Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրները հնարավոր է լուծել խաղաղ երկխոսության միջոցով. այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 15-ի ամփոփիչ ասուլիսին։ Նա անդրադարձավ մի շարք հարցերի։
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության մասին
Սուրեն Պապիկյանը դրական գնահատեց նախօրեին Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման փաստը։ Նշեց՝ Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը չի փոխվում այս փաստաթղթից․
«Այն, ինչ ունենք, դրա շրջանակներում է շարունակվելու համագործակցությունը։ Այդ համագործակցությունը տեղավորվում է նաև նոր փաստաթղթի շրջանակներում։ Մենք մի շարք ուղղություններով առաջ ենք շարժվել ԱՄՆ-ի հետ, ինչը շարունակվելու է։ Ագրեսիվ հայտարարություններին չեմ անդրադառնում նրա համար, որ ագրեսիա իրականացնելու համար հիմքեր չկան։ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղություն հաստատելու հայտարարությամբ։ Չեմ կարծում, որ կա հիմք որևէ կերպ էսկալացնելու տարածաշրջանը»,- ասաց նախարարը։
Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին
Հայաստանի սահմանների անվտանգությունը պետք է ապահովել հավասարակշռված քաղաքականությամբ, վստահ է Պապիկյանը։
«Մենք համատեղ ջանքերով ու երկխոսությամբ պետք է լուծենք մեր երկրի առջև դրված խնդիրները»,- ասաց նա։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, մասնավորապես, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, նա ասաց, որ չի տեսնում տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման նախադրյալներ։
«Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք է լինեն հիմքեր, իսկ ես Հայաստանում չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանը էսկալացվի։ Յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ ու գործողություններ։ Հնարավոր է երկխոսությամբ խնդիրները քննարկել»,- նշեց նախարարը։
ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին
Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) սառեցման հարցին Պապիկյանն ասաց, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2020-22թթ. ու շարունակվում են ներկայում տեղեկատվական տիրույթում, խոսում են նրա մասին, որ ՀՀ-ն իր խնդիրները պետք է լուծի իր ուժով, բայց միևնույն ժամանակ այդ խնդիրները շերտավորելով ու բալանսավորելով։
«Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է ու բխում է Հայաստանի շահերից»,- ասաց Պապիկյանը։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նախարարն ասաց, որ դրանք շարունակվում են. «Մենք ունենք գործող պայմանագրեր, սրանք հարցեր են, որոնցից Հայաստանը չի խուսափում»։
Ատեստավորման ծրագրի մասին
Նախարարն ասաց, որ այս ծրագիրը հաջողվել է։ Զինծառայողները հնարավորություն են ունենում իրենց աշխատավարձի բարձրացում ունենալ 123 հազարից մինչև 423 հազար դրամի չափով։
«Այս համակարգի մասով մենք ունենք դրական դինամիկա»,- ասաց Պապիկյանը։
Գևորգ Թոսունյան