Եվրամիության խոշորագույն բանկը՝ բրիտանական HSBC-ն ԱՄՆ-ին $1,5 մլրդ տուգանք կվճարի փողերի լվացման մեղադրանքով, հաղորդում է ամերիկյան Sky News-ը:
Այսպիսով գումարը, որը բանկը պատրաստ էր վճարել խուսափելու պաշտոնական հետաքննությունից, շուրջ երկու անգամ ավելացել է:
HSBC-ն խնդրի կարգավորման համար ավելի վաղ պահուստավորել էր $700 մլն: Սակայն ԱՄՆ իշխանությունները գումարն ավելացրել են ևս $800 մլն-ով:
Հունիսին ԱՄՆ Սենատը բանկին մեղադրել է հաճախորդների նկատմամբ թույլ վերահսկողության մեջ, ինչը հանգեցրել է ԱՄՆ ֆինանսական համակարգ հանցավոր բազմաթիվ խմբերի անօրինական գործունեությունից ստացված մեծածավալ գումարների մուտքին: Զեկույցը կազմվել է բանկի ներքին 1,4 մլն փաստաթղթերի վերլուծության, ինչպես նաև 75 աշխատակիցների հարցումների հիման վրա:
«HSBC-ում անարդյունավետ մոնիթորինգի համակարգը հանգեցրել է մեքսիկացի նարկոբարոնների կողմից եվրոպական առաջատար այս բանկը շուրջ 7 տարի որպես փողեր լվացման աղբյուր օգտագործելուն»,-նշում են սենատորները: Ըստ բրիտանական Daily Telegraph-ի՝ 2007-2008թթ. բանկի Մեքսիկայի մասնաճյուղերով փոխանցվել է $7 մլրդ:
Ամերիկացի սենատորները վստահ են, որ այս գումարների զգալի մասը թմրանյութրեի վաճառքով զբաղվողների անօրինական եկամուտներն են: Ավելին՝ HSBC կասկածելի գործարքներ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Իրանում, Սաուդյան Արաբիայում, Մեքսիկայում և Սիրիայում: Բացի այդ՝ բանկը Մերձավոր Արևելքի երկրներում գործարքներ է իրականացրել արմատական իսլամիստների հետ առնչություններ ունեցող ֆինանսական կառույցների հետ:
Ուշագրավ է, որ HSBC-ի շուրջ սկանդալը թեժանում է այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգը հայտնվել է ուշադրության կենտրոնւմ: Իրադրությունը ավելի է սրվել պայմանավոված նաև Մեծ Բրիտանաիայի և ԱՄՆ իշխանությունների կողմից ամերիկյան Barclays-ին $453 մլն-ով տուգանելու հետևանքով՝ միջբանկային LIBOR տոկոսադրուքյի մանիպուլացման մեղադրանքով: