Դատարանը մերժել է Ավինյանի՝ Սիվիլիթասի գույքի վրա արգելանք դնելու միջնորդությունը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանը հունվարի 10-ին մերժել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ Սիվիլիթաս հիմնադրամի (ՍիվիլՆեթի մայր կազմակերպության) գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու միջնորդությունը։ Նույն որոշմամբ դատավորը նաև հայցադիմումն ընդունել է վարույթ։

Դատալեքս տեղեկատվական համկարգում՝ Տաթևիկ Ստեփանյանի վարույթում գտնվող այս գործի տեղեկատվական հարթակում, մանրամասներ չկան հայցագնի վերաբերյալ, սակայն ավելի վաղ այս հայցը Արմենուհի Բադիրյանին էր մակագրվել ու նրա կայացրած որոշման մեջ արձանագրվել է, որ Ավինյանը Սիվիլիթասից պահանջում է 3 մլն դրամ փոխհատուցում։

***

Երևանի քաղաքապետը դատի է տվել Սիվիլիթասին՝ լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածի հիմքով։ Հոդվածը պատրաստվել է Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) հետ համատեղ։

ՍիվիլՆեթի հետաքննությունը բացահայտել էր, որ 2018-2021 թվականներին, երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը: Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620 000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։ Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը բազմիցս փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ավինյանները չեն արձագանքել հարցումներին և չեն օգտվել հերքման իրավունքից։ Փոխարենը՝ հոդվածի հրապարակումից շաբաթներ անց՝ 2024-ի դեկտեմբերի 10-ին, նա հայցադիմում էր ներկայացրել դատարան։

2024-ի դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում Ավինյանը, արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և վերոնշյալ հոդվածին, հայտնել էր ՍիվիլՆեթի դեմ դատական հայց ներկայացնելու մասին և հորդորել էր հորը նույնպես հայց ներկայացնել։

Ավինյանը լրատվամիջոցներին «մեծ աղբանոց» էր անվանել։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել