Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հունվարի 7-ից բռնկված հրդեհները դեռևս չի հաջողվում ամբողջովին մարել, և այս ընթացքում բազմաթիվ են դրանց վերաբերյալ տարածվող կեղծ լուսանկարները, տեսանյութերն ու լուրերը։
Այս ժամանակահատվածում հատկապես լայն տարածում են գտել արհեստական բանականությամբ (AI) ստեղծված տարբեր կեղծ տեսանյութերն ու լուսանկարները։
#CivilNetCheck-ը հավաքել է սոցցանցերի հայկական տարածքում շրջանառվող հրդեհի վերաբերյալ ապատեղեկատվությունը։
Կենդանիներին փրկող հրշեջների տեսանյութը ստեղծվել է AI-ով
Սոցցանցերի հայկական տիրույթում հունվարի 11-ից ակտիվորեն տարածվում է տեսանյութ «Միացյալ Նահանգներում հրշեջները փրկում են ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին» վերտառությամբ։ Այն ի սկզբանե տարածվել է Movsisyan Production էջով։ Թեև հրշեջներն իրականում փրկել են կենդանիների, սակայն լայնորեն տարածվող և հարյուրավոր հավանումներ (like) ու կիսումներ (share) հավաքած այս տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։

Իրական հրդեհ, կեղծ լուսանկարներ. արդյոք այրվե՞լ է Հոլիվուդի նշանը
Լրատվամիջոցներում տարածվում էր նաև լուսանկար, որում իբր այրվում է հայտնի «Հոլիվուդ» գրությամբ բլուրը։
«Այրվում է «Հոլիվուդ» գրությամբ հայտնի բլուրը»,- նշված է գրառման մեջ։ Սակայն այս լուսանկարը ևս ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։

Լոս Անջելեսի շրջակայքում հրդեհները հունվարի 8-ին տարածվել էին «Հոլիվուդ» գրությանը մոտ բլուրների վրա, ինչի հետևանքով Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը տարհանման հրաման էր տվել։ Այնուամենայնիվ, հունվարի 9-ին քաղաքապետ Կարեն Բասը (Karen Bass) X-ի պաշտոնական էջում հայտնել էր, որ Հոլիվուդի նշանի մոտ գտնվող «Մայրամուտի կրակ» (Sunset Fire) անվանումով հրդեհը հաջողվել է մարել։
Իսկ Հոլիվուդի նշանի հիմնադրամի (Hollywood Sign Trust) խորհրդի նախագահ Ջեֆ Զարինամը (Jeff Zarrinnam) Ռոյթերս (Reuters) լրատվական գործակալությանը հայտնել է, որ նշանը չի վնասվել։ Նա նաև տեղեկացրել է, որ Գրիֆիթ Պարկը, որտեղ գտնվում է Հոլիվուդի նշանը, անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակվել է։ Հայտարարություն է դրվել կայքում՝ տեղեկացնելով, որ նշանը չի վնասվել։

Կեղծ կադրեր Լոս Անջելեսի իրական հրդեհներից
Կենդանիներ փրկող հրշեջների տեսանյութից բացի՝ լայնորեն տարածվում է նաև մեկ այլ տեսանյութ՝ իբր Լոս Անջելեսի հրդեհներից։
«Ներկայումս Լոս Անջելեսի տարածքում շարունակում են 6 խոշոր հրդեհներ մոլեգնել»,- նշված է գրառման մեջ։

Տեսանյութը ստեղծվել է չորս տարբեր հրդեհային տեսարանների միաձուլմամբ։ Արհեստական բանականության դետեկտորի միջոցով վերլուծելով առանձին կադրերը՝ #CivilNetCheck-ը պարզել է, որ դրանք բոլորն էլ ստեղծվել են արհեստական բանականության միջոցով՝ մեծ հավանականությամբ Midjourney հարթակի (նկար 1, 2, 3, 4) օգտագործմամբ։

«Ոսկե գլոբուս», հրդեհ և կեղծ մեջբերումներ
Տարածվող մեկ այլ կեղծ լուր էր ամերիկացի վարսահարդար Ջոնաթան Վան Նեսին վերագրվող գրառումը։ Սոցիալական ցանցերում շրջանառվում էին վարսահարդարի լուսանկարով գրառումներ, որոնցում պնդում էր արվում, թե հունվարի 5-ին Լոս Անջելեսում կայացած «Ոսկե գլոբուս» 82-րդ մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավարը ծաղրել է Աստծուն, իսկ օրեր անց Լոս Անջելեսը մոխրի է վերածվել։
««Մենք դա արեցինք առանց Աստծո»… Մարզասրահը սրտանց ծիծաղել է: հունվարի 7-ին, Լոս Անջելեսը մոխրացավ …»,- նշված էր գրառման մեջ։

Lուսանկարում պատկերված է ամերիկացի վարսահարդար Ջոնաթան Վան Նեսը։
Իսկ այս տարվա՝ 82-րդ մրցանակաբաշխության ընթացքում հաղորդավարուհի Նիկի Գլասերը (Nikki Glasser) հաշվել էր, թե քանի անգամ և ում են մրցանակակիրները շնորհակալություն հայտնել իրենց ելույթներում։
«Աստված՝ աշխարհը ստեղծողը, ոչ մի հիշատակում չունի։ Իսկ Մարիո Լոպեսը՝ (ամերիկացի պրոդյուսեր, հաղորդավար-խմբ․) Access Hollywood-ի վարողը, ունի մեկը։ Լավ, ոչ մի անակնկալ այս անաստված քաղաքում»,- ասել էր հաղորդավարուհին. թերևս նրա այս խոսքերն են վերագրել ամերիկացի վարսահարդարին։
Շնորհակալ եմ անվճար սև փիարի համար😂😝