Ռազմական պարտությո՞ւն, թե՞ հասարակության համատարած ճգնաժամ

Աշոտ Ոսկանյան

Այս հոդվածը լույս է տեսել «Պարտություն. 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» գրքում, որը հրատարակել է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան նախաձեռնությամբ և ծախքով։

***

Այս ժողովուրդը, որ ապրած է հարիւր հազար

Գողգոթաներ հարիւր հազար Յիսուսներու,

այս ժողովուրդը ապրած չէ երբէք ներքին,

բարոյական Գողգոթայ մը:

Կոստան Զարեան

I

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից չորս տարի անց մեր պատկերացումները նրա պատճառների, ռազմական գործողությունների ընթացքի, ներգրավված անձանց պատասխանատվության չափի և նույնիսկ հետևանքների մասին շարունակում են մնալ անհստակ, կցկտուր և հակասական։ Այնպես չէ, որ այդ մասին չի գրվել, հարցադրումներ չեն արվել և վերլուծություններ չեն իրականացվել։ Դրանց թվարկումն այստեղ անհրաժեշտ չէ, քանի որ հիմնական հրապարակումների ցանկին ընթերցողը, կարծում եմ, հասցրել է ծանոթանալ Կարեն Հարությունյանի ներածական գրությունը կարդալիս։ Կրկնակելով արդեն ասվածը, ես կցանկանայի ընթերցողի ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել նշյալ վերլուծականների հեղինակների կազմի վրա։

Առաջին հրապարակումը՝ Հայաստանի պարտության պատճառները 2020-ի պատերազմում, որն առաջադրում էր պատերազմին վերաբերող և քննության ենթակա հարցերի ծավալուն շարան, անհատ հետազոտողի կարգավիճակով գործող տաս հեղինակների համատեղ աշխատանք է, որոնցից միայն երկուսն են ներկայացնում Հայաստանը և մեկը՝ Արցախը։ Մյուս յոթը արտերկրից են։

2021-ի հունիսին հրապարակված Սպիտակ թուղթը նույնպես երևան է եկել ԱՄՆ և Ֆրանսիայում տեղակայված սփյուռքահայ հետազոտողների ջանքերով (Ժիրայր Լիպարիտյան և այլք)։

2021-ի ամռանը լույս տեսած «Փոթորիկ Կովկասում» ժողովածուն նախաձեռնվել է Մոսկվայի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովի խմբագրությամբ։

2022-ի փետրվարին լույս տեսած «Յոթ վայրկյան մեռնելու համար» գրքի հեղինակը ամերիկացի զինվորական և ռազմական պատմաբան Ջոն Անթալին է։

Հեղափոխական կառավարությունների գործելակերպի և պատերազմի վտանգի մասին հոդվածը գրել է ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։

Ղարաբաղյան երկու պատերազմների համեմատական վերլուծությանը նվիրված հոդվածը հեղինակել է Ժնևի համալսարանի պրոֆեսոր Վիգէն Չըթըրեանը։

Վերլուծականների տեսության մեջ հիշատակված նյութերից միայն երկուսն են պատկանում հայաստանցիների գրչին։ Բայց այստեղ էլ խոսքը բացառապես անհատ հետազոտողների մասին է, որոնք ներկայացնում են միայն իրենք իրենց։ Հատկանշական է նաև, որ երկու հոդվածներն էլ լույս են տեսել անգլիալեզու պարբերականներում, որոնք գործնականում տարածում չունեն Հայաստանում։

Ինստիտուցիոնալ կարգավիճակ պետք է ունենար ՀՀ Ազգային Ժողովի 2022-ի փետրվարին ստեղծած Քննիչ հանձնաժողովը, որը սակայն ոչ միայն չի կարողացել միավորել խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցություններին և փաստացի վերածվել է իշխող Քաղացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող մարմնի, այլև մինչ օրս հանդես չի եկել որևէ ամփոփիչ փաստաթղթով։[1]

Ասվածից տպավորություն է ստեղծվում, որ քառասունչորսօրյա պատերազմի հետ կապված իրողություններն առանձնապես չեն հետաքրքրել հայաստանյան հասարակությանը։ Համենայն դեպս, փաստն այն է, որ մինչ օրս Հայաստանում որևէ մասնագիտական փաստագրություն պատերազմի մասին չի ստեղծվել, և հիշատակված ոչ հայաստանցիների արհեստավարժ վերլուծությունների շահագրգիռ քննարկում չի ծավալվել։[2]

Հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ նման պատմագիտական հետազոտություններ չեն իրականացվել նաև Առաջին Արցախյան պատերազմի վերաբերյալ։[3] Բայց, եթե Առաջինի դեպքում հաղթական էյֆորիան կարող է գոնե մասնակի արդարացում համարվել պատմագիտական անփութության համար, ապա ջախջախիչ պարտության հանգամանքների հետազոտությունից զերծ մնալը որևէ արդարացում ունենալ չի կարող։

