Երբ կառավարությունը աղքատներին օգնելու փոխարեն պայքարում է նրանց դեմ

Երկրի տնտեսական հաջողությունը կախված է կրթությունից, բնակչության հմտություններից և առողջությունից: Երբ նրա երիտասարդությունը առողջ է և լավ կրթված, կարող է եկամտաբեր աշխատանք գտնել, հասնել հարգանքի և հաջողությամբ հարմարվել աշխատանքի համաշխարհային շուկայի տատանումներին: Բիզնեսն ավելի շատ ներդրում է անում, երբ գիտի, որ իր աշխատողների արտադրողականությունը բարձր է: Սակայն աշխարհի տարբեր հասարակություններ չեն կարողանում ապահովել երեխաների յուրաքանչյուր սերնդի առաջնային առողջությունն ու պատշաճ կրթությունը:

Ինչո՞ւ այսքան շատ երկրներում կրթության մարտահրավերը չեն կարողանում ընդունել: Դրանցից շատերը պարզապես չափից ավելի աղքատ են պատշաճ դպրոցներ ունենալու համար: Երբեմն ծնողներն իրենք համապատասխան կրթություն չեն ունենում և չեն կարողանում իրենց երեխաներին արդեն երկրորդ, երրորդ դասարանից հետո օգնել, ինչի պատճառով անգրագիտությունը մի սերնդից փոխանցվում է մյուս սերնդին: Իրադրությունը առավել բարդ է մեծ ընտանիքներում (օրինակ՝ վեց, յոթ երեխա ունեցող), քանի որ ծնողները քիչ են ներդնում յուրաքանչյուր երեխայի առողջության, սննդի և կրթության համար:

Սակայն հարուստ երկրներն էլ են ձախողում: Օրինակ՝ Միացյալ Նահանգները դաժանաբար թույլ է տալիս, որ իր ամենաաղքատ ընտանիքների երեխաները տառապեն: Աղքատ մարդիկ ապրում են աղքատ թաղամասերում՝ աղքատ դպրոցներով: Ծնողները հաճախ գործազուրկ են, հիվանդ, ամուսնալուծված կամ անգամ ազատազրկված: Երեխաները աղքատության սերնդային փակ շղթայի գերին են դառնում՝ չնայած հասարակության ընդհանուր բարեկեցությանը: Առավել հաճախ աղքատության մեջ մեծացած երեխաները շարունակում են աղքատ մնալ նաև մեծ հասակում:

«Տունը, որտեղ ես ապրում եմ» փաստագրական ուշագրավ նոր ֆիլմը ցույց է տալիս, որ Ամերիկայում պատմությունը շատ ավելի տխուր և դաժան է նրա կործանարար քաղաքականության հետևանքով: Շուրջ 40 տարի առաջ Ամերիկայի քաղաքական այրերը «թմրամիջոցների դեմ պատերազմ» հայտարարեցին, թե իբր պայքարելու են կախում առաջացնող այնպիսի թմրամիջոցների օգտագործման դեմ, ինչպիսին կոկաինն է: Ֆիլմը, սակայն, պարզ ցույց է տալիս, որ թմրամիջոցների դեմ պայքարը վերածվել է աղքատների դեմ պատերազմի, հատկապես աղքատ ազգային փոքրամասնությունների շրջանում:

Իսկապես, թմրամիջոցների դեմ հայտարարված պատերազմը հանգեցրել է աղքատ փոքրամասնությունների երիտասարդների զանգվածային ազատազրկմանը: ԱՄՆ-ում ներկայում 2,3 միլիոն մարդ է ազատազրկված, երբևէ ամենամեծ թիվը, և դրանց գերակշիռ մասը աղքատներն են, որոնք ձերբակալվել են իրենց իսկ թմրակախվածության համար թմրանյութեր վաճառելու համար: Արդյունքում ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղին է հասել ազատազրկվածների թվով՝ 100 000 մարդուն 743 հոգի:

Ֆիլմը ցույց է տալիս սարսափազդու այն աշխարհը, որտեղ մեկ սերնդի աղքատությունը փոխանցվում է մյուսին, երբ այդ գործընթացը խթանում է նաև դաժան, թանկ և անարդյունավետ «թմրամիջոցների դեմ պատերազմը»: Աղքատ մարդիկ, հիմնականում աֆրոամերիկացիները, չեն կարողանում աշխատանք գտնել կամ զինվորական ծառայությունից վերադառնում են առանց հմտությունների կամ աշխատանքի համար անհրաժեշտ կապերի: Նրանք ընկնում են աղքատության մեջ և տրվում թմրանյութերին:

Սոցիալական և բժշկական օգնություն ստանալու փոխարեն նրանք ձերբակալվում են և վերածվում քրեական տարրերի: Այդ պահից ի վեր նրանք ազատ ելումուտ են ունենում բանտային համակարգ և շատ քիչ հնարավորություն են ունենում ստանալու օրինական աշխատանք, որը նրանց դուրս կբերեր աղքատությունից: Նրանց երեխաները մեծանում են՝ տանը ծնող չտեսնելով և առանց հույսի ու աջակցության: Թմրամոլների երեխաները հաճախ իրենք են դառնում թմրամոլներ և նրանք նույնպես շատ հաճախ հայտնվում են բանտում, ենթարկվում բռնությունների կամ անժամանակ մահվան:

