու կամ գործընթացը տորպեդավորելու պատրվակների մի մասը դու բավարարում ես, ինչ-որ տեղ դու ուղերձ ես հղում, որ դրանց մի մասը լեգիտիմ է, այսինքն կար հիմք, Ադրբեջանն ունի հիմք ինչ-որ բան պահանջելու, դու այդ հիմքն ընդունում ես, ասում ես՝ այո՛, այս հիմքերը կային, որ Ադրբեջանը սա պահանջում է, դրա համար ես բավարարում եմ։ Դա կարող է նաև հանգեցնել նրան, որ Ադրբեջանի այդ պահանջները որոշակիորեն լեգիտիմացվեն։

Ընդ որում, այդ գործընթացին մենք ականատես եղանք 2024 թվականի մարտ, ապրիլ, մայիս ամիսներին, երբ նույնիսկ ինքը՝ Հայաստանի վարչապետը, հայտարարեց, որ Ադրբեջանն ուղղակի ասել է՝ «կա՛մ որոշակի տարածքներ վերադարձնում եք Տավուշի մարզի հատվածում, կա՛մ ես սկսում եմ պատերազմ»։ Այսինքն՝ կար ուժի կիրառման բացահայտ սպառնալիք, սակայն դա արդյունքում փաթեթավորվեց դելիմիտացիա և դեմարկացիա գործընթացի անվան տակ։ Ստորագրվեց փաստաթուղթ, հետո դա Հայաստանում հաստատվեց օրենքի մակարդակով՝ Սահմանադրական դատարան, խորհրդարան, նախագահը ստորագրեց։ Ադրբեջանում բավարարվեցին այդ փաստաթուղթն ընդամենը հաստատելով նախագահի հրամանով, բայց արդյունքում գործընթացը, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով էր տեղի ունեցել, այսինքն ուժի կիրառման բացահայտ սպառնալիքի ներքո, ինչ-որ տեղ լեգիտիմացվեց և ողջ միջազգային հանրությունն ողջունեց։ Եվ բնական է, որ կողջունեն, որովհետև եթե 35 տարի հակամարտության մեջ գտնվող պետությունների միջև սկսվում է դելիմիտացիա, դեմարկացիա, հասկանալի է, որ բոլորը պետք է ողջունեն։ Նմանատիպ քայլերը, երբ փաստացի Հայաստանն իրականացնում է քայլեր, որոնք լեգիտիմացնում են Ադրբեջանի միջազգային իրավունքին հակասող քայլերը կամ այդ քայլերին այլ բնույթ են հաղորդում՝ ուժի սպառնալիքի կիրառումը փաթեթավորում են դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ, չեմ կարծում, որ որևէ կերպ կարող են բերել Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողությունների վերսկսման հավանականության նվազման։

ԹՐԱՄՓԻ ԵՎ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

– Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփի պաշտոնամուտը հնարավոր ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի վրա։

– Անչափ բարդ հարց է։ Հասկանալի է, որ Հարավային Կովկասը երբեք էլ Միացյալ Նահանգների համար կենսական կարևորություն չի ունեցել։ Բայց հաշվի առնելով, որ Հարավային Կովկասը սահմանակից է Իրանին, որ Հարավային Կովկասը հետխորհրդային տարածաշրջանի մաս է և ուղղակիորեն առնչվում է Ռուսաստանի շահերին կամ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին, Հարավային Կովկասն ինքնին չլինելով կենսական նշանակության տարածաշրջան՝ միշտ եղել է ամերիկյան արտաքին քաղաքականության ռադարում, իհարկե՝ ոչ առաջին տեղերում, բայց նաև՝ ոչ վերջին։

Չմոռանանք, որ նույն Թրամփի առաջին նախագահության տարիներին նա 2018-ի մայիսին չեղարկեց Իրանի հետ 2015-ին ստորագրված միջուկային գործարքը և ձեռնամուխ եղավ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության։ Ապա 2018-ի հոկտեմբերին տարածաշրջան այցելեց այն ժամանակվա իր անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը, և այցելության հիմնական նպատակը հենց Հարավային Կովկասի պետություններին ևս ներգրավելն էր Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությանը։