Այսպես ասելով, մենք չենք անտեսում քառասունչորսօրյա պատերազմին վերաբերող շարունակական և կատաղի վեճերի առկայությունը հայաստանյան հանրային դաշտում։ Սակայն, նկատի ենք ունենում, որ երկատված հանրության երկու բևեռների՝ «այսօրվանների» և «նախկինների» լեզվակռիվը բացառապես պոպուլիստական բնույթ է կրում։ «Պոպուլիստական» բառն այստեղ օգտագործվում է ոչ որպես հուզական գնահատական, որը կոչված է նսեմացնելու այս կամ այն քաղաքական ուժի փաստարկները, այլ որպես որոշակի առարկայական բովանդակություն ունեցող գիտական եզր, որը փաստարկման հայտնի ռազմավարություն է ենթադրում։ Պոպուլիստն այն մարդն է, որը հրաժարվում է հասարակության մեջ առկա իրական խնդիրների վերհանումից և դրանց համապատասխան լուծումներ որոնելուց, փոխարենը տարասեռ հարցերը փնջում է մեկ վերացական պիտակի ներքո (որի արդյունքում դրանց լուծումն անհնարին է դառնում) և ժողովրդի բոլոր դժբախտությունների համար մեկ՝ «ատելի» մեղավոր է նշանակում, դեպի որը և ուղղորդում է զանգվածների զայրույթը։ Այսպես են առաջանում «երկիրն ու բանակը լափած» նախկիններին և «հայրենիքը թուրքին վաճառած» այսօրվաններին թիրախավորող խոսույթները։

Պատերազմի իրողությունների առարկայական իմաստավորումը պոպուլիստական խոսույթով փոխարինելու միտումը բացի քարոզչականից, ևս մեկ նպատակ ունի։ Այն արգելակում է կոնկրետ տապալումների իրական պատճառների հետազոտությունը, քողարկում է հասարարկության մեջ առկա աղաղակող կառուցվածքային բացերը և հնարավորություն է տալիս «մեղավորներ նշանակել» քաղաքական հակառակորդների ճամբարից։ Նույն ուղղությամբ է տանում նաև հասարակական անդորրը վտանգաշատ իրականությունն անտեսելու գնով պահպանելու իշխանության ձգտումը՝ արտահայտված՝ մենք ոչ մի դեպքում չպետք է համարենք, որ պարտվել ենք պարադոքսալ կարգախոսում։

Արդյունքը՝ քաղաքական ամնեզիայով վարակված, սեփական վախերն ու հոգեխոցումները «շքեղ վայելքներով» և զանգվածային տոնակատարություններով կոմպենսացնել-քողարկել փորձող հասարակությունն է, որի անդամներն իրենց բարդույթներն ու հոգեխոցումներն այլևս միմյանց դեմ են ուղղում՝ գնալով ավելի և ավելի ծանրացնելով երկրի հուզա-բարոյական մթնոլորտը։

Սա նկատի ունենալով է, որ ընթերցողին ներկայացվող հրատարակությունը փորձել է հանրային ուշադրությունը վերադարձնել Արցախյան երկրորդ պատերազմի փաստական հանգամանքներին՝ վերջիններս հասկանալով ամենալայն իմաստով՝ պատերազմական գործողություներից մինչև որոշումների ընդունումը և առաջնորդության ռազմավարական մտածողության որակը։

Այդ հարցերն է արծարծում Վիգէն Չըթըրեանի՝ գրքի կորիզը կազմող հետազոտությունը, որը հենված է բազմաթիվ հարցազրույցների վրա։ Դրանցից յուրաքանչյուրը, ինքնին սուբյեկտիվ լինելով հանդերձ, շնորհիվ փոխադարձ հակակշռման, ապահովում է ամբողջի հարաբերական օբյեկտիվությունը։

Իմ՝ որպես ամփոփում գրված այս տեքստի նպատակն այլ է։ Ես ուզում եմ ընթերցողների ուշադրությունը հրավիրել այն ոչ անսպասելի հանգամանքի վրա, որ հեղինակի կենտրոնացումը պատերազմի ընթացքում տեղի ունեցած կոնկրետ թյուրիմացությունների, սխալների և տապալումների վրա՝ անկախ ելակետային դիրքորոշումից, չի մնում – չի կարող մնալ – զուտ բանակի հետ կապված խնդիրների շրջանակում, այլ՝ ռազմական պարտության հետնախորքում ի ցույց է դնում ողջ հայաստանյան հասարակության տապալումը՝ նրա անկասկած և անվերապահ ֆիասկոն։

