Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում տարածվում է լուսանկար, որում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ իբր թե Հայաստանի զինանշանով թղթապանակը շրջված է պահում։

Միրզոյանն ու Բլինքենը հունվարի 14-ին ստորագրեցին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրությունը։
Ստորագրման արարողությունից հետո լուսանկարը ակտիվորեն տարածվել է լրատվամիջոցներում և օգտատերերի շրջանում։

Լուսանկարը հին է
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածվող լուսանկարը իրականում չի վերաբերում 2025-ի հունվարի 14-ին կայացած միջոցառմանը։ Այն արված է 2022-ի մայիսի 2-ին՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ։
2022-ի մայիսի 2-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության վերաբերյալ՝ ԱՄՆ պետքարտուղարության և Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքերում հրապարակված տեսանյութում երևում է, որ Արարատ Միրզոյանը թղթապանակը փոխանցելիս կարճ ժամանակով այն պահում է գլխիվայր և անմիջապես ուղղում այն։
2025-ի հունվարի 14-ի՝ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ նման դրվագ չի եղել։
Ուշագրավ է, որ հին լուսանկարը տարածել է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ռուսերեն «վատ նշան է» գրությամբ։

Այսպիսով, սոցցանցերում տարածվող լուսանկարը, թեև իրական է, սակայն այն հին է և մոլորեցնող ձևով վերագրվում է հունվարի 14-ին կայացած ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրման արարողությանը։