Հիմա, երբ նայում ենք Թրամփի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հասկանալի է, թիվ մեկ խնդիրը Չինաստանն է։ Սակայն դժվար է ուղղակի կապ տեսնել Ամերիկայի Չինաստանի դեմ քաղաքականության և Հարավային Կովկասի միջև։ Այսինքն՝ ես ուղղակիորեն չեմ տեսնում, որ Հարավային Կովկասը կարող է այս կամ այն դեպքում օգտագործվել Միացյալ Նահանգների համար կամ կարևոր տարածաշրջան լինել Միացյալ Նահանգների համար՝ Չինաստանի դեմ ինչ-ինչ գործողություններ իրականացնելու համար։

Բայց եթե Թրամփը նորից որոշի վերադառնալ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությանը,- ընդ որում՝ հիմա կարծես ճնշում գործադրելու ավելի շատ հնարավորություններ կան, որովհետև առնվազն վերջին յոթ-ութ ամիսներին Իրանը մի շարք ծանր հարվածներ է ստացել՝ սկսած Հեզբոլլահի և Համասի գրեթե ամբողջական ոչնչացումից, վերջացրած 2024-ի դեկտեմբերին Սիրիայում նախկին նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալումից,- չեմ բացառում, որ Հարավային Կովկասը նորից կարող է Թրամփի ուշադրության կենտրոնում հայտնվել, այսպես ասենք՝ Իրանին առավել թուլացնելու կամ տարածաշրջանը Իրանի դեմ օգտագործելու համատեքստում։

Ինչ վերաբերում է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին և այդ համատեքստում Հարավային Կովկասի դերին, երևի թե շատ բան կախված է, թե արդյոք առաջիկա ամիսներին, գոնե մինչև 2025-ի ամառ, Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին կհաջողվի ինչ-որ պայմանավորվածությունների հասնել և կանգնեցնել Ուկրաինայի պատերազմը և այն տեղափոխել բաց հակամարտությունից դեպի սառը հակամարտություն, թե ոչ։ Եթե դա նրանց հաջողվի, ապա կարծում եմ, որ Հարավային Կովկասի դերը կամ կարևորությունը Միացյալ Նահանգների համար՝ որպես Ռուսաստանի դեմ պլացդարմ կամ որպես մի տարածաշրջան, որտեղ կարելի է Ռուսաստանի համար հավելյալ խնդիրներ ստեղծել կամ առնվազն, չակերտավոր, Ռուսաստանին զայրացնել, այդ կարևորությունը կնվազի, և այդ առումով, թերևս, Միացյալ Նահանգների կողմից մենք ակտիվ քայլեր չենք տեսնի։

Սակայն եթե պայմանավորվելու փորձերը ձախողվեն, Ուկրաինայում պատերազմը շարունակվի նաև 2025-ի երկրորդ կեսին, հասկանալի լինի, որ պատերազմը կարող է նաև 2026-ին շարունակվել, ապա չեմ բացառում, որ Ռուսաստանի դեմ քաղաքականության համատեքստում կրկին ներառվի հետխորհրդային տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում նրա ազդեցության թուլացումը։

Այդ դեպքում մենք կարող ենք մոտավորապես ունենալ նույն քաղաքականությունը, ինչ վերջին տարիներին Բայդենի վարչակազմն էր անում, այսինքն՝ ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլանա։ Ընդ որում, դրա մասին Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները 2024-ին իրենց հարցազրույցներում հրապարակային հայտարարել են, որ Միացյալ Նահանգների թիվ մեկ խնդիրը Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացումն է։

Նաև այդ համատեքստում է պետք դիտարկել Հայաստանի վրայով Թուրքիա-Ադրբեջան, այնուհետև՝ դեպի Կենտրոնական Ասիա կապը, որպեսզի հավելյալ խնդիրներ ստեղծեն Ռուսաստանի և Չինաստանի համար կամ առնվազն Կենտրոնական Ասիայի պետություններին հավելյալ ճկունություն տրամադրեն՝ Ռուսաստանից և Չինաստանից նրանց կախվածության նվազեցման հարցում։ Մի խոսքով, Հարավային Կովկասի հանդեպ քաղաքականությունը ես հիմնականում տեսնում եմ իրանական և ռուս-ամերիկյան հարաբերությունների պրիզմայի համատեքստում։

