Դավիդ Ֆերերը՝ Փարիզի մասթերսի չեմպիոն

Աշխարհի 4-րդ ռակետ իսպանացի Դավիդ Ֆերերը Փարիզի մասթերսի եզրափակչում 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց մրցաշարի մեծագույն անակնկալ դարձած լեհ Յեժի Յանովիչին ու իր կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճեց մասթերս կարգի մրցաշարարեի չեմպիոնական տիտղոս։

Հիշեցնենք, որ Յանովիչը, ով Լեհաստանի պատմության մեջ մասթերս կարգի մրցաշարերում լավագույն արդյունքը ցուցադրեց՝ քառորդ եզրափակիչ դուրս գալով, Փարիզում պայքարից դուրս էր թողել բրիտանացի Էնդի Մարեյին և սերբ Յանկո Տիպսարևիչին։

Հանդիպումը տևեց 1 ժամ 27 րոպե, այդ ընթացքում Ֆերերն ընդամենը 13 գնդակ հաղթեց ակտիվ գործողությունների շնորհիվ, իսկ Յանովիչը՝ 27: Փոխարենը, իսպանացին շատ ավելի քիչ չհարկադրված սխալ թույլ տվեց՝ 12, Յանովիչը 43 անգամ սխալվեց, ինչն էլ ճակատագրական դարձավ լեհ թենիսիստի համար: