Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա, Պուտինի հետ կստորագրի ռազմավարական փաստաթուղթ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր ժամանել է Մոսկվա՝ Ռուսաստանի հետ կնքելու ռազմավարական գործընկերության համապարփակ համաձայնագիր, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների՝ փաստաթուղթը բացի նախաբանից ունի 47 հոդված, որոնք վերաբերում են բազմաթիվ ոլորտների։ Փաստաթուղթը ստորագրելու են երկու երկրների նախագահները՝ Մասուդ Փեզեշքիանն ու Վլադիմիր Պուտինը։

Իրանական պատվիրակությունը առանձին հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Բացի այդ, Փեզեշքիանը հարցազրույց է տալու ռուսական հեռուստատեսությանը։

Փեզեշքիանը նախագահի պաշտոնում առաջին անգամ է մեկնում Մոսկվա։ Մինչ այդ նա 2024-ի հոկտեմբերին մասնակցել էր Կազանում անցկացված BRICS-ի գագաթնաժողովին։

Փեզեշքիանը Մոսկվա կատարելիք այցից առաջ Տաջիկստանում էր, որտեղ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Մեկնաբանել