– Հայտարարվել է Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու մասին։ Նման փաստաթղթի ստորագրումը ենթադրու՞մ է արդյոք անվտանգության որոշակի երաշխիքներ Հայաստանի համար։

– 2019-ին սկսված ռազմավարական երկխոսությունը կողմերը որոշել են կերպափոխել ռազմավարական համագործակցության և նույնիսկ ռազմավարական համագործակցության։ Հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելը հայտնի դարձավ 2024-ի ամռանը։ Թվում էր՝ այդ համաձայնագիրը կստորագրվի մինչև 2024-ի ավարտը, սակայն, երբ Դոնալդ Թրամփը հաղթեց ընտրություններում, մի պահ ընկալում կար, որ այդ ստորագրումը երևի կտեղափոխվի 2025-ի հունվարի 20-ից հետո նոր վարչակազմի հետ, եթե իհարկե նոր վարչակազմն էլ նպատակահարմար համարեր այդպիսի փաստաթղթի ստորագրումը։ Հիմա տեղեկություն կա, որ արդեն հեռացող վարչակազմի վերջին օրերին, այսինքն՝ հաջորդ շաբաթ՝ Թրամփի երդմնակալությունից օրեր առաջ, հնարավոր է՝ Վաշինգտոնում այդ փաստաթուղթը ստորագրվի, որի մասին համաձայնություն դեռ 2024-ի ամռանն էր կայացվել։

Փաստաթղթի տեքստին ես ծանոթ չեմ, հետևաբար որևէ բան միանշանակ պնդել չեմ կարող, սակայն չեմ բացառում, որ այն, ինչ ստորագրվելու է Հայաստանի հետ, մոտավորապես լինի նույն բովանդակության, ինչ ստորագրվեց Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև 2009-ի հունվարին։ Ընդ որում, այնտեղ էլ դա ստորագրվեց հեռացող Բուշ Կրտսերի վարչակազմի վերջին օրերին։ Եթե ճիշտ եմ հիշում, հունվարի 9-ին է ստորագրվել՝ նախքան Օբամայի երդմնակալությունը հունվարի 20-ին։

Մինչ այդ արդեն ԱՄՆ-Վրաստան հսկայական համագործակցություն կար, հատկապես Վարդերի հեղափոխությունից հետո, երբ Սահակաշվիլին 2004-ի հունվարին նախագահ դարձավ, մենք հիշում ենք՝ ինչ ինտենսիվ կապեր կային Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև, Վրաստանը միակ երկիրն էր Հարավային Կովկասում, ուր ԱՄՆ գործող նախագահն այցելեց 2005-ին։ Սակայն նույնիսկ այնտեղ, այսպես ասենք, հսկայական ինտենսիվ համագործակցությունը հիմք չէր կամ չստեղծեց հիմքեր, որ 2009-ի հունվարին ստորագրված Վրաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, որը, եթե ճիշտ եմ հիշում, անգլերեն կոչվում էր Charter of Strategic Partnership, նույնիսկ այնտեղ անվտանգության երաշխիքներ չկան։ Այսինքն՝ այնտեղ նշված չէ, որ եթե որևէ պետություն հարձակում է գործում Վրաստանի վրա, դա նշանակում է հարձակում Միացյալ Նահանգների վրա, կամ դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները պետք է ռազմական ճանապարհով օգնի Վրաստանին։ Այսինքն՝ այդ Charter of Strategic Partnership-ը բոլորովին այն փաստաթուղթը չէ, ինչպիսին Միացյալ Նահանգներն ունի Ճապոնիայի, Հարավային Կորեա, Ֆիլիպինների և այլ երկրների հետ։

Հետևաբար, զուտ եթե փորձենք, այսպես ասենք, համեմատություն անցկացնել, ես մի փոքր կզարմանայի, եթե օրինակ Հայաստան-ԱՄՆ փաստաթուղթը շատ ավելի առաջ գնար այդ ռազմավարական գործակցության փաստաթղթից, քան օրինակ 2009-ի հունվարին Վրաստանի ու Միացյալ Նահանգների միջև ստորագրվածը։ Իսկ քանի որ այնտեղ անվտանգության երաշխիքներ չկային, ամենայն հավանականությամբ անվտանգության երաշխիքներ չեն լինի նաև այստեղ։