Ասվածը չի նշանակում, որ կոնկրետ գործիչների սխալները, նրանց հանցագործ ոչ կոմպետենտությունը, ռազմական և քաղաքական անպատասխանատվությունն ու արկածախնդրությունը կարող են արդարացվել «բոլորն են մեղավոր» մտացածին և համահարթող կարգախոսի մոգական կիրառությամբ։ Ամեն առանձին դեպք պետք է քննվի իր կոնկրետության մեջ և յուրաքանչյուր մեղավոր պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների և դրանց հետևանքների համար։ Բայց նաև դա՝ կոնկրետ մարդկանց կոնկրետ գործողությունների գնահատականը կարող է հնարավոր և վստահելի լինել միայն այն դեպքում, եթե հայաստանյան հասարակությունը՝ մի պահ վերանալով խմբային շահերի թոհուբոհից, համարձակություն ունենա առերեսվել իր չկայացածության հիմնարար փաստի հետ։

II

Ստորև ներկայացված մի քանի ընդհանրացումները, ըստ իս, հիմնավորում են վերն արված պնդումս ռազմական տապալումների և հայաստանյան հասարակության ընդհանուր ճգնաժամի միջև անմիջական կապի առկայության մասին։

1․ Առաջին տեղում սկզբունքային հրաժարումն է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռեֆլեքսիայից և իրականության հետ առերեսվելուց, որը վերաբերում է ոչ միայն բանակին, այլև ողջ ղեկավարությանը և վերլուծական հանրությանը։

Դա նախ և առաջ հայկական բանակի անպարտելիության առասպելն էր, որի ազդեցության ներքո Ադրբեջանի բանակի վերազինումն ու զարգացումն անտեսվում էին ինչպես որոշումներ ընդունող ղեկավարության, այնպես էլ ռազմական վերլուծաբանների հանրության կողմից։ Չըթըրեանը նշում է, որ գոյություն չի ունեցել կարծիքները ստուգելու հավասարակշռող մեխանիզմ (checks-and-balances), որը հնարավորություն կտար արմատավորված հավատը կասկածի տակ դնել հակադիր փաստերի վրա հենված փաստարկների միջոցով։ Իրականում, խնդիրը նույնիսկ ավելի խորն է՝ ոչ միայն գոյություն չի ունեցել այդպիսի մեխանիզմ, այլև չի եղել այն ունենալու ցանկություն։ Պատճառները երկուսն էին։ Առաջինը սոցիալ-հոգեբանական է՝ հակառակ կարծիք հայտնողները անմիջապես կենթարկվեին հասարակական օստրակիզմի և կհայտարարվեին պարտվողական դավաճաններ։ Երկրորդն առավել էական է, քանի որ կառուցվածքային է։ Ինչպես նշել է Չըթըրեանը, «առանցքային քաղաքական որոշումները Հայաստանում կայացվում են համանման մտածողություն ունեցող մի քանի անհատների նեղ շրջանակում, ուր բազմակարծությունը և քննադատական մտածողությունը կառուցվածքայնորեն բացառված են»։

Ստուգման մեխանիզմների իսպառ բացակայության աղաղակող դեպք է գործող վարչապետի հանդիպումը բանակի գլխավոր շտաբում 2019-ի հունվարին, երբ՝ համապատասխան հեղինակի մեջբերած վկայության, զինվորականները հավաստիացրել են, որ իրենք ամբողջությամբ պատրաստ են կատարելու իրենց գործառույթները։ Խնդիրն այստեղ այն չէ, թե հետին թվով ով ում կմեղադրի՝ զինվորականները քաղաքական ղեկավարին, թե վերջինս զինվորականներին, այլ այն, որ պետական մակարդակով գոյություն չունեն օբյեկտիվ չափանիշներ / վերստուգող մարմիններ, որոնց հիման վրա քաղաքացիական ղեկավարը կարողանար ստուգել բանակի ղեկավարության՝ կարծիքի մակարդակով արտահայտած գնահատականները։

Իրավիճակի ստուգման և կանխատեսման նույն համատեքստում առավել արտառոց հանգամանքներից մեկը՝ արտաքին հետախուզության կառույցի բացակայությունն է, որի բացն առավել տեսանելի էր արտաքին աշխարհից Հայաստանի կտրվածության պայմաններում։ Եթե հետախուզության վատ աշխատանքը կարող էր բանակի պատասխանատվությունը համարվել, ապա համապատասխան կառույցների չգոյությունը, իհարկե, քաղաքական ղեկավարության խնդիրն է, մանավանդ, երբ կայուն տպավորություն է ձևավորվում, որ երկրում գործող հետախուզական ծառայություններն ավելի ներքին հակասություններով են հետաքրքրված, քան արտաքին վտանգներով։

