Հայաստանը կկարողանա հրաժարվել ռուսական միջուկային վառելիքից. նախկին փոխնախարար

Մեծամորի ատոմակայանը։

Արշալույս Մղդեսյան

«Այսօր աշխարհում միջուկային վառելիքի մատակարարի փոփոխության գործընթացը տեղի է ունենում բոլոր այն երկրներում, որտեղ կան խորհրդային դիզայնի ատոմակայաններ»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ գծով նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ նշելով Բուլղարիայի, Չեխիայի և այլ երկրների օրինակները։

2025-ի հունվարի 14-ին Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի էներգետիկ անկախությանը՝ ներառյալ քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի զարգացմանը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց «123-րդ համաձայնագրի» շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Սա ԱՄՆ-ի Ատոմային էներգիայի մասին օրենքի 123-րդ բաժնի համաձայն կնքվող երկկողմ պայմանագիր է, որը թույլ է տալիս ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների և սարքավորումների արտահանումը գործընկեր երկրներ։ ԱՄՆ-ն նմանատիպ համաձայնագրեր ունի արդեն 48 երկրների հետ։

«Եթե երկու-երեք տարի առաջ Հայաստանում որևէ մեկն ասեր, որ կարելի է միջուկային վառելիքի մատակարարին փոխել, բոլորը կծիծաղեին և կհամարեին դա անմտություն»,- նշում է Վարդանյանը՝ ավելացնելով, որ միջուկային վառելիքի մատակարարման շուկայում տեղի են ունենում զգալի փոփոխություններ։ Կան երկրներ, որոնք հրաժարվել են Ռուսաստանից մատակարարվող միջուկային վառելիքից` հօգուտ ամերիկյան մատակարարի։

Մեծամորի ատոմային էլեկտրակայանը շահագործման է հանձնվել 1976-ին։ 1988-ի երկրաշարժից հետո՝ 1989-ին, անվտանգության նկատառումներով այն դադարեցրել է աշխատանքը։ 1995-ին վերագործարկվել է ատոմակայանի երկրորդ բլոկը՝ էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար, իսկ 1-ին բլոկը կոնսերվացվել է։ 2021-ին՝ վերազինումից հետո, ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036։ ՀԱԷԿ-ը՝ շուրջ 400 Մվտ հզորությամբ մեկ էներգաբլոկով ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ ⅓-ը։

Հայ-ամերիկյան գործակցությունը միջուկային ոլորտում առարկայական հիմքերի վրա է դրվել դեռ 2022-ի մայիսին, երբ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

2024-ի օգոստոսին ՍիվիլՆեթին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին»։ Այս համաձայնագիրը կարող է ճանապարհ հարթել Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան կառուցելու համար, որը կփոխարինի Մեծամորի ԱԷԿ-ին։

Հակոբ Վարդանյանի խոսքով, Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ նման փոփոխությունները հնարավոր են նույնիսկ արտակարգ պայմաններում։ Ուկրաինական ատոմակայանները, որոնք Հայկական ատոմակայանի նման օգտագործում էին ռուսական միջուկային վառելիք, հաջողությամբ անցել են ամերիկյան Westinghouse ընկերության վառելիքին։ «Այս անցումը տեղի է ունեցել ֆանտաստիկ արագ ժամանակահատվածում»,- ընդգծում է նա։

Ուշագրավ է Ֆինլանդիայի Լովիսա (Loviisa) ատոմակայանի փորձը, որը նույն տիպի է, ինչ հայկական և ուկրաինական ատոմակայանները։ Վարդանյանը բացատրում է, որ Լովիսայի դեպքում արդեն իսկ եղել է Westinghouse-ի վառելիքին անցնելու փորձ, ինչը հետագայում օգտագործվել է Ուկրաինայի պարագայում։

Թեև վերազինումից հետո Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036-ը, սակայն նոր, ժամանակակից ատոմակայանի կառուցումը մնում է Հայաստանի կառավարության էներգետիկ խնդիրներից մեկը։ Կառավարության համար թե՛ միջուկային վառելիքի մատակարարման այլընտրանքների ստեղծումը, թե՛ նոր տեխնոլոգիաներով ատոմակայանի կառուցումը դիտարկվում են որպես ռազմավարական նշանակության խնդիրներ՝ հաշվի առնելով ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանից ունեցած մեծ կախվածությունը։

Մեկնաբանել