Տարօրինակն այստեղ այն է, որ ԱՄՆ-ը աչքաթող է արել և անում 40 տարի շարունակ ակնհայտ մի բան: Աղքատության փակ շղթան կոտրելու համար երկիրը պետք է ներդրում անի երեխաների ապագայի մեջ և ոչ թե տարեկան 2,3 միլիոն մարդ ազատազրկելու, որոնցից շատերը բանտարկված են ոչ բռնի հանցագործությունների համար, որ աղքատության ախտանիշն են:

Քաղաքական շատ այրեր մեղսակից են այս խելացնորությանը: Նրանք խաղում են միջին դասի վախերի վրա, հատկապես ազգային փոքրամասնությունների նկատմամբ վախերի՝ հավերժացնելով սոցիալական ջանքերի և կառավարության ծախսերի սխալ այս ճանապարհը:

Գլխավորն այստեղ հետևյալն է. կառավարությունները յուրահատուկ դեր պետք է խաղան՝ հնարավորություն տալով միևնույն սերնդի բոլոր երեխաներին՝ աղքատ, թե հարուստ: Անհավանական է, որ աղքատ երեխան կարողանա ձերբազատվել իր ծնողների աղքատությունից առանց բարձրակարգ կրթության, առողջապահական և պատշաճ սնուցման կառավարության արդյունավետ ծրագրերի:

Սա «սոցիալ-դեմոկրատիայի» հանճարեղ գաղափարն է, մի փիլիսոփայության, որի առաջամարտիկը Սկանդինավիան է, բայց որը նաև կիրառվել է զարգացող շատ երկրներում, ինչպես օրինակ՝ Կոստա Ռիկայում: Գաղափարը շատ պարզ է ու հզոր. բոլոր մարդիկ արժանի են հնարավորության, և հասարակությունը պետք է յուրաքանչյուրին օգնի այդ հնարավորությունն ապահովելու հարցում: Ամենակարևորը, ընտանիքներն օգնության կարիք ունեն, որպեսզի մեծացնեն առողջ, լավ սնվող և կրթված երեխաների: Սոցիալական ներդրումները մեծ են, որոնք ֆինանսավորվում են բարձր հարկերի միջոցով, որոնք հարուստները ավելի շուտ վճարում են, քան խուսափում վճարելուց:

Սա աղքատության սերնդեսերունդ փոխանցումը կանխելու հիմնական ուղին է: Շվեդիայում աղքատ երեխան հենց սկզբից արտոնություններ ունի: Երեխայի ծնողներին՝ հորը կամ մորը, երեխայի ծննդյան հետ կապված հատկացվում է վճարովի արձակուրդ, որպեսզի նրանք հոգ տանեն նորածնի համար: Այնուհետև կառավարությունը բարձրակարգ մսուրներ ու մանկապարտեզներ է տրամադրում՝ մորը հնարավորություն տալով վերադառնալ աշխատանքի, որը գիտի, որ իր երեխան ապահով վայրում է: Կառավարությունն ապահովում է, որ բոլոր երեխաները կարողանան օգտվել նախադպրոցական հաստատություններից, որպեսզի նրանք արդեն վեց տարեկան հասակում պատրաստ լինեն դպրոց հաճախելուն: Իսկ առողջապահությունը ընդհանուր է, որպեսզի երեխան կարողանա առողջ աճել:

ԱՄՆ-ի և Շվեդիայի համեմատությունն այսպիսով ցուցադրական է: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում աղքատության մակարդակը 17,3% է, գրեթե կրկնակին, ինչ Շվեդիայում՝ 8,4%: Իսկ ազատազրկվածների թիվը Ամերիկայում տասն անգամ գերազանցում է Շվեդիայի ցուցանիշին՝ 100 000 հոգուն 70 ազատազրկված: Միջինով վերցրած՝ ԱՄՆ-ը ավելի հարուստ է, քան Շվեդիան, բայց Ամերիկայում ամենահարուստների ու աղքատների միջև եկամուտների տարբերությունը շատ ավելի է, քան Շվեդիայում, և ԱՄՆ-ն իր աղքատների հետ վարվում է պատժելու, քան ձեռք մեկնելու մեթոդներով:

Վերջին տարիների ցնցող իրողություններից մեկն այն է, որ Ամերիկան ներկայում սոցիալական շարժունակության առումով ամենացածր տեղում է բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում: Աղքատ ծնված երեխաները, հավանական է, որ աղքատ կմնան, իսկ հարուստ ծնված երեխաները, հավանական է, որ հարուստ էլ կմնան:

Միջսերնդային այս կախվածությունը հանգեցնում է մարդկային տաղանդների մեծ կորստի: Ամերիկան մեծ գին կվճարի սրա համար, եթե չփոխի այս ընթացքը: Իր երեխաների ու երիտասարդների համար ներդրումները ամենամեծ վերադարձելիությունն են ապահովում, որ որևէ հասարակություն կարող է վաստակել թե՛ տնտեսական և թե՛ մարդկային առումներով:

Ջեֆրի Սաքս

Ջեֆրի Սաքսը 2002-2006 թթ. ղեկավարել է ՄԱԿ-ի Հազարամյակի ծրագիրը: Ներկայում նա Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր է և նույն համալսարանի Երկրագնդի ինստիտուտի տնօրենը:

Projectsyndicate.org

Մեկնաբանել