Հնդկաստանը կմասնակցի Աֆղանստանի զարգացման ծրագրերին

Հնդկաստանը Աֆղանստանին աջակցություն է տրամադրում և հնարավորություն բացում օգտվելու իրանական Չաբահարի նավահանգստից, որտեղ Հնդկաստանը ավելի քան 500 մլն դոլարի ներդրում է արել, հաղորդում է Asian News International գործակալությունը։

Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղար Վիքրամ Միսրին չորեքշաբթի Դուբայում հանդիպել է Աֆղանստանի գործող արտգործնախարար Մաուլավի Ամիր Խան Մութաքիին և հաստատել է Հնդկաստանի պատրաստակամությունը աֆղան ժողովրդին հետագա մարդասիրական և զարգացման օգնություն տրամադրելու հարցում, նշվում է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակի տարածած հաղորդագրությունում։

Հնդկաստանը համաձայնել է խթանել առևտուրը և առևտրային հարաբերությունները, այդ թվում՝ Չաբահարի նավահանգստի միջոցով։ Նյու Դելին կընդլայնի իր աջակցությունը նաև Աֆղանստանի առողջապահական ոլորտին և փախստականների աջակցությանը։

Տե՛ս նաև՝ Հնդկաստանն ու Իրանն ազդարարել են Չաբահարի նավահանգստի զարգացման ծրագրի մեկնարկը

Չաբահարի նավահանգիստը Հնդկաստանի և Իրանի համագործակցության առաջատար նախագծերից է, որի նպատակն է տարանցիկ առևտրի կարևոր հանգույց դառնալ նաև դեպի ծով ելք չունեցող Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Հնդկաստանը առանցքային դեր է ունեցել Չաբահարի նավահանգստի զարգացման և շահագործման գործում:

Հնդկաստանի ԱԳՆ քարտուղարը հանդիպմանը խոսել է աֆղան ժողովրդի զարգացման հրատապ կարիքներին արձագանքելու Հնդկաստանի պատրաստակամության մասին։ «Հաշվի առնելով զարգացման գործունեության ներկա անհրաժեշտությունը՝ որոշվել է, որ Հնդկաստանը կդիտարկի մոտ ապագայում զարգացման ծրագրերում ներգրավվելու հնարավորությունը՝ ի լրումն շարունակվող մարդասիրական օգնության ծրագրի»,- ասված է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարությունում։

«Հնդկաստանը Աֆղանստանին աջակցելու նպատակով մինչ այժմ ուղարկել է մի քանի խմբաքանակ՝ 50,000 տոննա ցորեն, 300 տոննա դեղորայք, 27 տոննա երկրաշարժի օգնության նպաստ, 40,000 լիտր թունաքիմիկատ, 100 միլիոն պոլիոմիելիտի դեղաչափ, 1,5 միլիոն COVID պատվաստանյութի դեղաչափ, թմրամոլության դեմ պայքարի ծրագրի համար 11,000 հիգիենայի պարագաներ, 500 միավոր ձմեռային հագուստ և 1,2 տոննա գրենական պիտույքներ և այլն»,- նշվում է հաղորդագրությունում։ Նշվում է նաև, որ Հնդկաստանը նյութական աջակցություն է տրամադրելու առողջապահության ոլորտին և փախստականների վերաբնակեցմանը։

Ըստ հաղորդագրության, աֆղանական կողմն ընդգծել է Հնդկաստանի անվտանգության մտահոգությունների նկատմամբ իր զգայունությունը։

2021-ի օգոստոսին Տալիբանի կողմից Աֆղանստանի իշխանության ստանձնումից հետո երկիրը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ: Սակայն վերջին շրջանում նկատվում է դիվանագիտական հարաբերությունների աստիճանական վերականգնում տարածաշրջանային և գլոբալ դերակատարների հետ: Աֆղանստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի Հնդկաստանի հետ երկխոսության զարգացումը:

Մեկնաբանել