Չտեղեկացվածության և պետական մարմինների տարանջատության ցավալի օրինակ է կոորդինացիայի բացակայությունը հայաստանյան դիվանագիտության և բանակի ղեկավարության միջև։

Նույն դրամի հակառակ կողմը հանրությանն ամեն գնով մոլորեցնելու պատրաստակամությունն է, որի non plus ultra-ն Գյումրու ռուսական ռազմակայանից «փոխառած» ԲՈՒԿ-երի ցուցադրությունն է ռազմական շքերթի ժամանակ՝ որպես հայկական զինամիջոց։ «Պոտյոմկինյան գյուղեր» կառուցելու այդ միտումը շարունակվեց պատերազմի ընթացքի մասին հասարակությանը մատուցվող բացահայտ ապատեղեկատվության ձևով։

2․ Հասարակության ինքնառեֆլեքսիան արգելակող կարևոր գործոններից պետք է համարել այն իրողությունը, որ սեփական իշխանության օրինավորությունը (լեգիտիմությունը) ժողովրդական զանգվածի տրամադրություններում տեսնող «այսօրվանները» շատ ավելի են կախված պոպուլիստական դիսկուրսից, քան ժամանակին այդ զանգվածն անտեսած և իշխանության այլ լծակներ կիրառող «նախկինները»։ Պոպուլիզմի անսահաման ծավալումը հակասության մեջ է մտնում իրատեսական քաղաքականություն վարելու անհրաժեշտության հետ։ Այն կառուցվածքային մակարդակի է հասցնում քաղաքական որոշումների հակասականությունը, դրանով իսկ արգելակելով պետական կառավարման համակարգի արդյունավետ գործողության հնարավորությունը։ Այսպես, օրինակ, հիմքեր չունենք չվստահելու հարցման մասնակիցներից նախկին ԱԳ նախարար Զ․ Մնացականյանի գնահատականին, ըստ որի` Ստեփանակերտի հայտնի հանրահավաքում հնչած Արցախի և Հայաստանի անբաժանելիության մասին կարգախոսը մեծ ազդեցություն չի ունեցել պատերազմ սկսելու ալիևյան որոշման վրա, քանի որ այդ ընթացքում հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվելիս են եղել և Ալիևը դրան քաջատեղյակ էր։ Բայց՝ ծանոթ լինելով հանրահավաքի ընդհանուր՝ որևէ փոխզիջում բացառող էյֆորիկ մթնոլորտին, բոլոր հիմքերն ունենք հարցնելու, թե ինչպես կարող է ունակ լինել ինքնառեֆլեքսիայի մի հասարակություն, որում բնական է համարվում պետական մակարդակով հանրահռչակել որոշակի քաղաքականություն, միևնույն ժամանակ իրականացնելով դրա ճիշտ հակառակը։

3․ Ազգային անվտանգությունն էականապես խաթարող գործոններից է պետության ինստիտուցիոնալ հիշողության և պետական կառույցների ժառանգորդման վերջնական ջախջախումը, որի արդյունքում դադարում են գործել նախկին՝ ոչ այնքան հուսալի մեխանիզմները, իսկ նորերն այդպես էլ չեն ստեղծվում։ Խոսքն այստեղ միայն բանակցությունները «զրոյից սկսելու» հայտնի թեզի կամ բանակի ղեկավարության մեջ ոչ համոզիչ փոփոխություններ կատարելու մասին չէ, որի մասին խոսում են Չըթըրեանի ռեսպոնդենտները։

Այն մասին, որ խնդիրը նույնիսկ ավելի բարդ է, վկայում է Չըթըրեանի այն արձանագրությունը, որ մինչև 2018-ի հեղափոխությունը հայկական բանակը զգալի չափով կառավարվել է երրորդ նախագահի առձեռն «միկրոմենեջմենտի» միջոցով։ Նոր իշխանությունները որոշումների ընդունումը հանձնել են զինվորականներին, որոնք երկու տասնամյակ նախագահի գրասենյակից ղեկավարվելուց հետո ի վիճակի չեն եղել ստանձնելու իրական առաջնորդությունը։ Արդյունքն այն է եղել, որ 2020-ի պատերազմը ղեկավարող իրական առաջնորդ չի եղել, բազմաթիվ նախկին զինվորականներ և քաղաքական գործիչներ ելումուտ են արել ռազմական գործողությունների ղեկավարման կենտրոն, ստեղծելով անորոշ ղեկավարության և քաոսային շրջակայի տպավորություն։