Այլ բան է, որ այնտեղ էլ կային կետեր՝ ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում, համագործակցություն, Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանի պաշտպանական բարեփոխումներին, զորավարժություններ, կարողությունների զարգացում պաշտպանության ոլորտում։ Այդ բոլորը չեմ բացառում, որ կլինեն, սակայն անվտանգության երաշխիքների ներառումն այդ փաստաթղթում շատ քիչ հավանական եմ համարում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ

– Շատ է խոսվում Հայաստանին այլ երկրների, օրինակ Ֆրանսիայի կողմից անվտանգության երաշխիքների տրամադրման հնարավորության մասին։ Ի՞նչ կասեք տեսական կամ գործնական նման հնարավորության մասին։

– Այս պահին միակ պետությունը, այն էլ ոչ թե այս պահին, այլ գոնե մինչև 2024-ի ամառ, թերևս միակ պետությունը, որը ռեալ շահագրգռված էր կամ պատրաստ էր Հայաստանին ինչ-որ անվտանգային հստակ երաշխիքներ առաջարկել, այդ թվում՝ ռազմական աջակցություն, ռազմակայանի ստեղծում կամ գոնե հստակ պայմանագրային բազայի ֆիքսում, թե որ դեպքում ռազմական աջակցություն կարող է ստանալ, կարծում եմ՝ Իրանն էր։ Սակայն դա էլ առնվազն 2024-ի ամառվա դրությամբ, մինչև Իրանին այս մի քանի ծանր հարվածների հասցնելը։ Իրանն արդյոք հիմա նույն դիրքորոշո՞ւմն ունի, թե՞ ոչ, վստահ չեմ։

Մենք տեսանք, որ մի քանի օր առաջ Իրանի Բարձրագույն անվտանգության խորհրդի քարտուղարն այցելեց Ադրբեջան և Հայաստան, սակայն այդ հանդիպումները փակ են, մենք չգիտենք՝ ինչ է քննարկվել։ Կարող ենք ընդամենը ենթադրել, որ գուցե Իրանը կրկնել է իր առաջարկը, որ պատրաստ է Հայաստանին նման երաշխիքներ տալ, եթե ստորագրվի համապատասխան իրավապայմանագրային հիմք, բայց գուցե Մերձավոր Արևելքում այս ծանր հարվածներից հետո Իրանը դրան էլ պատրաստ չէ։

Բացի Իրանից, ես անկեղծ ասած՝ չեմ տեսնում որևէ պետություն, որն ունի ցանկություն և ավելին՝ նույնիսկ հնարավորություն Հայաստանին տրամադրելու ռեալ անվտանգային երաշխիքներ։ Իհարկե չմոռանանք, որ իրավական առումով հայ-ռուսական երկկողմ երաշխիքները պահպանվում են, ոչ ոք 1997-ի երկկողմ մեծ համաձայնագիրը չի չեղարկել։ Բայց հասկանալի է, որ վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող բացասական միտումների հիման վրա թերևս հիմա ոչ ոք չգիտի՝ այդ պայմանագիրը, որը դե յուրե շարունակում է գործել, դե ֆակտո գործում է, թե ոչ։

Իմ գնահատմամբ, ոչ ոք, ներառյալ երևի թե բավականաչափ բարձրաստիճան անձինք, այդ հարցի պատասխանը ուղղակի չունեն։ Եթե ինչ-որ պահի Ադրբեջանը նոր լայնածավալ հարձակում է սկսում Հայաստանի նկատմամբ, ապա ո՞րն է Ռուսաստանի արձագանքը. արձագանքը հենվում է 97 թվականի հայ-ռուսական պայմանագրի՞ վրա և ըստ այդմ ինչ-որ գործողություն են իրականացնում, թե՞ արձագանքը հենվում է վերջին տարիներին վատթարացած հարաբերությունների վրա, թե՞ լրիվ այլ հաշվարկներ են գործադրվում։

