Մետապնևմովիրուս, ջրծաղիկի նոր պատվաստանյութ, դեղատոմսեր. կարևորը՝ Ավանեսյանի ասուլիսից

Փետրվարից կսկսենք ջրծաղիկի նոր պատվաստանյութի ներդրման աշխատանքները՝ ամբողջ հանրապետությունով. այսօր՝ հունվարի 14-ին, ամփոփիչ ասուլիսում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«2024-ին մենք իրականացրինք ջրծաղիկի պատվաստանյութի գնման գործընթացը, տարվա ավարտին մեզ հանձնվեց պատվաստանյութի խմբաքանակը, սակայն դեռ խմբաքանակը ընդունված չէ։ Երբ այդ հանձնման-ընդունման ամբողջական փաթեթի ուսումնասիրությունն ավարտվի, մենք որոշում կկայացնենք՝ արդյոք ընդունում ենք այդ խմբաքանակը, թե ոչ։ Բացի դրանից, 2025 թվականի հաջորդ խմբաքանակը ևս գնված է և փետրվարից սկսած կսկսենք պատվաստանյութի ներդրման աշխատանքները՝ ամբողջ հանրապետությունով, այսինքն մենք ներդնում ենք Հայատանում ևս մի նոր պատվաստանյութ, ինչը կարևոր է», – ասաց Ավանեսյանը։

Անդրադառնալով Հայաստանում տարածվող վիրուսներին, Ավանեսյանը շեշտեց, որ 2024 թվականին մետապնևմովիրուսի դեպքեր չեն արձանագրվել, այս տարի էլ դեռևս չկան։

«Ընդհանուր առմամբ, այս պահին թե՛ սուր շնչառական վարակների, թե՛ կորոնովիրուսի, թե՛ գրիպի առումով ունենք միջին իրավիճակ, որևէ անհանգստացնող խնդիր չունենք այս պահին, բայց պետք է հասկանանք, որ սեզոնային ակտիվության ռիսկը կա»,- նշեց Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանը անդրադարձավ նաև էլեկտրոնային դեղատոմսերին, շեշտեց, որ թե՛ բժիշկները, թե՛ դեղատները որևէ խնդիր չունեն դեղատոմս դուրս գրելու։

«Մենք անընդհատ կապի մեջ ենք թե՛ բժշկական հաստատությունների, թե՛ դեղատների հետ։ Ուզում եմ նորից շեշտել՝ դեղատոմս դուրս գրելը և դեղատոմսով բաց թողնումը տնտեսվարողի վրա որևէ ֆինանսական հավելյալ ծախս չի ենթադրում, այսինքն դեղատունը որևէ շահագրգռվածություն այս մասով չունի, որ չհետևի էլեկտրոնային դեղատոմսի կանոնին»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ տեխնիկապես դեղատոմս դուրս գրելը տևում է երկու-երեք րոպե. բժիշկները դեղատոմս կարող են դուրս գրել հեռախոսով, եթե անգամ համակարգիչ չկա։

ՍիվիլՆեթը տարեվերջին անդրադարձել էր Էլեկտրոնային դեղատոմսերի գործարկումից ինը ամիս անց համակարգի արդյունավետությանը։

Լիա Ավագյան

Մեկնաբանել