Այս վճռորոշ կոլիզիան ինքնին խորն արմատներ ունի։ Բավական է հիշել, որ 1998 թվականի հեղաշրջումն իրականացվել է Արցախի հարցում ստատուս քվո-ի պահպանման կարգախոսի ներքո։ Առաջին նախագահի դեմ ուղղված հիմնական հակափաստարկներից մեկն այն է եղել, որ երկրում գնալով ակնհայտ դարձող տնտեսական և քաղաքական ճգնաժամը պայմանավորված է ոչ թե արցախյան հակամարտության չկարգավորված լինելով, այլ ապաշնորհ կառավարմամբ՝ միսմենեջմենտով։ Իշխանափոխությունից հետո ներմուծվել է անմիջական միկրոկառավարման (միկրոմենեջմենտի) քվազի-ինստիտուցիոնալ մոդելը, որի նպատակն է եղել ստատուս քվո-ի համատարած պահպանումը՝ հենված ինչպես բանակի, այնպես էլ տնտեսական և քաղաքական գործընթացների առձեռն վերահսկողության վրա։[4]

«Հեղափոխական իշխանությունները»՝ մի կողմ դնելով նախկինների անմիջական միկրոկառավարման մոդելը, որոշումների ընդունումը պատվիրակել են ձևականորեն ինքնուրույն համարվող հաստատությանը՝ բանակին, առանց նկատի ունենալու նրա նորանշանակ ղեկավարության ինքնուրույն որոշումներ ընդունելու փաստական անկարողությունը։ Այս հանգամանքը ոչ մի կերպ չի հանում պատասխանատվությունը զինվորականների վրայից՝ մանավանդ, եթե նկատի ունենանք ռազմական գործողությունների ընթացքում զինվորական կազմավորումների մեծ մասում տիրող քաոսային անկազմակերպվածությունը, երբ հարցվածների վկայությամբ, գլխավոր շտաբը ճշգրիտ տեղեկություններ չի ունեցել նույնիսկ սեփական զորքերի գտնվելու տեղի մասին։ Տարօրինակ կլիներ ենթադրել, թե նախկին «միկրոմենեջմենտի» մոդելի պահպանումը, եթե նույնիսկ նոր ղեկավարները ունենային դրա ունակությունը, կարող էր փոխել պատերազմի ելքը։ Մանավանդ, որ հենց այդ «տնավարի» կառավարման մոդելն է բացառել բանակի իրական ինստիտուցիոնալ կայացումը։ Բայց փաստն այն է, որ հրաժարումն այդ՝ փաստորեն այլընտրանք չստացած մոդելից էքզիստենցիալ ճգնաժամի պայմաններում ի ցույց է դրել ողջ համակարգի աղաղակող բացերը։

Ասվածի լույսի ներքո հասկանալի է, որ «ես ինչ անեմ, որ զինվորականներն իրենց պարտականությունները չկատարեցին» փաստարկը օրվա քաղաքական ղեկավարությանը «ալիբի» չի տալիս։

4․ Նույն գործելակերպի ցցուն օրինակ է Հայաստանի փաստացի հրաժարումը Արցախից։

Չըթըրեանի զրուցակիցները խոսում են «խորը կասկածամտության» մասին, որն առաջ է եկել Ստեփանակերտի և Երևանի միջև 2018-ի ապրիլից հետո։ Այդ հանգամանքը եռակի դրսևորում է ունեցել։

Նախ, իշխանափոխությունն ընդհատել է երկարամյա կապերը Երևանի և Ստեփանակերտի գործիչների միջև, որոնք կառուցված էին ոչ այնքան ինստիտուցիոնալ գործիքակազմի, որքան անհատական առնչությունների և վստահության վրա։ Մինչ հեղափոխությունը Հայաստանի նախագահն իրականացնում էր նաև Արցախի «միկրոմենեջմենտը», որը տարածվում էր արտաքին քաղաքականության, պաշտպանության, բյուջեի, ինչպես նաև կադրային քաղաքականության վրա։ Նորեկ իշխանությունը որոշումների կայացման զգալի ծավալ թողնում է Արցախի ղեկավարությանը, որը սակայն մինչ այդ չի ունեցել ո՛չ փորձառություն, ո՛չ կարողություն` կարևոր որոշումներ ընդունելու համար։ Մանավանդ որ համաձայնեցված չէր շարժման ռազմավարական ուղղությունը։ Այդ հանգամանքը էական հետևանքներ է ունեցել ինչպես 2020-ին, այնպես էլ 2023-ին։