Սա Հայաստանի թերևս ամենախոցելի կետն է, երբ մի կողմից մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն առնվազն պատրաստվում է էսկալացիայի և հարմար պահի է սպասում։ Նորից եմ ասում, ոչ ոք չգիտի՝ այդ հարմար պահը կլինի՞, չի՞ լինի կամ որն է հարմար պահն ըստ Ադրբեջանի։ Սակայն որ Ադրբեջանում պատրաստ են իրենց տրամաբանության համաձայն հարմար պահի դեպքում նոր էսկալացիա սկսել, ակնհայտ է։ Իսկ դրա դիմաց Հայաստանի անվտանգային համակարգը խարխլված է, բուն պաշտպանական համակարգը խարխլված է, որովհետև Արցախ չկա և հարավային հատվածը շատ խոցելի վիճակում է՝ երկու կողմից Ադրբեջան։

Իրավական երաշխիքներ կան, բայց որևէ մեկը վստահ չէ՝ դրանք իրականում կգործե՞ն, թե՞ չէ։ Այլ երաշխիքներ էլ, գոնե առաջարկների իմաստով, կարծում եմ միայն Իրանն է մեզ արել, բայց դա էլ մինչև Իրանին այս վերջին ծանր հարվածների հասցնելը։

Հիմա պարզապես չեմ կարող ասել՝ Իրանը շարունակու՞մ է այդ, այսպես ասենք, առաջարկները Հայաստանին, թե՞ արդեն նրա դիրքերն այնքան են թուլացել, որ Հարավային Կովկասում իր առաջնահերթությունները առնվազն ճշգրտման փուլում են։

«ՄԻՋԱՆՑՔԻ» ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ

– Մենք Ռուսաստանի մասով ունենք 2022-ի սեպտեմբերի նախադեպը, երբ ոչ միայն ռազմական աջակցություն չեղավ, այլև քաղաքական գնահատական չտրվեց տեղի ունեցածին։

– Լիովին համաձայն եմ, և թերևս դա էլ է ավելի ամրապնդում կամ խորացնում այն անորոշությունը, որ կա, որովհետև այն, որ 2022-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ իրականացվեց ագրեսիա, Ռուսաստանը ոչինչ չարեց, փաստ է։ Բայց նորից եմ ասում, դա անորոշ է, ոչ ոք չի կարող 100 տոկոս պնդել, որ քանի որ 2022-ի սեպտեմբերին չեն արել, ապա հետագա որևէ հարձակման դեպքում չեն անի, բայց ոչ էլ հնարավոր է պնդել, որ կանեն։ Իսկ դա ինքնին արդեն անվտանգային համակարգը խարխլում է։

Ոչ ոք, ներառյալ Հայաստանը, Ադրբեջանը, չգիտի Ռուսաստանի արձագանքը։ Դա Ադրբեջանի համար էլ է բարդություններ ստեղծում, որովհետև դու երբեք վստահ չես կարող լինել, որ Ռուսաստանի արձագանքը կլինի այնպիսին, ինչպիսին 2022-ի սեպտեմբերին էր։ Չմոռանանք, որ 2022-ի սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ մեկ շաբաթ անց Ուկրաինայում Ռուսաստանի ստորացուցիչ պարտություններից հետո, երբ Խարկովի և Խերսոնի մարզերում մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանը հազարավոր քառակուսի կիլոմետրեր տարածք կորցրեց։ Այսինքն՝ Ռուսաստանի արձագանքի առկայությունը, բացակայությունը կամ արձագանքի տիպը, բացի նրանից, որ պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններում առկա միտումներով, պայմանավորված է նաև Ռուսաստանի հնարավորություններով։ Այսինքն՝ եթե այդ արձագանքի պահը կամ անհրաժեշտությունը ծագում է այն ժամանակ, երբ Ուկրաինայում ինտենսիվ ռազմական գործողությունները շարունակվում են, անկախ Հայաստանի հանդեպ վերաբերմունքից, Ռուսաստանի արձագանքը, ինձ թվում է, կլինի ինչ-որ մի տիպի։ Եթե այդ էսկալացիան Հայաստանի դեմ տեղի ունենա այն ժամանակ, երբ Ուկրաինայում պատերազմը դադարեցված է և պատերազմը նորից մտել է սառեցված հակամարտության փուլ, էլի անկախ հայ-ռուսական հարաբերություններից և Հայաստանի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումից, արձագանքը կարող է լինել բոլորովին այլ։

