Ստ․ Սաֆարյանը սկսեց քարոզարշավը

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով թիվ 1 ընտրատարածքում (ընդգրկում է Երևանի Ավան և Նոր Նորք համայնքները) նոյեմբերի 4-ից մեկնարկող քարոզարշավին՝ Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական տեղի համար: Նախորդ գումարման խորհրդարանի անդամ Ստյոպա Սաֆարյանը մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր նույն ընտրատարածքում և պարտություն կրել հանրապետական Ռուբեն Հայրապետյանից: Վերջինս հրաժարվեց պատգամավորական մանդատից իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հայտնի սպանությունից հետո:

Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես գրել է.

«Սիրելի ու հարգելի ընկերներ,

Ինչպես գիտեք` «Ժառանգություն» կուսակցության կողմից իմ թեկնածությունն առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքի ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում: Համաձայն ԿԸՀ սահմանած ժամանակացույցի` նախընտրական քարոզարշավը սկսվում է նոյեմբերի 4-ից (կիրակի): Թեպետ, ցավոք, մինչ այժմ ԶԼՄ-ներում արդեն փաստեր ու ահազանգեր են հրապարակվել, որ ՀՀԿ թեկնածուն ոչ միայն ժամանակից շուտ է սկսել իր քարոզարշավը, այլև դրանում ներգրավել է հանրային ռեսուրսներ` քարոզչական միջոցառումներ ունենալով դպրոցներում, մանկապարտեզներում, թաղապետարաններում:

Դժբախտաբար, սա նորություն չէ հայաստանյան ընտրական պրակտիկայում, ի սկզբանե սպասելի է եղել ինձ համար և ամենևին չի վախեցրել ինձ առաջադրվելու որոշում կայացնելիս: Չի վախեցրել. որովհետև ինձ ուժեղ եմ զգացել նախկին ընտրություններում ընտրողների տված տպավորիչ քվեից, ընտրատարածքի բնակիչների զորակցող խոսքերից ու իմ հնարավոր հաղթանակում ներդրում ունենալու բազմաթիվ ընկերների ու ծանոթների պատրաստակամությունից:

Խորապես կարևորելով ամեն մարդու ներդրումը, ես սիրով կընդունեմ աջակցության ու մասնակցության ցանկացած օրինական ձև: Նրանք, ովքեր պատրաստ են իրենց ժամանակը, մասնագիտական ու այլ կարողությունները, ռեսուրսները կամ դրանց մի մասը ներդնել իմ ընտրապայքարում, միայն շնորհակալ կլինեմ:

Քարոզարշավում որևէ կերպ ներգրավվելու կամ օգտակար լինելու համար կարող եք արձագանքել թե այս կոչիս ներքո, թե ֆեյսբուքյան մասնավոր հաղորդագրություններով, թե էլեկտրոնային նամակներով (էլ. փոստ` [email protected]), և թե նաև իմ շտաբ այցելելով, որը կբացվի երկուշաբթի օրվանից: Շտաբը կգործի Գայի պողոտա 8, բն. 1բ հասցեում` Գայի արձանի հարևանությամբ, նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում: Հեռախոսահամարն է` 67-42-61:

Նախընտրական հիմնադրամի հաշվեհամարը կհրապարակեմ երկուշաբթի օրը և երախտապարտ կլինեմ ցանկացած չափի աջակցության համար:

Խորին հարգանքներով` ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա (Ստեփան) Սաֆարյան»:

Մեկնաբանել