Երկրորդ հրաժարումը հետևել է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությանը։ Եվ նորից՝ խոսքն այստեղ ֆորմալ՝ միջազգային իրավունքի մակարդակով ճանաչման մասին չէ, որի վերաբերյալ կարծիքները կարող են արմատապես հակադիր լինել (և են), այլ այն հանգամանքի, որ այդ հայտարարության հետ մեկտեղ Հայաստանը որևէ պատասխանատվություն չի ստանձնել իր հայրենակիցների ճակատագրի համար, հայտարարելով, որ այսուհետև արցախցիների ապագան կախված է լինելու բացառապես Ադրբեջանի իշխանությունների հետ նրանց ուղիղ բանակցություններից, ռուս խաղաղապահների գործողություններից և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություններից։[5]

Վերջապես երրորդ՝ նորկտակարանային եռյակ շարքը լրացնող հրաժարումը կապված է այն ցուցադրական անտարբերության հետ, որով Հայաստանի իշխանությունները մինչ օրս էլ վերաբերվում են Ադրբեջանի բանտերում պահվող արցախյան ղեկավարության ճակատագրին՝ նույնիսկ ձևական քաղաքավարական մտահոգություն չարտահայտելով այդ կապակցությամբ։

III

Թվարկված հանգամանքները՝ հրաժարումը հանրային ամբողջի նկատմամբ իրականացվող ռեֆլեքսիայից և ինստիտուցիոնալ հիշողությունից, բարդ խնդիրների համար փոխզիջումային լուծումներ փնտրելու փոխարեն դրանք անտեսելու և ի վերջո դրանցից իսպառ հրաժարվելու ռազմավարությունը, մատնանշում են մի քանիսն այն աղաղակող կառուցվածքային բացերից, որոնք պայմանավորել են մեր հասարակության ընդհանուր տապալումը՝ պարտությունն Արցախյան երկրորդ պատերազմում և հայաբնակ Արցախի իրական՝ ոչ միայն իրավական կորուստը։

Այդ տապալումն է, որ չի գիտակցել, և այդ ցնցումն է, որ չի ապրել հայաստանյան հասարակությունը։

Չի կարելի չհամաձայնել Չըթըրեանի այն դիտարկման հետ, որ երկիրը պատուհասած ռազմական պարտության իմաստավորման համար համարժեք խոսույթի բացակայությունը էապես նպաստել է հայաստանյան հասարակության հետագա բևեռացմանը, հիասթափությանը և գնալով զանգվածային դարձող անտարբերությանը։ Ներքին բևեռացումն իր հերթին արգելակել է պատերազմի և պարտության համարժեք գնահատումը։ Իշխանությունները և խորհրդարանական ընդդիմությունը միմյանց վրա գցելով պարտության մեղքը, հասարակությունը հասցնում են հոգևոր կոլապսի։ Ընդ այդմ, եթե ընդդիմությունը հիմնականում կենտրոնացած է իշխանությունների հուզական քննադատության վրա, մասնավորապես շեշտելով ձերբազատումը Արցախից, բանակցություններում ցուցադրվող զիջողական կեցվածքը, վերջինս իր այդ գործողությունները փորձում է արդարացնել նոր քաղաքական ծրագրի՝ 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա ինքնիշխան պետականություն կառուցելու տեսլականի առաջադրմամբ։ Հատկանշական է, որ այդ նպատակի իրագործման պատրվակով պահանջ է դրվում չխաթարել հանրային անդորրը և հնարավորինս զերծ մնալ էքզիստենցիալ վտանգներ արծարծող խոսույթից, որն իր հերթին արգելակում է մերձավոր անցյալի և ներկայի վտանգաշատ խնդիրների սթափ և անշահախնդիր իմաստավորումը։[6]

Բայց բանն այն է, որ առանց հայաստանյան հասարակությանը հատուկ համակարգային բացերի ռացիոնալ վերլուծության և վերացման, նույն այդ խոցերը ժառանգած «29 հազար կիլոմետրանոց Հայաստանի» գոյությունը նույնքան անհաստատ է և թեական։

Ասվածն առաջին հերթին վերաբերում է հենց բանակին, քանի որ «նոր» Հայաստանը նույնպես (ենթադրում եմ) պաշտպանության կարիք է ունենալու։ Ինչպե՞ս և ի՞նչ ուղղությամբ է հնարավոր արմատապես բարենորոգել բանակը, եթե հայտնի չէ, թե ինչ գործառույթներ է այն կատարելու ապագայում։ Խնդիրը միանգամայն համակարգային է՝ նրա լուծումը մի կողմից զարգացման տեսլական է պահանջում, մյուսից՝ անցած ճանապարհի իմաստավորում։ Այնինչ, իրավիճակը բանակաշինության ոլորտում շատ չի տարբերվում նախապատերազմականից, երբ երկրի պաշտպանությունը կազմակերպվում էր ոչ թե բանակի և ողջ հանրության տեխնիկական և ստրատեգիական վերազինման, այլ պատռվածքները կարկատելու միտված «միկրոմենեջմենտի», պատահական գնումների և վերացական-հեղափոխական կամ զարդանախշային արդիականացման կարգախոսների հիման վրա, իսկ ամբողջական պատկերի ռացիոնալ վերլուծության բոլոր փորձերը խլացվում էին արմատից։[7]