Հետևաբար, այստեղ Ռուսաստանի արձագանքի կամ արձագանքի տիպի վրա ազդող գործոնները ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններն են՝ լարվածություն, ինչ-որ վերագործարկման փորձեր կամ փորձերի բացակայություն, այլև Ուկրաինայում ռազմական ինտենսիվ պատերազմի շարունակումը կամ պատերազմի դադարեցումը։

– Երբ խոսքը Հայաստանի հարավի մասին է, կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի 9-րդ կետով ամրագրված էր, որ ճանապարհ է հատկացվում Ադրբեջանի և Նախիջևանի միջև, որը հանձնվելու է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հսկողությանը։ 2020-ից հետո դրա մասին շատ է խոսվել, դրա մասին Ադրբեջանը շարունակում է խոսել մի քիչ այլ փաթեթավորմամբ։ Այս առումով Ռուսաստանը որևէ շահագրգռվածություն շարունակո՞ւմ է ունենալ հնարավոր, այսպես կոչված, միջանցքի կամ հնարավոր ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալու առումով։

– Չեմ կարծում, որ Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է այդ ճանապարհով։ Ինձ թվում է՝ Ռուսաստանը հանգիստ կարող է իր շահերն ապահովել Հարավային Կովկասում և առհասարակ տարածաշրջանում առանց այդ ճանապարհի բացման։

Սակայն, ըստ Ռուսաստանի, եթե ամեն դեպքում այդ ճանապարհը բացվելու է,- ես հատուկ չեմ օգտագործում «միջանցք» բառը-, եթե այդ ճանապարհը կամ երթուղին բացվելու է, ապա Ռուսաստանը պնդում է, որ դա պետք է լինի բացառապես իր վերահսկողության ներքո։ Իմ գնահատմամբ, Ռուսաստանի համար երկու ընդունելի սցենար կա՝ կա՛մ ոչինչ չի բացվում և ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա, կա՛մ եթե ինչ-որ բան բացվում է, դա պետք է լինի ռուսական վերահսկողության ներքո, կա՛մ առնվազն Ռուսաստանը ֆիզիկական ներկայություն կամ ներգրավվածություն պետք է ունենա այդ երթուղու սպասարկման կամ իրականացման, գործառնման համատեքստում։

Այսինքն՝ սցենար, երբ երթուղին կամ ճանապարհը բացվում է, և այնտեղ ռուսներ չկան, այնտեղ կան Արևմուտքի ներկայացուցիչներ՝ պետական, օրինակ՝ ԵՄ դիտորդներ, Եվրոպական Frontex-ը (ԵՄ սահմանապահ և ափապահ գործակալություն) կամ թեկուզ արևմտյան ինչ-որ մասնավոր ընկերություններ, թեկուզ՝ շվեյցարական մասնավոր ընկերություններ կամ մասնավոր այլ ընկերություններ, բայց առանց Ռուսաստանի, դա Ռուսաստանի համար ընդունելի տարբերակ չէ։ Այսինքն՝ կա՛մ ոչինչ չպետք է լինի, ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա է, կա՛մ եթե կա ճանապարհ, այն պետք է լինի ռուսական վերահսկողության ներքո կամ առնվազն գոնե ռուսական ներկայություն պետք է լինի։

Չեմ բացառում, որ եթե Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պայմանավորվեն, և Ուկրաինայի պատերազմը կանգնի, ապա հնարավոր լինի մտածել կամ գոնե քննարկել, առնվազն՝ փորձագիտական դաշտում, Ռուսաստան-Արևմուտք համատեղ ինչ-որ մեխանիզմների ներդրումը այդ ճանապարհի նկատմամբ։

Ուկրաինայի պատերազմի դադարեցումից հետո գուցե Ռուսաստանը համաձայնի նաև համատեղ ինչ-որ ռուս-արևմտյան մեխանիզմների ներդրմանը։ Բայց քանի դեռ պատերազմն Ուկրաինայում շարունակվում է, ինձ թվում է՝ ռուսների համար բացարձակ անընդունելի է արևմտյան որևէ ներկայություն։

Մեկնաբանել