Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. այս մասին Ֆեյսբուքում գրել է ԱԳՆ խոսնակը։
Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով:
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համագործակցության փաստաթղթի մասին մանրամասներ չեն հաղորդվել։
Քաղաքագետ, Երևանում գործող Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Տիգրան Գրիգորյանն ասում է, որ դա բավական լուրջ փաստաթուղթ է, որը նոր մակարդակի է բարձրացնում հայ-ամերիկյան հարաբերությունները և արտացոլում է վերջին երկու տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացը. «Գործնական մակարդակում փաստաթուղթը նոր հնարավորություններ կստեղծի սերտացնելու հարաբերությունները ռազմավարական տարբեր ուղղություններով»։
Քաղաքագետ, ԱՊՐԻ Արմենիա հետազոտական կենտորնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը չի բացառում, որ այն, ինչ ստորագրվելու է Հայաստանի հետ, մոտավորապես լինի նույն բովանդակության, ինչ ստորագրվեց Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև 2009-ի հունվարին։
«2019-ին սկսված ռազմավարական երկխոսությունը կողմերը որոշել են կերպափոխել ռազմավարական համագործակցության և նույնիսկ ռազմավարական համագործակցության։ Հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելը հայտնի դարձավ 2024-ի ամռանը։ Թվում էր՝ այդ համաձայնագիրը կստորագրվի մինչև 2024-ի ավարտը, սակայն, երբ Դոնալդ Թրամփը հաղթեց ընտրություններում, մի պահ ընկալում կար, որ այդ ստորագրումը երևի կտեղափոխվի 2025-ի հունվարի 20-ից հետո նոր վարչակազմի հետ, եթե իհարկե նոր վարչակազմն էլ նպատակահարմար համարեր այդպիսի փաստաթղթի ստորագրումը»,- ասել է Պողոսյանը։
Պողոսյանը, կարևորելով փաստաթուղթը, նշում է, որ Վրաստանի դեպքում այդ համաձայնագիրը անվտանգային պաշտպանություն չի ենթադրել. «Այսինքն՝ այնտեղ նշված չէ, որ եթե որևէ պետություն հարձակում է գործում Վրաստանի վրա, դա նշանակում է հարձակում Միացյալ Նահանգների վրա, կամ դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները պետք է ռազմական ճանապարհով օգնի Վրաստանին։ Այսինքն՝ այդ Charter of Strategic Partnership-ը բոլորովին այն փաստաթուղթը չէ, ինչպիսին Միացյալ Նահանգներն ունի Ճապոնիայի, Հարավային Կորեա, Ֆիլիպինների և այլ երկրների հետ»։