Նույնը վերաբերում է ռազմական և քաղաքացիական անվտանգությունը պայմանավորող այլ ոլորտների, մասնավորապես՝ առաջին անհրաժեշտության ենթակառուցվածքային ցանցերի (էլեկտրականության, ջրի, գազի) կանոնավոր աշխատանքին հանրապետության տարածքում։ Վաղուց արդեն ակնհայտ է, որ դրանց մշտական դարձած լայնածավալ խափանումների պատճառները նույնպես համակարգային են։ Բանն այստեղ այն չէ, որ ենթակառուցվածքների զարգացումը հետ է մնում երկրի ընդհանուր զարգացումից, այլ այն, որ հանրապետության, առաջին հերթին՝ Երևանի տարածքների վայրագ՝ կոմպրադորական յուրացումը հախուռն՝ որևէ ընդհանրական պլանի չենթարկվող զանգվածային շինարարության միջոցով, որի ընթացքում ենթակառուցվածքների խնդիրը հետևողականորեն անտեսվում է, ընդհանրապես կապ չունի իրական զարգացման հետ։

Հատկանշական է (և դրանով իսկ ավելի մտահոգիչ), որ այս հարցում «նախկինների» և «այսօրվանների» միջև մեծ տարաձայնություններ չեն նշմարվում։ Գուցե այն պատճառով, որ այդ երկու ընտրախավերի ակնառու ներկայացուցիչների բիզնես շահերը եթե չեն համընկնում, առնվազն արմատապես չեն հակասում միմյանց։ Եվ դա նշանակում է, որ հասարակությունը ցնցող ճգնաժամային իրավիճակի ռացիոնալ իմաստավորման արժանահավատ փորձ դժվար է սպասել ինչպես գործող քաղաքական, այնպես էլ տնտեսական ընտրախավերից։

Հայաստանյան հասարակությունը մոտենում է այն վտանգավոր գծին, որի մասին ժամանակին խոսել է Առնոլդ Թոյնբին, զգուշացնելով, որ քաղաքակրթությունները երբեք չեն կործանվում զուտ արտաքին մարտահրավերների հարվածների տակ։ Նրանք ինքնասպան են լինում, քանի որ երկրի թուլացած և հղփացած ընտրախավերը իրենց մեջ ուժ և ցանկություն չեն գտնում հասարակությունը՝ մարտահրավերին համապատասխան, ներքինից կերպափոխելու համար և գերադասում են պահպանել իրենց արտոնյալ դիրքերը հավերժացնող status quo-ն մինչև վրա հասնի վերջնական կործանումը։

Միայն համընդհանուր ճգնաժամի գիտակցումը կարող է սթափեցնել հայաստանյան հասարակությանը և սկիզբ դնել նրա ներքին վերակառուցմանը։[8]

Ինչպե՞ս է հնարավոր խոսել և ո՞վ պետք է խոսի այդ մասին։

Մինչ-հետարդիական միամտություն կլիներ չափազանցված հույսեր կապել քաղաքացիական հասարակության շահերն արտացոլող հանրային ոլորտի հետ, որի կառուցվածքային այլափոխումը մեր օրերում գնալով ակնհայտ է դառնում։ Մանավանդ որ 29 հազար կիլոմետրանոց Հայաստանի համար առաջարկվող սիմբիոտիկ սոցիալական մոդելը՝ հենված ողջ հասարակության վրա տարածված ընտանեկան հարաբերությունների և կոշտ էտատիզմի տարօրինակ փոխթափանցման վրա, շատ տեղ չի թողնում իրական քաղաքացիական հասարակության համար՝ վերջինս հանգեցնելով սահմանափակ նպատակներ հետապնդող ակտիվիստական խմբերի անցուդարձին։

Եվ այնուամենայնիվ, դաշտը, որում հնարավոր է աշխատել, քաղաքացիական հասարակությունն է և նրա հանրային ոլորտը, որը սակայն պետք է ընկալվի լայն իմաստով՝ որպես ողջ հայաստանյան հասարակության համակարգային խնդիրներով և ապագայով մտահոգված քաղաքացիների ինտելեկտուալ բանավեճի հարթակ։ Բարդությունները շատ են։ Սակայն, գոյություն ունեցող դժվարությունների գիտակցումը չի կարող կասկածի տակ դնել հայաստանյան հասարակության կրկնակի ճգնաժամի իմաստավորման անհրաժեշտությունը։

Ընթերցողին ներկայացվող այս գիրքը նպատակ ունի հանրային քննարկում սկսել այն կոնկրետ մեխանիզմների վերաբերյալ, որոնք պայմանավորել են երկու փոխկապակցված՝ ռազմական և հասարակական տապալումները։ Առաջին փուլում բանավեճը պետք է լինի հանրային, բայց ոչ զանգվածային՝ չբովանդակազրկվելու և պարզ լեզվակռվի չվերածվելու համար։ Հիմնական հարցադրման վերաբերյալ որոշակի կոնսենսուսի նվաճումից և շահագրգիռ մասնակիցների շրջանակի ձևավորումից հետո այն կարող է ընդլայնվել, ներգրավելով հանրության ավելի լայն շերտեր՝ այդ թվում նաև որոշումներ ընդունող և այլևայլ ընտրախավերի ներկայացուցիչներին։


[1] Ըստ գիրքը հրատարակման պատարաստելու օրերին ստացված տեղեկության, Հանձնաժողովը նախատեսում է իր ավարտական զեկույցը Ազգային ժողովին ներկայացնել 2024-ի նոյեմբերին։ Տե՛ս https://shorturl.at/mmubi, այց` 15.10.2024:

[2] Խոսքը չի վերաբերում պատերազմին մասնակցածների անհատական ճակատագրերի ողբերգականության վերապրմանը և իմաստավորմանը, որը հոգեբանորեն ընդունելի թեմա է մեզանում։ Այդ խնդրին նվիրված գրականության կարևոր նմուշներից տե՛ս Աղասի Թադևոսյան, Պատերազմը մասնակիցների պատմություներում մարդաբանական հետազոտություն, Երևան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, 2022։

[3] Բաց, որի պատճառով մինչ օրս շարունակվում են անպտուղ վեճերն այն մասին, թե ովքեր են Առաջին պատերազմի իրական հերոսները և շրջանառվում է զավեշատական թեզն այն մասին, թե իբր այս կամ այն կարևոր ռազմական գործողությունն իրականացվել է առանց ՀՀ քաղաքական ղեկավարության իմացության։

[4] Իմաստ ունի արձանագրել, որ ստատուս քվոյի պահպանումը բանակում ածանցյալ է ստատուս քվոյի պահպանումից ողջ երկրում։

[5] Սեպտեմբերյան հարձակումներից հետո Հայաստանը զերծ մնաց ոչ միայն Ղարաբաղին որևէ նյութական օգնություն տրամադրելուց, այլև Ղարաբաղը Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանող դիվանագիտական քայլերից, նշում է Վ․ Չըթըրեանը։

[6] Հասկանալի է, որ այդ դրույթն ընդունելու դեպքում Կ․ Հարությունյանի մուտքի հոդվածում առաջադրված բազմաթիվ հարցերի քննությունը սկզբունքորեն բացառվում է։

[7] Պատերազմի դասերն անտեսելու վկայություն է պաշտպանության ոլորտի բարձրագույն պաշտոնյաներից մեկի հայտարարությունը, որ հանրապետության սահմաններին մինչև 2026 թիվը կառուցվող ամրոցների շղթայի շնորհիվ մեծապես աճելու է սահմանին կանգնած զինվորների պաշտպանվածությունը (https://armenpress.am/hy/article/1200161, այց` 15.10.2024)։ Այս թեզն ուղղակիորեն հակասում է Չըթըրեանի վերլուծականում ներկայացված փորձագիտական եզրակացությանը, ըստ որի` 44-օրյա պատերազմում տապալման պատճառներից մեկն եղել է «ստատիկ պաշտպանության» ռազմավարությունը, որը նկատի չի ունեցել, որ գրոհի ժամանակակից միջոցների համար պաշտպանվող տարածքի խորքը նույնքան խոցելի է, որքան առաջնագիծը։

[8] Նման վերականգման հաջողած դեպքեր պատմությունից հայտնի են։ Այսպես, Պրուսական պետությունը Ֆրանսիայից կրած ջախջախիչ պարտության հետևանքների հաղթահարմանը հետամուտ է եղել հումբոլդտյան համալսարանի հղացքի ներմուծմամբ, որի հիմքում ընկած էր ազգի անցած ճանապարհի ստեղծագործական իմաստավորման սկզբունքը։ Նպատակն էր ապաքինել գերմանական ժողովրդին՝ «հոգևոր ուժերով փոխարինելով այն, ինչ կորցվել է ֆիզիկապես»։ Տե՛ս Սիրանուշ Դվոյան, «Բարձրագույն կրթական ավանդույթը հայաստանում․ երկու հարացույց», Վերամտածելով համալսարանական ավանդույթը Հայաստանում, Երևան, ՀՀՀԿ, 2021, էջ 38։

Մեկնաբանել